Սկանդալային ձայնագրություններով հայտնի Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը կա՛մ անտեղյակ է, կա՛մ ստում է

ՄԱՄՈՒԼ․am-ը վերջին ամիսներին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, օրենքի խախտումների, գնումների մասին օրենքի շրջանցման վերաբերյալ 17 հոդված։
Խմբագրությունը հարցում է ուղարկել քաղաքապետ Տիգրան Ավինյանին, սակայն հարցմանը պատասխանել է՝ սկանդալային միջադեպերով և ձայնագրություններով հայտնի Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, ով նշել է․ «(...) լիազոր պետական մարմինների կողմից ԲԿ-ում (...) Ձեր հոդվածներում հիշատակված խախտումները չեն հայտնաբերվել» (մեջբերման ավարտը, Հարցման պատասխան № 10/130903-25)։ 
Պատասխանի բովանդակությունից ակնհայտ է, որ Դավիթ Կարապետյանը կամ ընդհանրապես տեղյակ չէ Նորք Մարաշ ԲԿ-ում տեղի ունեցած իրավական գործընթացներից, կամ՝ միտումնավոր սուտ տեղեկություններ է փոխանցում։
Այսպես։ Խմբագրությունն անդրադարձել էր և տեղեկացրել, որ Նորք Մարաշ ԲԿ-ն 2022 թվականից անցնում է քրեական մի քանի գործերով․ 66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում, բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ, շրջանցում է «Գնումների մասին» օրենքը, զանգով պատվերներ է կատարվել, վնասով է աշխատել և այլն։ Խնդրին անդրադարձել էր նաև «Հետք» լրատվականը և տեղեկացրել, որ ԲԿ-ում բացահայտումներ է կատարել նաև ՊՎԾ-ն, իսկ դեպքերի առիթով հարուցվել է քրեական 2 գործ։
Միաժամանակ ՄԱՄՈՒԼ.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դեպքերի մասով հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»։
Խմբագրությունը պարզել է, որ «Գնումների մասին» օրենքի շրջանցման դեպքերը բացահայտել է ՊՎԾ-ն, իսկ խախտումները վերաբերում են «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ պայմանագրին, որը պետք է մատակարարեր Medtronic և Abbott դեղապատ ստենտներ։
Ընդ որում Երևանի քաղաքապետարանը նախկինում ևս ժխտել է խախտումների առկայությունը և նշել․ «Նորք Մարաշ ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն (...) գնումներն իրականացվել են բացառապես ՀՀ գործող օրենսդրության շրջանակում՝ մրցակցային գնման ձևերով»։
Քանի որ Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքապետարանի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություն էր տրամադրել, նոր հարցում է ուղարկվել Երևանի քաղաքապետարան՝ նշելով ԲԿ-ին առանց գնման ընթացակարգերի ապրանքներ մատակարարած ընկերությունների տվյալները և պահանջել հայտնել, թե ի՞նչ ծավալի գնումներ են կատարել այդ ընկերություններից։ Ապացույցների ծանրակշիռ ազդեցության տակ, Երևանի քաղաքապետարանը հաստատել է, որ Նորք Մարաշ ԲԿ-ն գրության մեջ թաքցրել է առանց մրցույթի գնումներ կատարելու փաստը, նշելով՝ «այո՛, նմանատիպ գնումներ կատարվել են»։
Ընդ որում Երևանի քաղաքապետարարանն ուսումնասիրել է բաց մրցույթներից մեկը և հայտնաբերել կոպիտ խախտումներ․ 13 չափաբաժնից բաղկացած բաց մրցույթում ԲԿ-ն ապրանքների տեխնիկական բնութագրերը կազմել է խտրական և ոչ մրցակցային տարբերակով։ Աուդիտի եզրակացությունում կարդում ենք․ «Նորք Մարաշ ԲԿ-ի պատասխանատու ստորաբաժանումները կոպտորեն խախտել են «Գնումների մասին» օրենքի պահանջները՝ տեխնիկական բնութագրերում հղում են կատարել կոնկրետ ընկերությունների և ապրանքային նշանների»։
Ակնհայտ է, որ Նորք Մարաշ ԲԿ-ն առանց որևէ ընթացակարգի պատվերներ է տալիս մի շարք ընկերությունների․ զանգահարում է կոնկրետ ընկերության և խնդրում մատակարարել։ Ավելին, առանց հիմնավորումների, չեղարկում է մատակարարների պայմանագրերը, ներգրավում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերություններ, որոնց հիմնադիրները (իրական շահառուները) փոխկապակցված են կա՛մ ԲԿ տնօրինության, կա՛մ բուժանձնակազմի հետ։
Հավելենք, որ նմանատիպ միջադեպով, «Մեգիէլ» ՍՊԸ-ն բողոքարկել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցին ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգը (ՍՑ-ԼՕ-2022/261, ԳԲՔԱ-ՆԳ-2021/18, ՆՄԲԿ-ԲՄԱՊՁԲ-21/46), հայց է ներկայացրել Նորք Մարաշ ԲԿ-ի դեմ (ՍնԴ/1626/04/21) և ԲԿ-ն անմիջապես վճարել է մոտ 50 միլիոն դրամ։
Փաստացի, Երևանի քաղաքապետարանը հայտնել է պաշտոնական դիրքորոշում Նորք Մարաշ ԲԿ-ում (տնօրեն Միքայել Ադամյան) տեղի ունեցած և ունեցող խախտումներին, իսկ քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը «տեղյակ չէ» և պնդում է, որ «(...) լիազոր պետական մարմինների կողմից ԲԿ-ում (...) Ձեր հոդվածներում հիշատակված խախտումները չեն հայտնաբերվել»։
Հիշեցնենք, որ Նորք Մարաշ ԲԿ-ում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, չարաշահումների, օրենքի շրջանցման դեպքերի մասին բոլոր հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին
38727.07.2026, 17:18
«Մասնագետները պնդում են, որ ԱՆ-ն համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները»․ Արթուր Դանիելյան
44427.07.2026, 09:42
Անաֆիլակտիկ շոկ. ինչ անել
53526.07.2026, 23:48
Բժիշկները հազարավոր տզեր են հայտնաբերել չինացի բնակչի աչքերում
184424.07.2026, 23:41
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում
88224.07.2026, 13:36
Աշխարհի մարդկանց ավելի քան 30%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ. ՄԱԿ
444822.07.2026, 00:52
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ
150920.07.2026, 12:18
Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել
179418.07.2026, 13:18