Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան

«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
36
Այսօր, 17:24

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին կրկին ակտիվացել է Բաքվի կողմից ստեղծված և ֆինանսավորվող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման:
Սևանավանքի նկարով այդ կառույցը տարածել է հաղորդագրություն, որ պետք է ուսումնասիրեն «Զանգյազուրի, Դարալագյազի և Գյոքչայի» ալբանական ժառանգությունը:
Փաստորեն, Հայաստանի պետությունը ինչքան զիջումների է գնում, Ադրբեջանը ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման:
Ի դեպ, ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքել են արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկումը, երբ դրա ընթացքում հիշատակվել են Լեռնային Ղարաբաղի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները․․․
Քննարկման մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել է, որ նիստին ներկա են Արցախի խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։
Բայց ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը քննարկման մեկնարկից մոտ կես ժամ անց: Որպես հեռանալու պատճառ նրանք նշել են քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես «Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ», «Արցախի խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ» և նման այլ արտահայտություններ։
Աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Մարիամ Պողոսյանը հայտարարել է, որ իրենք բազմիցս ասել են, որ Հայաստանում երկրորդ պետություն չեն հանդուրժի, հետևաբար հայտարարությունը, թե՝ «ներկա են Արցախի պաշտոնյաները», իրենց համար անընդունելի է:
Քննարկմանը ներկա միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը արձագանքել է, թե այս միջադեպն իրեն հիշեցրել է միջազգային կառույցներում ադրբեջանցիների վարքը։
«16 տարի է Ադրբեջանի դեմ վարույթներում եմ, հենց առաջին գործերից Ադրբեջանը պահանջում էր Եվրոպական դատարանից չօգտագործել Արցախի հայկական անվանումները, պետական, հանրային մարմինների փաստաթղթերը։ Հենց առաջին օրվանից Եվրոպական դատարանը մերժել է, որովհետև գործում էր հանրային իրավունքը, Եվրոպական դատարանը նույնիսկ Արցախի դատարանների որոշումներն է ճանաչել լեգիտիմ ակտեր և դրանց հիման վրա որոշումներ կայացրել։ Գուցե զուգահեռս տեղին չէր, բայց կարծում եմ՝ կան աղերսներ»,- ասել է Ղազարյանը:
Հ. Գ. Թե բա՝ Արցախը Հայաստան է և վերջ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան