Ուրբաթ, 31 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Տավուշում արցախցիներին չեն տնավորել»․ Ոսկան Սարգսյան

«Տավուշում արցախցիներին չեն տնավորել»․ Ոսկան Սարգսյան
57
Այսօր, 17:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում արցախցիներին չեն տնավորել.
2025թ․ օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։ 2023թ-ին բռնագաղթված արցախցիները ինչպե՞ս են տնավորվել Տավուշի մարզում, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Ն․ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը ի՞նչ աշխատանքներ է կատարել Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված արցախցիներին աշխատանքով ապահովելու, նրանց համար կենցաղային նորմալ պայմաններ ստեղծելու, արցախցիներին տնավորելու համար։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2023 թվականի աշնանը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներից 780 ընտանիք՝ 2970 անձ բնակություն է հաստատել Տավուշում։ Տավուշի մարզպետի աշխատակազմի տվյալներով՝ 2023թ․ սեպտեմբերից հետո, անցած 2 տարի և 10 ամիսների ընթացքում Տավուշում հաստատված 780 ընտանիքներից ներկայումս Տավուշի բնակավայրերում ապրում է 525 ընտանիք,255 ընտանիք հեռացել է Տավուշի մարզից։ 2023 թվականին Տավուշի մարզում բնակություն հաստատված 2970 անձանցից, այժմ մարզում մնացել է 1848-ը,1122 անձ հեռացել է Տավուշից։ Վիճակն առավել վատ է արցախցիներին տնավորելու, բնակարաններով ապահովելու գործում։ Հունիսի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե Տավուշի մարզում հաստատված արցախցի քանի՞ ընտանիք է բնակարանային ապահովման պետական ծրագրով Տավուշում բնակարան ձեռք բերել, մարզի որ համայնքում՝ արցախցի քանի ընտանիք։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արմեն Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան պետական լիազոր մարմնին»: Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի՝ Տավուշի մարզպետը, նրա գլխավորած աշխատակազմը պարտավոր են լրագրողիս հայտնել, թե Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական ծրագրով բնակարաններով ապահովելու խնդրով ո՞րն է համապատասխան լիազոր մարմինը։ Եթե Տավուշի մարզպետն ու իր աշխատակազմն այդ կարևոր խնդրի մասին տեղեկատվություն չունեն, ինչո՞ւ են իրենց անտեղյակության, վատ աշխատանքի համար ՀՀ պետական բյուջեից մեծ աշխատավարձեր և տարեկան շուրջ 65 միլիոն դրամ պարգևավճարներ ստանում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան