Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Արգիշտի Մեխակյանը բռնվել է ստի մեջ»․ Լիա Սարգսյան

«Արգիշտի Մեխակյանը բռնվել է ստի մեջ»․ Լիա Սարգսյան
198
Այսօր, 14:18

Լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Արգիշտի Մեխակյանը բռնվել է ստի մեջ․
Վաղարշապատի համայնքապետի ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը տհաճ իրավիճակում է հայտնվել և «ջրից չոր» դուրս գալու համար ակնհայտ սուտ է խոսել։ Մեխակյանի մանկապատանեկան դրսևորումներն ու շփոթված պահվածքը վկայում է, որ նա անլուրջ, անպատասխանատու և անպատրաստ քաղաքական գործիչ է։
«Իշխանություն» լրատվականը արձանագրել էր, որ ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ Խոյ խոշորացված համայնքի Դողս գյուղում «կերուխում» և «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել։ Այս հրապարակումներից հետո լրագրողը Մեխակյանից հետաքրքրվում է, թե այդ ի՞նչ «կերուխում» էր կազմակերպվել՝ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն պատասխանում է․ «Ես համոզված եմ, որ ոչ մի խախտում չկա, ընդամենը մեկ լրագրողի հայտարարություն էր, որը հետո խմբագրվել է։ Ես ընդամենը հրավիրված եմ եղել»։ Սա բացահայտ սուտ է, քանի որ Մեխակյանը ոչ միայն ներկա էր, այլև բեմից ելույթ էր ունենում, ըստ էության՝ քարոզարշավ էր անում։
Բացի այդ, քարոզարշավի առաջին օրը մենք հրապարակել էինք ևս մեկ տեսանյութ, որտեղ համայնքային աշխատողները, համայնքապատկան մեքենայով, արգելված վայրում փակցնում էին քարոզչական պաստառներ։ Այդ փաստին արձագանքելով՝ Մեխակյանը կրկին ստել է, թե «նման բան չկա», սակայն տեսանյութը խոսում է հակառակի մասին։
Այսպիսով, ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը բռնվել է ստի մեջ․ նա փորձում է հերքել այն, ինչ ակնհայտ է և փաստագրված։
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Իշխանություն» լրատվականի հրապարակած տեսանյութերի հիման վրա հանցագործության մասին երկու հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր Դատախազություն։ Իոաննիսյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ երկու տեսանյութերում էլ առկա են քրեական օրենսգրքով արգելված արարքներ։
«Տեսանյութից ակնհայտ է, որ համայնքային միջոցներով են փակցվում պաստառները, ընդ որում՝ արգելված վայրերում։ Ինչ վերաբերում է Դողսում տեղի ունեցած միջոցառմանը, ապա մենք այստեղ հստակ արձանագրել ենք բարեգործության և քարոզչության մեկտեղման դրսևորումներ, ավելին՝ համայնքապետի թեկնածուն մասնակցում է բարեգործական միջոցառմանը և փորձում է հանդես գալ բարեգործության հետևում կանգնած մարդ, ինչը առերևույթ քրեական օրեսնգրքով արգելված արարք է»,-ասաց նա։
Գլխավոր դատախազությունից «Իշխանություն» լրատվականին ասացին, որ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի կողմից՝ Վաղարշապատում մեկնարկած համայնքապետի ընտրությունների քարոզարշավում «բարեգործական միջոցառում կազմակերպելու» վերաբերյալ ներկայացրած հաղորդումը ՀՀ դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Հիշեցնենք, որ Դողսում կազմակերպված «բարեգործությանը» մասնակցում էին Արմավիրի մարզի իշխանական ներկայացուցիչները, այդ թվում՝ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Այդ միջոցառման ընթացքում երեխաներին բաժանվեցին նվերներ, իսկ մեկին տրվեց 10.000 դոլարի չափ գումար։ Նվերները բաժանում էին «բարեգործը» և ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Լյուդվիգ Յայլոյանը։ Բեմից ելույթ ունեցավ նաև Արգիշտի Մեխակյանը, շնորհակալություն հայտնեց «բարեգործին» և ասաց․ «Ես շատ ուրախ եմ, որ մեր ծանոթությունը հիմք հանդիսացավ էլ ավելի մեծ թափով շարունակելու Ձեր բարերարությունն ու բարեգործությունը»»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան