Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
22
Այսօր, 03:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նյու Յորքում կայացող ՄԱԿ ԳԱ շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հանդիպումը Իրանի նախագահ Փեզեշկիանի հետ։ Հաղորդագրությունը մեղմ ասած բավականին համեստ ու սառն է, ինչը թերեւս վկայում է երկկողմ հարաբերության մեջ առկա այն հանգամանքները եւ խնդիրները, որոնց մասին նախօրեին ակնարկել էր Հայաստանում Իրանի դեսպանը՝ երեւանյան քննարկման ժամանակ։

Նկատեմ նաեւ, որ Շանհայի գործակցության կազմակերպության բիշքեկյան գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Իրանի նախագահին, ինչը իհարկե երկու հարեւան երկրների համար թերեւս ուշադրության արժանի դետալ է։ Այդ ֆոնին հետաքրքիր է, Նյու Յորքում հանդիպումը իրանյան կողմի՞ նախաձեռնությունն է, թե՞ Երեւանն է Բիշքեկից հետո ստացել Թեհրանի դժգոհության մասին ազդակներ եւ փորձել է մեղմել վերաբերմունքը՝ հանդիպում կազմակերպելով։

Բացառելի չէ եւ այն, որ Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի առավել աղաղակող չլինի դիսբալանսը՝ Էրդողանի հետ հանդիպման դեպքում։ Եթե Նյու Յորքում Փաշինյանը հանդիպեր Էրդողանի հետ, իսկ Իրանի նախագահի հետ՝ ոչ, ապա կստացվեր բավականին նկատելի դիսբալանս, քանի որ Երեւանը փաստորեն այդպիսով երկու խոշոր միջազգային առիթ բաց թողած կլիներ Իրանի հետ բարձր մակարդակի քննարկման համար։

Իսկ «ինդիկատորը», հայ–իրանական հարաբերության պարագայում, իրանյան կողմը թերեւս հստակ է ցուցել՝ ռազմավարական գործակցության համաձայնագրի ստորագրում, այնպես, ինչպես ստորագրել են մի շարք այլ երկրների հետ՝ գլխավորապես արտատարածաշրջանային, որոնց մի զգաի մասն Իրանի համար էքզիստենցիալ մարտահրավերի կրող են։ Եվ այդ պարագայում Թեհրանի այդ սահմանած դե ֆակտո չափանիշը հասկանալի է․ նվազագույն փոխվստահության երաշխիք է դիտվում նաեւ իրենց հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունենալը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան