Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան

«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
25
Այսօր, 16:42

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդացի Եկեղեցուն վերաբերվող հայտնի զեկույցը: Ասել, թե դա խայտառակ մի բան է, հավասար է ոչինչ չասելուն:
Այս փաստաթուղթը սովորական հրապարակախոսական նյութ չէ։ Այն պատրաստվել է պետական մարմնի կողմից՝ վարչապետի հանձնարարությամբ և, ինչպես հենց զեկույցում է նշված, բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրից։
Հետևաբար դրա նկատմամբ կիրառելի չափանիշը չի կարող նույնը լինել, ինչ լրագրողական հոդվածի, քաղաքական գործչի գրառման կամ մասնավոր անձի ուսումնասիրության նկատմամբ։
Պետությունը պարտավոր է տարբերակել փաստը պնդումից, ապացույցը՝ լուրից, իսկ իրավական կամ կանոնական հետևությունը՝ քաղաքական ցանկությունից։
Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զեկույցում այս սահմանները բազմաթիվ դեպքերում ընդհանրապես գոյություն չունեն։
Ավելին՝ փաստաթղթի հիմնական վտանգը նույնիսկ այն չէ, թե դրանում Գարեգին Բ-ի կամ առանձին հոգևորականների վերաբերյալ քանի պնդում է ճիշտ և քանիսը՝ սխալ։ Շատ ավելի լուրջ է այն նախադեպը, երբ գործադիր իշխանության համակարգում գործող կառույցը իրեն վերապահում է Եկեղեցու ներքին կանոնական հարցերի վերաբերյալ փաստերը հաստատելու, կանոնները մեկնաբանելու, գործող Կաթողիկոսի պաշտոնավարման անհամատեղելիությունը որոշելու և վերջապես Եկեղեցու իշխանության փոփոխության ճանապարհային քարտեզ առաջարկելու դեր։
Զեկույցի ամենակարևոր խնդիրը առանձին փաստական սխալները չեն։
Խնդիրը նրա ամբողջ կառուցվածքն է։
Պետական մարմինը փաստացի՝
1. հավաքել է Եկեղեցու ղեկավարության դեմ մեղադրանքները,
2. ընտրել է դրանցից իրեն հարմարները և դրանք համարել արժանահավատ,
3. մեկնաբանել է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնները,
4. որոշել է, որ դրանք խախտվել են,
5. որոշել է, որ խախտումները անհամատեղելի են Կաթողիկոսի պաշտոնավարման հետ,
6. և վերջում մշակել է գործող Կաթողիկոսի հեռացման ու նոր Կաթողիկոսի ընտրության ճանապարհային քարտեզ։
Այս պահից այլևս դժվար է փաստաթուղթը բնութագրել որպես ընդամենը բաց աղբյուրների ուսումնասիրություն։
Այն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը։
Նույնիսկ եթե ընդունենք, որ կանոնական խախտման վերաբերյալ նյութերը բավարար են հարց բարձրացնելու համար, դրանից դեռ ինքնաբերաբար չի հետևում, որ վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ը կարող է որոշել այդ խախտման հաստատված լինելը և դրանից բխեցնել գործող Կաթողիկոսի պաշտոնավարման անհամատեղելիությունը։
Պետք է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝ ո՞ր եկեղեցական մարմինն է իրավասու հաստատելու խախտումը, ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ ապացուցողական չափանիշով և ո՞ր մարմինն է իրավասու դրանից բխող կանոնական հետևանքը կիրառելու։
Զեկույցը փաստացի շրջանցում է այս ամբողջ շղթան։
Եվ սա այդ զեկույցի մասին ասելիքիս ընդամենը մի փոքր մասն է»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան