Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

Նորք Մարաշ ԲԿ-ում ստենտների բիզնեսը ծաղկում է․ սրտաբան Քրիստինե Պողոսյանը որոշում է ստենտավորել, իսկ ամուսինը ստենտ է մատակարարում

Նորք Մարաշ ԲԿ-ում ստենտների բիզնեսը ծաղկում է․ սրտաբան Քրիստինե Պողոսյանը որոշում է ստենտավորել, իսկ ամուսինը ստենտ է մատակարարում
132
Այսօր, 11:42

ՄԱՄՈՒԼ.am-ը շարունակում է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ սրտաբանականում ողբերգական մահերի, բուժանձնակազմի՝ էթիկայից դուրս վարքագծի, կասկածելի գնումների դեպքերը։

Ինչպես նշել էինք նախորդ հրապարակումներում, Պետական վերահսկողության ծառայությունը բացահայտել էր «Գնումների մասին» օրենքը շրջանցելու դեպք։

Խմբագրությունն ուսումնասիրել է հրապարակային փաստաթղթերը և պարզել, որ Նորք Մարաշ ԲԿ-ն խզել է «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը և դեղապատ ստենտների («Medtronic») նոր մատակարար է ներգրավել «Բոնանզա» ՍՊԸ-ին, որը պատկանում է նույն ԲԿ-ի՝ սկանդալային ձայնագրությունով հայտնի սրտաբան Քրիստինե Պողոսյանի ամուսին՝ Դավիթ Պալյանին։

Բոնանզա ՍՊԸ, իրական շահառուների (Դավիթ Պալյան) մասին պետական գրանցման վկայագիրը
Բոնանզա ՍՊԸ, իրական շահառուների (Դավիթ Պալյան) մասին պետական գրանցման վկայագիրը
Արձանագրություն 2, ՆՄԲԿ-ԳՀԱՊՁԲ-23/44 ծածկագրով գնման ընթացակարգի հանձնաժողովի նիստ, 30.05.2023
Արձանագրություն 2, ՆՄԲԿ-ԳՀԱՊՁԲ-23/44 ծածկագրով գնման ընթացակարգի հանձնաժողովի նիստ, 30.05.2023
Արձանագրություն N2, ՆՄԲԿ-ԳՀԱՊՁԲ-23/61 ծածկագրով գնման ընթացակարգի հայտերի բացման հավելված, 08․09․2023
Արձանագրություն N2, ՆՄԲԿ-ԳՀԱՊՁԲ-23/61 ծածկագրով գնման ընթացակարգի հայտերի բացման հավելված, 08․09․2023

Ավելին, բողոքարկման հանձնաժողովի նիստերից մեկի ձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ գործընթացը կազմակերպվել է հանրության համար վտանգավոր ընթացակարգով․ «(․․․) ապրանքն արտադրվում է 80 օրում, մատակարարվում՝ 120 օրում։ Տվյալ կազմակերպությունը լուծարում է մի պայմանագիր, որի ապրանքները Հայաստանում չկան։ Որտեղի՞ց է ձեռք բերելու այդ ապրանքները և ի՞նչ է լինելու հիվանդների հետ։ Սակայն, օրեր անց, առանց պայմանագրի, մատակարարվել են այն ապրանքները, որոնք լուծարված են տվյալ պայմանագրով (ՍՑ-ԼՕ-2022/261, տեսանյութի 37-րդ րոպեից

Փաստացի, Նորք Մարաշ ԲԿ-ն 2023թ․ (անհայտ տևողությամբ և քանակով), բուժառուներին սպասարկել է առանց պայմանագրի, անհայտ ծագման, առանց փորձաքննության բժշկական սարքերով, որոնց ձեռքբերման մասին պաշտոնական աղբյուրներում տեղեկություններ չկան։

Խմբագրությունը պարզաբանում է խնդրել Նորք Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանից, սրտաբան Քրիստինե Պողոսյանից, նրա ամուսին Դավիթ Պալյանից։

Վերջինը խուսափել է հարցմանը պատասխանելուց, իսկ Միքայել Ադամյանն ու Քրիստինե Պողոսյանը չեն հերքել տեղեկատվությունը՝ նշելով․ «(...) ձեզ իրավունք չեն վերապահում տեղեկատվություն պահանջել» (Քրիստինե Պողոսյան), «(...) տեղեկություններ հավաքելու և օգտագործելու համաձայնություն տվյալների սուբյեկտը Ձեզ չի վերապահել» (Միքայել Ադամյան)։

Սրտաբան Քրիստինե Պողոսյանի պատասխանը
Սրտաբան Քրիստինե Պողոսյանի պատասխանը
Նորք Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանի պատասխանը
Նորք Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանի պատասխանը

Քանի որ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հայտնի է փաստեր թաքցնելու, ակնհայտ կեղծ տեղեկություններ տրամադրելու վարքով (օրինակ՝ Նորք Մարաշ ԲԿ-ն թաքցրել է առանց մրցույթի գնումներ կատարելու փաստը, ինչը հաստատել է Երևանի քաղաքապետարանը), խմբագրությունն ուսումնասիրել է նաև ԲԿ-ի 2025թ․ գնումները։ Պարզվում է, որ Քրիստինե Պողոսյանի ամուսնու ընկերության կողմից ստենտների մատակարարման ծավալները Նորք Մարաշ ԲԿ-ին արդեն կազմում է 900 հատ՝ 75 միլիոն դրամ արժեքով։

Արձանագրություն N2, ՆՄԲԿ-ԷԱՃԱՊՁԲ-25/64 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նիստի, գնացուցակ
Արձանագրություն N2, ՆՄԲԿ-ԷԱՃԱՊՁԲ-25/64 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նիստի, գնացուցակ
Արձանագրություն N2, ՆՄԲԿ-ԷԱՃԱՊՁԲ-25/64 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նիստի
Արձանագրություն N2, ՆՄԲԿ-ԷԱՃԱՊՁԲ-25/64 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նիստի

Այսպիսով, փաստացի, երբ Քրիստինե Պողոսյանը բուժառուին ստենտավորելու որոշում է կայացնում, իրացնում է ամուսնու մատակարարած ստենտը, որի դիմաց վճարում է քաղաքացին, կամ՝ պետությունը։ Ակնհայտ է, որ որքան շատ ստենտ տեղադրվի բուժառուներին, այնքան շատ կմատակարարվի։

Բացի այդ, փաստաթղթերից ակնհայտ է, որ փոքր ծավալներով մատակարարներ են նաև «Պրոֆտեստ» և «Ար-Մեդիկա» ՍՊԸ-ները, իսկ Արթուր Մելքնյանը և Արտյոմ Հայրապետյանը որպես դրանց իրական շահառու գրանցվել են՝ 2021 և 2018 թթ, ինչը համընկնում է Նորք Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանի նշանակման հետ։ Ավելին, ԲԿ-ում խմբագրության աղբյուրները հայտնում են նաև, որ տնօրեն Միքայել Ադամյանն անուղղակի մասնակցություն ունի վերոնշյալ, ինչպես նաև այլ ընկերություններում (Ա/Ձ-ներ), որոնք ԲԿ-ին մատակարարում են խալաթներ, պլաստիրներ և այլ պարագաներ (չճշտված, ստուգվում է)։
Բժշկական խալաթների և պլաստիրների մրցույթներին և ձեռքբերմանը կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նորք Մարաշ ԲԿ-ն 2023 թվականին(ից), բազմաթիվ բուժառուների սպասարկել է առանց պայմանագրի և փորձաքննության ձեռք բերված ստենտներով, կոչ ենք անում ընթերցողներին, կապ հաստատել խմբագրության հետ, եթե Ձեր հարազատները 2023-2025 թթ․ ստենտավորվել են ԲԿ-ում և ունեցել բարդություններ, կամ անդառնալի հետևանքներ։

Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է 14 հոդված՝

1) «Մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ»,

2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,

3) «Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին,

4) «Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին,

5) Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին,

6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան,
7) «Մի երկու օրից անե՞նք էդ ստենդը», «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք»․ սրտաբան Քրիստինե Պողոսյան․ հերթական սկանդալը՝ Նորք Մարաշ ԲԿ-ում (տեսանյութ),

8) Քրեական գործերի, կասկածելի գործարքների և խախտումների տակ կքած Միքայել Ադամյանը մեղադրում է լրատվամիջոցին՝ իրական փաստեր հրապարակելու մեջ,

9) «Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան,

10) 66 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում,

11) Նորք Մարաշ ԲԿ-ն գովազդում է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծած սրտաբան Կարեն Կուրդովին,

12) «Նորք Մարաշ ԲԿ-ի վիրաբույժ Վրեժ Հովակիմյանն ամուսնուս հասցրեց անդառնալի կետի, իսկ ինքը մեկնեց արտերկիր՝ Նոր տարի նշելու»․ քաղաքացին՝ ամուսնու մահվան միջադեպի մասին,

13) Նորք Մարաշ ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը, զանգով պատվերներ կատարում, իսկ Երևանի քաղաքապետարանը կոծկում է, ապա՝ հաստատում խախտումները,

14) «Վրեժ Հովակիմյանի մեղքով հասա մահվան բերան ու մնացի մեկ ոտքով». Արայիկ Անդրեասյան։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։