«Սա սրբապղծության հերթական դրսևորումն է»․ Արմեն Հովասափյան
134
Այսօր, 13:48
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն ամբողջովին մտել է գոյաբանական ու արժեհամակարգային մի փակ ցիկլի մեջ՝ իրեն դնելով Մոնտեսքյոյի և Մաքիավելիի հետ համադրության մեջ։ Նա փորձում է հասարակության համար մշակել նոր կացութաձևեր, վարքաբանական կոդեր ու տրակտատներ՝ կարծես պետությունն ու ժողովուրդը լաբորատոր փորձարարական դաշտ լինեն։ Այսօր էլ հայտարարում է, թե ինքը «իդեալի, երազանքի և ապագայի վերարժևորման» մեջ է։ Ըստ «նիկոլական տեսության՝ Հայաստանը մինչև իր այս «փրկչական հայտնության» պահը «խրված է եղել անցյալի ու ապագայի ինչ-որ կետում»։ Այսինքն՝ ըստ նրա՝ ժողովուրդը սխալ ուղղությամբ է ապրել, սխալ իդեալներ է ունեցել և սխալ պատկերացումներ է կրել հայրենիքի, ազգային ինքնության ու պատմական հիշողության մասին։ Այս նույն տրամաբանության մեջ էր նաև նրա վերջին հայտարարությունը, թե՝ «ինչո՞ւ պիտի Չորաթանի երեխաները նկարեն Մասիսը, այլ ոչ թե իրենց անտառներն ու լեռները»։ Սա ոչ միայն պարզունակ գաղափարական մանիպուլյացիա է, այլև սրբապղծության հերթական դրսևորում։ Դեռևս Գիլգամեշն էր փնտրում ու ցանկանում տեսնել Արարատը (շումերենով՝ Մաշու լեռը․ նրանք «ս» հնչյունը չունեին, ուստի Մասու տարբերակին ասում էին՝ Մաշու)։ Արարատը հազարամյակներով եղել է ոչ միայն լեռ, այլ սրբազան խորհրդանիշ՝ ամբողջ հայության հոգևոր և պատմական ինքնության առանցքը։ Այսօր Նիկոլը խոսում է «երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու» անհրաժեշտության մասին, բայց իրականում որևէ հայ երբևէ հայրենիք չի փնտրել․ հայը վաղուց՝ դեռ 1920-ից, գտել էր իր հայրենիքը՝ այն նույն Հայաստանը, որի տարածքը մոտ 29 743 քառակուսի կիլոմետր է։ Եթե այսօր նա փորձում է շահարկել խորհրդային քարտեզներն ու 1988-ի սահմանների թեման, ապա դա ևս քաղաքական հաշվարկ է․ նա չի կարող բաց խոսել դրանց մասին, քանի որ Թուրքիայի առաջ խոնարհված քաղաքականության կրողն է։ Ասեմ՝ չես կարող, քանի որ դու միայն ՀՀ սահմանից ներս էս կարողանում «գոռալ»՝ իրավապահների ճնշման և վարչական ռեսուրսի մամլիչի վրա հենված, դրսում՝ միջազգային հարթակներում, դու «տնական կատու» էս՝ անզոր, լուռ ու վախկոտ։ Ավելին, Նիկոլի այս «գաղափարական վերարժևորման» փորձերը ոչ թե նոր իրականություն են ստեղծում, այլ խորացնում են արժեքային խզումը պետության և ժողովրդի միջև։ Նրա յուրաքանչյուր ելույթ, որը ներկայացվում է որպես «մտավոր հեղափոխություն» կամ «նոր մտածողություն», իրականում վկայում է ինքնության և պատմական հիշողության կորստի գործընթացի մասին։ Նրա համար հայրենիքի, սրբության և պատմության խորհրդանիշները դարձել են հարմար գործիք՝ սեփական իշխանական գոյությունը արդարացնելու և հանրային գիտակցությունը վերաշարադրելու համար։ Բայց այդ «նոր իդեալը» դատարկ է՝ զուրկ պատմական հենքից, հոգևոր բովանդակությունից և ազգային արժանապատվությունից։ Որքան էլ Նիկոլը փորձի գաղափարական տեսք տալ իր քաղաքական գոյապայքարին, դրա հիմքում ընկած է ընդամենը իշխանության պահպանումը՝ փաթեթավորված կեղծ փիլիսոփայական խոսույթով։ Փաստացի՝ Նիկոլի այսպես կոչված «երազանքի հայրենիքը» ոչ թե ապագայի, այլ խեղաթյուրված անցյալի նախագիծ է՝ մի անցյալ, որտեղ նա փորձում է վերաշարադրել արժեքները, մոռացնել սրբությունները և փոշիացնել ազգային հիշողությունը»։