Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ
50
Այսօր, 22:54

Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին:
Անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանին նվիրված «Կյանքը գիտություն. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովի և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացմամբ հոկտեմբերի 28-ին կտրվի տոնական ծրագրի մեկնարկը։
Հոբելյանական միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Բացմանը կմասնակցի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը: Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, Արմենպրես լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից: Հանրապետության հրապարակի պատմությունը կամբողջացնի «Տերյան» մշակույթի կենտրոնի տարազների ցուցադրությունը:

Միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 29-ին՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ.) 100-ամյակը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում:
Հոբելյանական միջոցառումներն անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ։