Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ռազմական գնումների» հանելուկը. ո՞ւր է «անհետացել» 6,35 միլիարդ դոլարը «Չգիտե՞ք, թե ինչ ենք արել 8 միլիարդը․․․ ասում ա՝ նայում եմ ձեզ, ձեր մեքենաներին․․․ չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո։ Որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարող է տանել և ցույց տալ պարտքով գնած զենքերը, եթե իր խոսքին չեն հավատում ընդդիմադիրները։ «Իշխանություն» լրատվականը հետաքննությունն է իրականացրել և պարզել, որ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած՝ ստում է։ Անկախ աղբյուրների տվյալները Փաշինյանի այդ հայտարարությունը դնում են լուրջ կասկածի տակ։ Խոսքերի և թվերի հակասություն է առաջանում, երբ ուսումնասիրում ենք Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալները, որոնք հիմնված են Հայաստանի կողմից ՄԱԿ-ին ներկայացվող պաշտոնական հաշվետվությունների վրա։ Վերջին հինգ տարիների ընթացքում ռազմական գնումների պատկերը․ 2020-2024 թթ․ Հայաստանը զինտեխնիկա է ձեռք բերել ընդամենը 9 անգամ՝ 4 տարբեր երկրներից։ Ըստ բաց աղբյուրներում տեղ գտած զինտեխնիկաների արժեքի մասին տեղեկությունների՝ բոլոր գնումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,65 մլրդ ԱՄՆ դոլար։ Իրական գնումները. 1,65 մլրդ, և ոչ թե 8։ Որպեսզի հասկանանք մասշտաբների տարբերությունը, սա է հիմնական գնումների պատկերը. 2020թ.՝ 4 «Սվաթի» ռադար Հնդկաստանից (40 մլն դոլար) և 4 Մի-17 ուղղաթիռ Ռուսաստանից (24 մլն դոլար): 2022թ. «Կոնկուրս» հակատանկային համալիրներ Հնդկաստանից (41 մլն դոլար): 2023թ. Ֆրանսիայից 3 GM-200 ռադար (45 մլն դոլար) և 24 զրահամեքենա (9,6 մլն դոլար) և Հնդկաստանից 15 «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ (720 մլն դոլար) ու դրանց համար նախատեսված 400 «Ակաշ-1» հրթիռներ (600 մլն դոլար)․ ընդամենը՝ 1,33 մլրդ դոլար: 2024թ. 36 «CAESAR 155» մմ ինքնագնաց հրանոթ Ֆրանսիայից (216 մլն դոլար): Նույնիսկ հաշվի առնելով հնարավոր թաքնված կամ չհաշվառված մանր պայմանագրերը, ծախսերի այս ընդհանուր ծավալը՝ 1,65 մլրդ դոլարը 5 տարվա ընթացքում, անհամեմատելի է կառավարության ղեկավարի կողմից նշված պարտքի աճի՝ 8 միլիարդ դոլարի հետ: Ֆինանսական հանելուկ. Ո՞ւր են մնացած միջոցները: Հենց այստեղ առնվազն կասկածելի է, թե ինչպես է ՀՀ-ն կուտակել այդքան պետական պարտք։ Եթե վերցնենք 2018 թվականը որպես մեկնակետ, երբ պետական պարտքը կազմում էր մոտ 6 մլրդ դոլար, ապա վերջին 8 տարիների ընթացքում այն աճել է 8 միլիարդ դոլարով՝ հասնելով 14 միլիարդի։ Աճած պարտքից հանելով զինատեսակների վրա ծախսված 1,65 մլրդ դոլարը՝ մենք ստանում ենք մոտ 6,35 մլրդ դոլար պակաս գումար: Այս հսկայական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ մանրամասն, պաշտոնական հաշվետվություն հասարակությունը մինչ օրս չի տեսել: Պաշտոնական բացատրության և միջազգային ինստիտուտների տվյալների միջև եղած հակասությունը կասկածի տակ է դնում իշխանության ֆինանսական քաղաքականության թափանցիկությունը: Իշխանությունները պետք է պատասխանեն հետեւյալ հիմնարար հարցերին՝ եթե պարտքի 8 միլիարդ դոլարն ամբողջությամբ չի օգտագործվել զինատեսակների գնման համար, ապա ո՞ւր են ուղղվել մնացած միջոցները: Ինչո՞ւ հասարակությունը տեղեկացված չէ այդ բազմամիլիարդանոց ծախսերի մասին»: