Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան

«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան
52
Երեկ, 23:30

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «ԱՐԵՒՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ... Դժվար է մի կողմ դնել հուզական պահը և փորձել հարցին քննադատաբար վերաբերվել։ Ձև թափել՝ ասես քարտեզը քոնը չի։ Այդուհանդերձ, մի քանի ներքին և արտաքին՝ ուժերիս ներածին չափով սթափ նկատառում անեմ:
1) Հետաքրքիր հոգեբանական ֆենոմեն է։ Քարտեզը, որը զայրացնում է շատերին գազարագույն շքանշանի տեսքով, միանգամից Մերն ու Միակն է դառնում, երբ նկարված է ադրբեջանական քարոզչական պաստառի վրա։ Ինչ ուզում եք ասեք՝ այս սահմաններով ՀՀ-ն էլ է արդեն դարձել մերն ու հարազատը։ Ինչը չի նշանակում, թե Մեծ Հայքը էլ հարազատ չի։ Բայց մենք/դուք սիրում ե(ն)ք այս երկիրը։ Այս քաղաքական նախագիծը, տունը... Դա է պատճառը, որ այսքան չարանում ենք։ Միանշանակ, այդ 29 հազար եսիմ քանի կմ-ն ստիպել սիրելը Ալիեւի մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան Նիկոլ Փաշինյանի։
2) Քսան տարուց ավելի Ալիևի և իր հենարան Փաշաևների կլանի լեգիտիմության արմատները խրված էին «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և «հետ բերենք մեր հողերը» նարատիվի մեջ։ Այսօր այս խնդիրը լուծված է։ Թերևս պետք է ինչ-որ նոր կռվան, նոր երազ ու նպատակ։
Ստեղ պետք է հստակ հիշել, որ Ադրբեջանում գաղափարային հարթակում իշխող ռեժիմը ունի երկու ընդդիմություն՝ շիական իսլամը և պանթյուրքիզմը։ Երկուսի դեմ պայքարում էլ պետք է շատ զգույշ լինել։ Երկուսի դեմ հաջող պայքարի միայն մի ձև կա՝ ադրբեջանական օրակարգը, անդրբեջանական ինքնությունը, nation building:
Ուշադրություն դարձրեք՝ թե թյուրքիզմը, թե շիիզմը վերազգային, վերպետական գաղափարներ են, և ադրբեջանցիներին առաջարկում են լինել ինչ-որ շատ մեծ բանի մի մասը։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկուսն էլ միջին ադրբեջանցու ինքնության կարևոր բաղադրիչներն են, հետևաբար, այն չես կարող հիմնովին արգելել։ Ի՞նչ է անում Ալիևը։ Ճիշտ է, այս երկու ուղղություններին հակադրում է ազգայինը։ Ազգայինն իր մեջ կարող է համադրել թե թյուրքիզմը, թե շիիզմը և միևնույն է՝ մնալ ուրույն։
Տեսեք, այնտեղից, որտեղից գալիս է շիիզմի գաղափարը, այսինքն Իրանում, նա մտցնում է ազգային՝ հարավային Ադրբեջանի գաղափարը, իսկ Թուրքիայի հետ կապող գծի վրա՝ Արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Միասին սրանք դառնում են մեծ Ադրբեջանի մասին ազգակերտող երազ։ Ավելին, թյուրքիզմին նա հակադրում է պնդումը, որ, իհարկե լեզուն լեզու, բայց մենք՝ ադրբեջանցիներս, էն գլխից ստեղ ենք եղել։ Մենք բնիկ ենք։ Սա ֆունդամենտալ հակասություն է պանթյուրքիզմի հետ։ Եվ Ալիևը գիտի, թե ինչ է անում։ Nation building այդ թվում և մեր հաշվին, ի հակադրություն և որպես պաշտպանիչ վահան շրջապատի երկու նախկին կայսրություններից։
3) Էսքան երկար պատմեցի, որպեսզի նաև հարցին փորձեք վերևից նայել և ի վերջո հասկանանք, որ дело не в нас. Ասել է թե՝ մենք մեզ խելոք պահենք, թե չէ, հարցը դրանից չի լուծվի։ Առհասարակ, ես միշտ եմ կրկնել, որ խաղաղության, ինչպես նաև պատերազմի, մեր բոլոր ծրագրերը ունեցել են խորը թերություն։ Մենք ասես երբեք հաշվի չենք առնում դիմացինի գոյությունը։ Նրա սուբյեկտ լինելը։ Նրա ցանկությունները, երազներն ու նպատակները։ Ականջդ կանչի Կարեն Վարդանյան։ Ասում էր՝ մեր ազգը ակվարիումի ձուկ ա։ Բաց ծովի մասին միայն լսել ա։
4) Արդյո՞ք մեր իշխանությունները գիտակցում են վերը նշվածը։ Դժվար տենց խորացված հասկանան։ Բայց դա թերևս կարևոր էլ չի։ Քանի որ կարևոր է միայն այն, թե ինչ կարող են անել։ Իսկ ես ոնց նայում եմ, կարճաժամկետ առումով շատ բան անել չեն կարող։ Բայց երկարաժամկետ առումով կարող են։ Գետնի վրա ռազմական պաշտպանության մակարդակի մասին լռեմ։ Դա պարզա։ Աշխատել Իրանի և (այո) Թուրքիայի հետ։ Հասկանալ, որ Ալիևի ազգակերտումը վաղ թե ուշ այս երկու երկրների հետ որոշակի հակասության մեջ ա մտնելու։ Իրանի հետ արդեն բացահայտ մտած է։ Աշխատել միջազգային կառույցների հետ։ Գիտակցել, որ կողքի երկրում սերունդ է մեծանում, որը ոչ միայն տարածքային պահանջներ է ունենալու քո երկրի նկատմամբ, այլ նաև իր ինքնության մասն է համարելու քոնը։
5) Ալիևը, այո, ունի նաև կարճաժամկետ ծրագրեր։ Իր ձեռագիրը պարզ է։ Նա աճպարարություն է անում միջազգային օրենքների, կանոնների և նարատիվների հետ։ Հիշենք, թե ինչպես էին ադրբեջանցի «էկո ակտիվիստները» ի նշան խաղաղության թափահարում սատկած աղավնուն։ Հետևաբար այս հարթակում նրան փորձել հաղթել ազնվությամբ պարզապես խնդալու կլինի, լավագույն դեպքում էլի կլինենք «նեղացած խեղճը»։ Պետք է սովորել և հասկանալ՝ ինչպես լինել իրենից ավելի ցինիկ, իրենից ավելի աճպարար, և մի կողմ դնել քիթը տնկած ինքնասիրությունը։ Թե բա՝ մենք չենք իջնի նման նողկալի դաշտ։ Հենց պիտի իջնենք, իրա մի ֆոկուսին, երկու ավելի ցինիկ ֆոկուսով պատասխանենք։ Ձևերը չգիտեք, զանգեք Բենյամին Նեթանյահուից մաստեր կլաս խնդրեք։ Եթե դուք բուսակեր եք, դա դեռ չի նշանակում, որ վագրը ձեզ չի ուտի։ Եթե դուք ձեզ խելոք ու ազնիվ եք պահում, դա չի նշանակում, որ ձեր գլուխը չեն կտրի։ Բայց մեծամիտ գեղի շուստրիին էլ չեն խնայի։
6) Այսպես մինչև ե՞րբ, կհարցնեք դուք։ Աստված տա՝ հավերժ։ Պետությունները գոյությունը պահպանում են, քանի դեռ լուծում են իրենց առջև ծառացած խնդիրները։ Անվերջ վազել, որպեսզի մնալ տեղում։
Եթե ձեր բոլոր հարցերը լուծված են, անվտանգության խնդիրներն էլ հարթված են, ուշադիր նայեք ձեր ձեռքերին ու ոտքերին, հավանաբար ինչ-որ այլ տերության կամ վերազգային կառույցի շղթաներ եք հագել։ Պարզապես չեք նկատել։
Թերևս այսքանը...
Նկարի համար ներողություն եմ խնդրում։ Համացանցից է»։

«Պետք է սովորել և հասկանալ` ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան
«Պետք է սովորել և հասկանալ` ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան
Աղբյուրը`   Լիաննա Խաչատրյան