Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Որոշ թրքահպատակների դժբախտություն է պատճառել սովետական բանակի հաղթանակը Մեծ Հայրենականում». Էդուարդ Շարմազանով

«Որոշ թրքահպատակների դժբախտություն է պատճառել սովետական բանակի հաղթանակը Մեծ Հայրենականում». Էդուարդ Շարմազանով
107
Այսօր, 22:24

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլ նաև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց՝ ի պատիվ Մեծ Հայրենականի հայ հերոսների։
Տեղեկացա, որ հանրային տիրույթում քննարկվում է անվանափոխել Լենինգրադյան փողոցը՝ վերանվանելով այն Քըրք Քըրքորյան փողոցի։
Քըրք Քըրքորյանը անշուշտ հայ ազգի երևելի զավակներից է։
Քըրք Քըրքորյան փողոց Երևանին անշուշտ անհրաժեշտ է ու այն պետք է լինի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։
Տարբերակները, եթե կարիք լինի, կարող եմ հուշել։
Բայց Երևանում անկասկած պետք է մնա նաև Լենինգրադյան փողոցը՝ որպես ֆաշիզմի ու նացիզմի դեմ անկոտրուն պայքարի խորհրդանիշ։
Ավելին. հարկ է նշել, որ հայ ժողովրդի զավակներ Հովսեփ Օրբելին/Էրմիտաժի ղեկավար/,ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովն ու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի պաշտպանության սիմվոլներից են։
Կարծում եմ, որ անհրաժեշտ է մայրաքաղաքում ունենալ նաև Ստալինգրադի փողոց /եթե դեռ չկա/, որը կխորհրդանշի ֆաշիզմի դեմ հաղթանակն ու հայ ժողովրդի փրկությունը հնարավոր թուրքական ներխուժում-հարձակումից։
Անհերքելի փաստ է, որ Ստալինգրադի ճակատամարտի պարտության ելքի արդյունքում թուրքական 750.000-1 մլն զորամիավորումը պատրաստվում էր հարձակվել նաև Հայաստանի վրա։
Թե դրանից հետո ի՞նչ կմնար Հայաստանից, դժվար չէ պատկերացնել։
Հասկանում եմ, որ որոշ թրքահպատակների դժբախտություն է պատճառել սովետական բանակի հաղթանակը Մեծ Հայրենականում, բայց այդ հաղթանակը նախ ազատագրեց ողջ Եվրոպան նացիզմից, և նաև հայ ժողովրդին հնարավորություն տվեց իր հայրենիքում հզորացնել Հայոց Երկրորդ հանրապետությունը, որը հիմք հանդիսացավ 1991-ի սեպտեմբերի 21-ին հիմնադրել Հայոց Երրորդ Հանրապետությունը։
Տեղեկացնեմ, որ նույնիսկ Փարիզում կա Ստալինգրադի հերոսամարտի հրապարակ, իսկ Բրյուսելում՝ Ստալինգրադի պողոտա»: