«Թրամփի ներգրրավվածությունը` Գազայում պատերազմի դադարեցման ամենաէական գործոն». Արմեն Պետրոսյան
127
Այսօր, 19:48
Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գազայում պատերազմի դադարեցման հավանականության ամենաէական գործոնը՝ Թրամփի ներգրրավվածությունը։ Վերջին օրերին ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ակտիվորեն քննարկվում է 2023թ. հոկտեմբերից շարունակվող ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, որի շուրջ գործնական բանակցությունները մեկնարկում են այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Եգիպտոսում։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին շրջափուլի մեկնարկից ի վեր ամենօրյա պարբերականությամբ հետևելով դրա դինամիկային՝ հիշեցնեմ, որ անցած 2 տարիների ընթացքում հակամարտ կողմերի միջև ձեռք է բերվել հրադադարի 2 ծանրակշիռ պայմանավորվածություն, որոնք հետագայում խախտվել են ՈՉ ԹԵ ՀԱՄԱՍ-Ի, այլ Իսրայելի կողմից տվյալ պահին հնարավոր խնդիրների լուծման, տվյալ դեպքում՝ որոշակի թվով գերիների վերադարձից հետո։ Առաջին համաձայնությունը դեռևս 2023թ. նոյեմբերի 24-30-ին էր՝ Կատարի միջնորդությամբ։ Դրա արդյունքում ՀԱՄԱՍ-ն ազատեց մոտ 250 գերիներից 105-ին՝ 240 պաղեստինցու դիմաց, Գազայի հատված մուտք գործեց որոշակի ծավալի մարդասիրական աջակցություն։ Այնուհետև, չնայած տևական դիվանագիտական ջանքերին, այնուամենայնիվ, հրադարարի հաջորդ համաձայնությունը ձեռք բերվեց միայն 2025թ. հունվարի 19-ին՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելուց 1 օր առաջ։ Եվ դրան մեծապես նպաստեցին հենց ԱՄՆ նորընտիր նախագահի կոչերը՝ անմիջապես դադարեցնելու պատերազմը։ Մինչդեռ այս հրադադարը ևս չհանգեցրեց պատերազմի դադարեցման։ Գերիների և նրանց մարմինների փոխանակման մի քանի փուլերից, հումանիտար օգնության մի քանի խմբաքանակի մատակարարումներից հետո՝ մարտի 18-ին, Իսրայելը կրկին սկսեց ռազմական գործողությունները։ Եվ պատերազմը շարունակելու առանցքային հիմնավորումը պաղեստինյան խմբավորման կողմից պահվող 48 գերիների (որոնցից մոտ 20-ը, ենթադրվում է, որ ողջ են) վերադարձն էր։ Այսպիսով, ո՞րն է բովանդակային տարբերությունը նախորդ երկու հրադադարների և վերջինի միջև. միանշանակ, Դոնալդ Թրամփի ներգրավվածությունը։ Այլ բովանդակային տարբերություն չկա, քանի որ Իսրայելը դեռևս չի լուծել պատերազմի սկզբից իր առջև դրված առավելագույն խնդիրը՝ Գազայի ամբողջական օկուպացիան և ՀԱՄԱՍ-ի չեզոքացումը տարածաշրջանից։ Չի փոխվել նաև աշխարհաքաղաքական բարենպաստ իրվիճակը, որի արդյունքում անցած տարիներին Իսրայելը մի քանի մակարդակով բարելավեց սեփական անվտանգային միջավայրը։ Նեթանյահուի գլխավորած ծայրահեղական կառավարության համար, թերևս, որոշակի կաշկանդվածություն կարող են առաջացնել ներիսրայելական որոշ իրողություններ, մասնավորապես՝ պատերազմից հասարակության շրջանում աճող դժգոհությունները, գերիների հարազատների ճնշումները, 2026թ. տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները։ Հետևաբար, վերոնշյալ գործոնների առկայությունը, այնուամենայնիվ, դեռևս բավականաչափ նսեմացնում է Թրամփի ծրագրի իրագործման հետ կապված վստահությունը»։