Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Օրենքի առաջ պատասխան են տալու զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք»․ «ՀայաՔվե»

«Օրենքի առաջ պատասխան են տալու զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք»․ «ՀայաՔվե»
40
Այսօր, 12:48

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմել և հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թիրախավորող մի զրպարտչական զեկույց, որը հիմնված է բանսարկությունների, մամուլի շինծու հրապարակումների և որոշ կարգալույծ հոգևորականների սուտ և անանուն մատնությունների վրա։ Սա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ։ Փաշինյանն ակնհայտ վերազանցել է իր լիազորությունները՝ կարգադրելով պատրաստել նմանօրինակ զեկույց, ՊՈԱԿ-ն էլ վերազանցել է իր լիազորությունները՝ կատարելով Փաշինյանի ակնհայտ ապօրինի կարգադրությունը։
• Ներխուժելով Եկեղեցու կանոնական հարցերի տիրույթ՝ թե՛ պատվիրատուն և թե՛ կատարողը կոպտորեն ոտնահարել են Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17-րդ, 18-րդ և 41-րդ հոդվածները, միջազգային տարբեր իրավանորմերի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունն ու պետությունից անջատ լինելու հանգամանքը։
Այս հակաիրավական ու հակաբարոյական զեկույցը նաև սպասարկում է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի օրակարգը, որի նպատակն է կազմաքանդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, խարխլել հայ ժողովրդի ազգային-հոգևոր ինքնության հզոր հիմնասյունը, նվաստացնել ողջ հայությանը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է այս հանցավոր գործողությունը և պահանջում ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին։
Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Սահմանադրության և օրենքի առաջ պատասխան են տալու ինչպես սույն զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք, այդ թվում՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, դրա անմիջական պատվիրատուները, այնպես էլ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրն ընդունած ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, քանի որ նշված զեկույցը բխում է հենց այդ ծրագրի հակասահմանադրական դրույթներից։ Պատասխանատվությունը լինելու է անհատականացված՝ անկախ այն հանգամանքից, թե ում ինչ պայմաններում է իջեցվել հակասահմանադրական այս պատվերը»։

Աղբյուրը`   «ՀայաՔվե»