Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ԱՄՆ-ից ժամանած խմբի հետ պետք է համաձայնեցնենք անցուղու տեխնիկական լուծումները»․ Արարատ Միրզոյան

«ԱՄՆ-ից ժամանած խմբի հետ պետք է համաձայնեցնենք անցուղու տեխնիկական լուծումները»․ Արարատ Միրզոյան
94
Այսօր, 10:36

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։

Հարցին՝ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիրը։ Այդ ժամանակից ի վեր ի՞նչ առաջընթաց է գրանցվել, Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Հռչակագիրը, և այդ Հռչակագիրը ստորագրվեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ որպես վկա։ Եվ այդ Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ։ Նախ և առաջ նրանք ականատես եղան Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի և իմ կողմից Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։

Սա ինքնին շատ լուրջ հանգրվան էր։ Բացի այդ, այս Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է կարգավորվի հաղորդակցությունների հարցը։ Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերաբացումը, տարանցիկ կապերի վերագործարկումը։ Իսկ այդ սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների անխախտելիություն, երկրների ինքնիշխանություն, ինչպես նաև անցուղիների և վերականգնվելիք ու վերագործարկվելիք ենթակառուցվածքների նկատմամբ ազգային իրավազորության ճանաչում։

Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ՝ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում՝ նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։

Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ՝ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIPP, այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։

Ի՞նչ է TRIPP-ը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։

Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի»,- ասել է Միրզոյանը։

Հարցին՝ արդյո՞ք արդեն հայտնի է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին, Միրզոյանը պատասխանել է․«Մենք պայմանավորվել ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Այժմ մենք, Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին, պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը լեհական TVP World հեռուստաալիքին