«150 մլն եվրո նոր վարկից քանի՞ միլիոնն եք տրամադրելու Նիկոլի խրախճանքին»․ Սևակ Հակոբյան
171
Երեկ, 21:06
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայաստանի կառավարությունն այսօր երկու որոշում կայացրեց, որոնք ինձ ստիպեցին վերհիշել ամենաբարձր երկու պաշտոնյաների երկու հայտարարությունները։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է, թե՝ Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում․ և Վահագն Խաչատուրյանի ելույթը, թե՝ մեր երկրում փողի խնդիր չկա։
Կառավարությունը որոշեց նոր վարկ վերցնել՝ 150 մլն եվրո։ Ձևակերպել են որպես բյուջետային աջակցության վարկ։ Այսինքն, Փաշինյանի կառավարությունը վարկ է վերցնում, որ բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնի․ բյուջեի փողը չի հերիքում, հույսը վարկն է։ Էս վերցվող վարկից անգամներով շատ գումար ծախսել են անիմաստ բաների վրա, ավելորդ ծախսեր են արել՝ իմանալով, որ ավելի կարևոր ծրագրերի համար փող չկա։ ԱԱԾ-ի 7 նոր ավտոմեքենան, որոնց համար ծախսվեց 200 հազար դոլար, որքանո՞վ էր հրատապ։ Կամ 820 հազար դոլար ծախսեցին սգո օրերին տոնական համերգ անցկացնելու համար։ 120 հազար դոլար տվեցին ՆԳ նախարարի համար նոր ամենագնաց գնելու համար․ ասում է՝ ինչի՞ եք աղմուկ անում, սովորական գնում է։ Էդ Ձեզ համար է սովորական գնում, բայց 120 հազար դոլարանոց ավտոն հաստատ ՀՀ քաղաքացու համար սովորական չէ։ 110 հազար դոլար տալիս են ինչ-որ նորաձևության շաբաթի համար։ 133 հազար դոլար տալիս են ԱԺ դահլիճներից մեկը վերանորոգելու համար։ Էս ծախսերից ո՞ր մեկն էր հրատապ, կարո՞ղ է կառավարությունը բացատրել։ Երկրում օրը մի քանի սպանություն է լինում, ՆԳ նախարարությունը կինոների ոստիկանության նման հասնում է ամենավերջում․ ամենագնացը Արփինե Սարգսյանի ինչի՞ն է պետք․ եթե արդյունքներով գնահատեինք, պետք է էշով գնար գործի։ Հարկատուներն ասում է՝ մեր հաշվին միլիոններ եք տալիս մի նախարարի պադավատի համար, բայց նա, որպես մեր անվտանգության պատասխանատու, իր աշխատանքը չի կատարում։ Ոչ թե կատարում է վատ, թերացումներով, այլ չի կատարում ընդհանրապես։ Ու նման լիքը անիմաստ ծախսեր են անում․ Սամվել Կարապետյանինց ՀԷՑ-ը խլում են ու արբիտրաժային դատարանում պետք է պաշտպանվեն․ դրա համարպետական բյուջեից հատկացնում են 3,2 մլն դոլար։ Կառավարությունը կայացնում է որոշում, որը չունի հաշվարկներ պետության շահերի տեսանկյունից, զուտ նախընտրական, ՔՊ-ականներին աշխատանքով ապահովելու, գործարարին վախեցնելու, խլելու համար որոշում է կայացնում, հետո հարկատուների միջոցները վատնում է իր սխալ որոշումը միջազգային հարթակում պաշտպանելու համար։ Ու դա անում է արտաքին պարտք վերցնելով։ 600 հազար դոլարի կարգի տրամադրում են ինչ-որ երիտասարդական համաժողովի համար, 6 մլն դոլար՝ Ջենիֆեր Լոպես պարացնելու համար և այլն և այլն։ Տարվա ընթացքում սրանք անիմաստ, ոչ հրատապ բաների վրա մսխում են պետական բյուջեն ու կուտակում են պարտքեր։ Տարին մեկ միլիարդ դոլարից ավելի պարտք են վերցնում, որ բյուջեի պակասուրդը լրացնեն։ Ասում են՝ բացօդյա, ձրի համերգ էր ժողովրդի համար․ ինչն էր ձրի, եթե վարկ ես վերցնում, համերգ կազմակերպում ու էդ վարկը փակելու է ժողովուրդը։ Անիմաստ բաների վրա սաղ գումարները ծախսում են ու մնում վարկերի հույսին։ Նիկոլ Փաշինյանը երկրից դարձյալ բացակայում է, սա իր կարծեմ 20-րդ այցն է էս տարի, Մոսկվայից հետ գա՝ գնալու է Եվրոպա։ Կառավարությունը վերջերս լրացուցիչ 150 հազար դոլարի չափ հատկացրեց Նիկոլի արտերկիր այցերի համար, էնքան է ճամփորդում, որ բյուջեով նախատեսվածը պրծել է։ Բայց ո՞նց հերիքի, եթե էդ մարդը որ երկրի օդային տարածքով անցնում է, սամալյոտը իջեցնում է ու վատնում հարկատուների փողերը։ Վերջերս գնացել էր Ճապոնիա, հետ գալիս Մոնղոլիայի վրայով թռնելուց մի հատ էնտեղ էր իջել․ կարծեմ այդ երկիր նախկինում երբեք չի գնացել․ դե երևի ասել է ջհանդամը, ինչ իմանամ հաջորդ տարի վարչապետի աթոռին կլինեմ, թե, ասենք, գաղութում, իջի աէրոպորտ։ Մի քիչ մնացել է Մոնղոլիայում ու էլի նստել ինքնաթիռ, մի քիչ հետո պարզել էր Ղազախստանի վրայով է թռչում, ասել է՝ էստեղ էլ իջի։ Հետո գրառում է անում, թե Ճապոնիայից վերադարձին կարճատև կանգառներ ունեցանք Մոնղոլիայում և Ղազախստանում։ հասկանո՞ւմ եք իր այցերի տրամաբանությունը։ Էս մարդը ամբողջ էթիմով, ընտանիքով նստած է պետբյուջեի վրա, դրա համար էլ բյուջեն հերիք չի անում ու վերցնում են վարկեր։ Հիմա էս 150 մլն եվրո նոր վերցվող վարկից քանի՞ միլիոնն եք տրամադրելու Նիկոլի բարեկեցությանը, շրջագայությանը, խրախճանքին։ Կամ մի քանի օր առաջ էլ էլի կառավարության նիստում հաստատած 39 մլն եվրո վարկից քանի՞ միլիոնը գնաց թալանին, մսխելուն, անիմաստ ծախսերին։ 150 մլն եվրո վարկի նպատակի մեջ գրված է՝ բարելավել պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։ Կարող եք ժողովրդին համոզել, որ էս թվարկածս պետական ֆինանսների արդյունավետ կառավարման հետ կապ ունի՞»։