«Վարչապետը հայտարարում է, որ բոլոր նորակառույց դպրոցները մատչելի են. եկեք` ստուգենք». Մուշեղ Հովսեփյան

Այժմ չգործող՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը երեկ հայտարարում էր, որ «մատչելիության խնդիրը մեկ օրում կամ մեկ տարում հնարավոր չէ լուծել»։
Իհարկե հնարավոր չէ։ Բայց ո՞ւմ հետ է վիճում վարչապետը։ Ո՞վ է հակառակը պնդել։
Ես չգիտեմ որևէ մեկին, որը պահանջում է մեկ օրում կամ մեկ տարում վերացնել մատչելիության բոլոր խոչընդոտները։ Ակնհայտ ճշմարտությունն ասելը քննարկման առարկան, միևնույն է, չի փոխելու։
Մեր պահանջը շատ ավելի պարզ է։ Կառավարությունը պետք է դադարի նոր խոչընդոտներ ստեղծելուց։ Սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Պետք չէ նոր խոչընդոտներ չստեղծելու պահանջին պատասխանել, թե հները մեկ օրում վերացնել հնարավոր չէ։
Պետական գնումների միջոցով այլևս չպետք է ձեռք բերվեն ապրանքներ ու ծառայություններ, որոնցից մարդկանց մի մասը չի կարող օգտվել, որովհետև հաշմանդամություն ունի։
Հաշմանդամություն ունեցող անձինք ու նրանց ընտանիքի անդամները նույնպես հարկատուներ են։ Կառավարությունը չի կարող մեր վճարած հարկերով նոր խոչընդոտներ ստեղծել, ապա մեզ բացատրել, թե ինչու դրանք վերացնելու ժամանակը դեռ չի եկել։
Մյուս պնդումը, որին չեմ կարող չանդրադառնալ։ Վարչապետը հայտարարում է, որ բոլոր նորակառույց դպրոցները մատչելի են։
Տարբեր հանդիպումների ժամանակ տարբեր դերակատարներից բազմիցս լսել եմ նույն պնդումը։ Եվ իմ պատասխանն էլ միշտ նույնն է եղել՝ եկե՛ք միասին ստուգենք։
Հիմա էլ եմ նույնն առաջարկում։ Ես ունեմ այդ հարցի պատասխանը, բայց եթե կան հակառակում համոզվածներ, սիրով։ Թող որևէ պատասխանատու պաշտոնյայի հանձնարարվի մեզ հետ (բոլոր խմբերի ներկայացուցիչների ներգրավմամբ) այցելել նորակառույց դպրոցներ և տեղում գնահատել դրանց մատչելիությունը։
Միայն մեկ պայմանով (եթե կարևոր է՝ խնդրանքով)՝ համատեղ արձանագրված բոլոր խախտումները պետք է շտկվեն սեղմ ժամկետներում։ Ոչ թե արձանագրվեն ու մոռացվեն։
Եթե այսքան ջանք գործադրելու ցանկություն չկա, ավելի պարզ տարբերակ էլ կա։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեսչական մարմնին դիմել եմ վերակառուցված դպրոցներից մեկի վերաբերյալ, որտեղ մատչելիության օրենսդրական պահանջներն ամբողջությամբ չէ, որ պահպանել են։
Թեև սպասում եմ, որ ստուգում անցկացնելու դիմումս կմերժեն, քանի որ Կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները թույլ չեն տալիս շահագործման հանձնելուց հետո նման ստուգում իրականացնել, կարող են այս անգամ անակնկալ անել ու ստուգել։ Ի դեպ, այդ որոշումն էլ առանձին անհեթեթություն է, բայց այդ մասին ուրիշ անգամ։
Եթե տեսչական ստուգումն էլ ընդունելի չէ, կա երրորդ տարբերակը։ Պատվիրե՛ք մատչելիության անկախ աուդիտ։ Համապատասխան փորձ ունեցող միջազգային փորձագիտական կազմակերպության մասնագետները թող գնահատեն նորակառույց դպրոցների մատչելիությունը, իսկ արդյունքները հրապարակվեն։ Չէ որ մեր ասածը, երբ ուրիշն է նույնությամբ ասում, հանկարծ ավելի հավաստի ու կարևոր է դառնում։
Միայն թեքահարթակի, վերելակի կամ «հարմարեցված» սանհանգույցի առկայությունը դպրոցը դեռ մատչելի չի դարձնում։ Մատչելիությունն ամբողջ շղթան է՝ մուտքից մինչև հանդերձարան ու տարհանման ուղիներ։
Եթե երեխան կարող է մտնել դպրոց, բայց չի կարող օգտվել ճաշարանի լվացարանից (ինչպես լուսանկարում), իրեն տեսնել հայելու մեջ, ուրեմն պետք է ուղղակի ասել՝ «երեխաները կարող են մտնել նորակառույց դպրոցներ»։ Ոչ ավելին։
Եվ վերջում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին մի խնդրանք ունեմ։ Մի՛ սպասեք։
Պահանջե՛ք ձեր երեխայի մատչելի կրթությունն այսօր։ Դիմե՛ք գրավոր։ Պահանջե՛ք, որ ապահովեն անհրաժեշտ հարմարեցումներն ու մատչելիությունը, այդ թվում՝ տեղափոխումը։ Բողոքարկե՛ք մերժումները։ Անհրաժեշտության դեպքում դիմե՛ք դատարան, որից այդքան հաճախ մինչ այս խուսափել եք։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել։
Եթե կառավարության համար այսօր ավելի հեշտ է խախտել իրավունքը, քան ապահովել այն, եկե՛ք «խառնենք այդ խաղաքարտերը»։
Հարյուրավոր դիմումները, բողոքներն ու դատական գործերը կարող են այնպես անել, որ իրավունքն ապահովելը պետության համար ավելի հեշտ դառնա, քան այն խախտելը։
Ի վերջո, խտրականությունը պիտի թանկ նստի այն գործողների, ոչ թե մեզ վրա»։

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին
1923:55
«Վարչապետը հայտարարում է, որ բոլոր նորակառույց դպրոցները մատչելի են. եկեք՝ ստուգենք». Մուշեղ Հովսեփյան
2623:36
Արդեն 4 օր է՝ Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղները ջրի տակ են
4523:12
«Եթե Թուրքմենիայում Ալիևը սրան հանձնարարի ձերբակալել Անիին, կարող եք վստահ լինել՝ կձերբակալի». Դավիթ Վանյան
5222:48
«Ռուսական լրտեսական կենտրոններ են». ԵԽ պատգամավորները պահանջում են փակել ռուսական տները
13222:07
Պակիստանը հարյուրավոր զինվորներ է ուղարկել Սաուդյան Արաբիա
14921:37
«Դեպի Եվրոպա գնացող «առաջնորդը»». Էդգար Ղազարյան
7621:18
«Հասնելու են արձաններին, Նժդեհի արձանն են հեռացնելու». Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
6621:12