«Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջինն էր հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։
Այս հեռախոսազրույցը քաղաքական առումով նշանակալի էր, քանի որ տեղի է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում կուտակված լարվածության և ռուսական շուկա հայկական արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների ֆոնին։
Հատկանշական է, որ Պուտինի հետ զրույցին նախորդել էին Փաշինյանի հեռախոսազրույցները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (հուլիսի 22) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի (հուլիսի 25) հետ։ Եվրոպական գործընկերների հետ շփումները, ըստ երևույթին, չեն տվել այն արդյունքը, որը կարող էր մեղմել ռուսական շուկայի սահմանափակումները։ Այդ պայմաններում Մոսկվային դիմելը դարձել է ոչ այնքան քաղաքական ընտրություն, որքան օբյեկտիվ անհրաժեշտություն։
Պաշտոնական Երևանի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը բարձրացրել է հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը՝ ընդգծելով, որ դրանք հակասում են ինչպես հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։
Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, բացահայտում է լրիվ այլ առաջնահերթություն։ Ռուսական կողմը կրկին օրակարգ է բերել Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցը։ Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ չորս երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության տրամաբանությունը և շեշտել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ հստակեցնելու, թե երկիրը ռազմավարական որ ուղղությունն է ընտրում՝ Եվրամիությո՞ւնը, թե՞ ԵԱՏՄ-ում շարունակությունը։
Ի պատասխան Փաշինյանը փաստացի ընդունել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացն առայժմ գործնական փուլում չէ՝ նշելով, որ հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոմիությանը։
Սակայն նույնիսկ այս զգուշավոր դիրքորոշումը որևէ տեսանելի արդյունք չի տվել։ Հեռախոսազրույցից հետո ոչ մի հայտարարություն չի հնչել արտահանման սահմանափակումների վերացման կամ մեղմացման մասին։
Ավելին, Կրեմլի հաղորդագրությունը նույնիսկ չի հիշատակել տնտեսական խնդիրները՝ դրանով իսկ հստակ ցույց տալով Մոսկվայի առաջնահերթությունը։
Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք։ Սա արդեն հերթական դեպքն է, երբ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Միջպետական հարաբերությունների պրակտիկայում նման լռությունը հազվադեպ է պատահական լինում և, որպես կանոն, քաղաքական ուղերձ է պարունակում։
Հեռախոսազրույցի բովանդակությունը ակնհայտորեն շարունակությունն էր ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման և Աստանայի հայտարարության քաղաքական տրամաբանության։ Մոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։
Ավելին, Աստանայի փաստաթուղթը նախատեսում է, որ մինչև 2026 թվականի դեկտեմբեր ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը պետք է զեկույց ներկայացնի Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։ Սա արդեն ոչ թե նախազգուշացում է, այլ կոնկրետ ժամկետներով գործընթաց։
Այսպիսով, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը չդարձավ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարման մեկնարկը։ Ընդհակառակը, այն վերահաստատեց, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ, իսկ տնտեսական խնդիրներն արդեն այդ ճգնաժամի ամենատեսանելի դրսևորումներից են։
Մոսկվան ակնհայտորեն պատրաստ չէ առաջնորդվել Երևանի տնտեսական դժվարություններով կամ քաղաքական բացատրություններով։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանից ակնկալել ոչ թե հավաստիացումներ, այլ հստակ և վերջնական ռազմավարական ընտրություն։
Москва слезам не верит. երեկվա հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
16911:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
11708:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
15401:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
15800:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
15200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
134Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
113Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
249Երեկ, 22:36