«Ելույթս՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ հանդիպման ժամանակ»․ Էդուարդ Շարմազանով
151
Այսօր, 12:06
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «2020-ի հոկտեմբերի 12-ին տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։ «Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։ Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև նախապայմաններ դնել, զգացմունքային և թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը եւ հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում: Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից: Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ և հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։ Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման եւ միասնականության կոչ արեց եւ իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։ Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ՝ առաջացած կարիքները ճիշտ գնահատելու և նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, և մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով: Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված՝ «դավաճանների» մասին վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով: Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ 1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի և Արցախի գործող ղեկավարության վրա։ 2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.: Երևան, ՀՀ Կառավարություն։ Հ.Գ. Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։ Հետագայում տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։ Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին, որի հետևանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին և հազարավոր զոհեր: Ավելին. ինչպես մի քանի տարի առաջ գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ «նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։ Ավելի լավ է դուք մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո»: