«Արդյո՞ք 2020թ. պատերազմի զոհերի վիճակագրության մեջ հաշվարկվել են նաև ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերը». Սամվել Ֆարմանյան
126
Այսօր, 00:12
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախ, մեծագույն ամոթ ու չմոռացվող խարան է, որ ՀՀ իշխանությունները 2020թ. պատերազմից 5 տարի անց էլ չեն ներկայացրել ու հանրայնացրել այդ պատերազմի և հետագա ողբերգությունների ժամանակ մեր ունեցած զոհերի անվանական ցանկը: Հայկական կողմի զոհերի թվաքանակի վերաբերյալ քաղաքական «շահարկումները» (հանրային խոսույթում ու մամուլում պատերազմի ավարտից ի վեր 5000 թիվն է շրջանառվում, իսկ իշխանությունները պնդում են դրա ուռճացված լինելը), հետևանք է երկու պարզ հանգամանքի. նախ կառավարությունը չի հրապարակել մեր զոհերի անվանական ցանկը, ու երկրորդ, որ ոչ միայն այս, այլ որևէ թեմայով Նիկոլի ու նրա կառավարության խոսքերի վերաբերյալ առաջին միտքը, որ հանրության գլխում առաջանում է՝ կասկածն ու թերահավատությունն է: Տարիներ առաջ մի տաքսու վարորդ իդեալական ձևակերպեց. Նիկոլը, որ քեզ բարի լույս ասի, առաջինը պիտի ստուգես, հո արդեն իրիկուն չի՞: Գալով բուն հարցին՝ մեծագույն խնդրանք ունեմ մեր լրագրողներին, օգնելու վերջնական պարզություն մտցնել այս հարցում: 2021թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ իշխանությունները իրենք հայտարարել են, որ 2020թ. պատերազմում ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի քանակը եղել է 3781, իսկ 283-ը համարվել են անհետ կորած: Միևնույն ժամանակ, այն ժամանակվա արցախյան իշխանությունները հայտարարել են, որ 2020թ. պատերազմում զոհվել է ԼՂՀ քաղաքացիություն ունեցող 822 քաղաքացի, իսկ 65-ը համարվել են անհետ կորած (կից սքրինշոթ -2): Հաշվի առնելով, թե, ցավոք, ինչիպիսին էր անհետ կորածների ճակատագիրը, ստացվում է, որ միայն 2020թ. պատերազմի ժամանակ հայկական կողմի մարդկային կորուստների ընդհանուր քանակը կազմել է առնվազն 4951: Թեև չեմ պնդում, բայց ունեմ մեծագույն կասկած, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմի ավարտից հետո իր «+-50» անբարոյական տրամաբանության մեջ միտումնավոր շրջանառության մեջ դրվել է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի թվաքանակը, ու հենց այստեղ է ընկած խաբեության ու մանիպուլյացիայի արմատը: Մինչդեռ, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերի հանրագումարը ճիշտ այն է, ինչ տարածված է մեր հանրային խոսույթում: Չհաշված, իհարկե 2022թ. ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած 224 զոհերը, և ապա 2023թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերի քանակը՝ 223, ինչը Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի թիվը դարձնում է 5000-ից էլ ավելի՝ 5074: Մեր լրագրողներին խնդրում եմ օգնել՝ ճշտելով ու ստուգելով, թե արդյո՞ք Նիկոլի ու կառավարության կողմից ներկայացված 2020թ. պատերազմի զոհերի վիճակագրության մեջ հաշվարկվել են նաև ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերը, թե անգամ զոհերի հարցում է խտրականություն դրել: Նաև 2022թ. ադրբեջանական ներխուժման և 2023թ. պատերազմի ժամանակ մեր ունեցած զոհերը ներառվա՞ծ են իր ու իր կառավարության կողմից հաճախ բերվող այդ «վիճակագրության» մեջ: Խաղաղ պայմաններում ու անփույթ կառավարման արդյունքում մեր ունեցած տասնյակ ցավալի զոհերի մասին ուղղակի լռենք»: