Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ»․ Արմեն Աշոտյան

«Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ»․ Արմեն Աշոտյան
46
Այսօր, 12:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից. «ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՐԿ ԸՆԴՍԻՄՈՒԹՅԱՆԸ
Խորհրդարանի նոր գումարման աշխատանքների մեկնարկին ընդառաջ ևս երկու գաղափարով կիսվեմ խորհրդարանական ընդդիմության հետ: Քանզի ԱԺ մանդատները վերցնելու որոշումը հիմնավորվում էր նաև պառլամենտական գործիքակազմը օգտագործելու հնարավորությամբ, ընդդիմությանը առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ:
1.Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում պետական միջոցների չարաշահումների, վարչական ռեսուրսի օգտագործման և արտաքին միջամտությունների փաստերը քննող հանձնաժողով:
Այս քայլով քաղաքական օրակարգում ինստիտուցիոնալ արտացոլում կստանա իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու ընդդիմադիր խոսույթը:
Օգտագործելով ԱԺ լծակները, հնարավոր է նոր փաստեր և հանգամանքներ բացահայտել այս ուղղությամբ: Կարևոր է նաև ԵՄ նոր առաքելության (հենց ընտրությունների ընթացքում) գործունեության հետ կապված լույսի սփռում: Հիշեցնեմ, օրինակ, EURONEWS-ի սկանդալային ռեպորտաժը՝ սոցիոլոգիական հարցումների հետ կապված:
Անշուշտ, այդ հանձնաժողովի գործառույթների, մանդատի, ոլորտների հետ կապված պետք են լրացուցիչ քննարկումներ, բայց կարծում եմ, որ հաստատ արժե նման քայլ անել նոր ԱԺ-ում:
2.Քննիչ հանձնաժողով ստեղծելու մեկ այլ հիմնավորում, մեկ այլ ուղղություն կարող է լինել Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Հաշվի առնելով պրոբլեմի ահռելի և աննախադեպ ծավալները, մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը բավարար չէ (եթե անգամ զբաղվի այս խնդրով) հարցի լիարժեք և ամբողջական ուսումնասիրման համար:
Ավելին, ԱԺ-ում նման հանձնաժողովի ստեղծումը ինստիտուցիոնալ քայլ կարող է լինել այս խնդրի քաղաքական, հանրային և միջազգային արտացոլումների համար:
Ակնհայտ է նաև, որ այդ քննիչ հանձնաժողովը կարող է կորիզ լինել հասարակական, հանրային, քաղաքացիական մյուս նախաձեռնությունների համար, որ գոյություն ունեն դաշտում:
Մի խոսքով, հուսով եմ, որ այս առաջարկությունները կարող են օգտակար լինել թե խորհրդարանական ընդդիմության, թե քաղաքական օրակարգում ԱԺ հնարավորությունները կապիտալիզացնելու տեսանկյունից»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան