Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան

«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան
48
Այսօր, 22:36

Այժմ չգործող՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անօթևան տղամարդկանցից մեկը փորձում է պատմել իր կյանքի ավելի լավ ժամանակների մասին, իսկ սոցիալական աշխատողներից մեկը պատասխանում է. «Մի պատմեք՝ ով եք եղել, հիմա պատմեք՝ ինչով եք զբաղված բացի հարբեցողությունից»։
Սոցիալական աշխատանքի մասին իմ համեստ գիտելիքները հուշում են, որ մարդու անցյալը հասկանալը կարևոր է։ Էլ չեմ խոսում առանց քննադատության լսելու կարողության մասին։
Մեկ այլ արտահայտություն. «Դուք հիմա երիտասարդ տարիքի հարբած տղամարդկանց փունջ եք»։ Ալկոհոլ օգտագործող կամ ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց նկատմամբ հարգանքի պարտավորությունը՝ բոլորիս պարտավորությունը, պայմանավորված չէ մարդկանց սթափությամբ։
Ամոթանք տալն էլ դեռ ոչ մեկին չի փրկել։ Առավել ևս, երբ խոսքն անօթևան մարդկանց մասին է, որոնք չունեն նույնիսկ այն ապահով տարածքը, որտեղ կարող են իրենց պաշտպանված զգալ։ Եվ դրա անունը սոցիալական աշխատանք դնել չի կարելի։
Իրական «խղճուկ» իրավիճակը սա է, երբ խոցելի վիճակում գտնվող մարդուն հրապարակայնորեն նվաստացնում են։
Սոցիալական աշխատողներին չեմ ճանաչում, չգիտեմ, թե որ կառույցը կամ կազմակերպությունն են ներկայացնում։ Հույս ունեմ՝ նրանց վարքագծի առնչությամբ քննություն կիրականացվի, կտրվի գնահատական։
Տեսանյութը՝ «Նյուդեյ»-ի։ Այն չեմ տարածում էջից, որովհետև առանց ենթագրերի էին։ Նաև փակել եմ անձանց դեմքերը։
Հ.Գ. Օգտվելով առիթից՝ մարդկանց, որոնք անօթևան մարդկանց հաճախ մեղադրում են կացարան չգնալու համար, առաջարկում եմ նախ ծանոթանալ այդ որոշման պատճառներին։ Գուցե պարզվի, որ նույն պայմաններում դուք էլ կնախընտրեիք գիշերել փողոցում։ Այդ դեպքում արժե դադարել ուրիշներին մեղադրելուց։ Իսկ եթե չեք ցանկանում հասկանալ պատճառները, պատրաստ չեք հարգել անձի՝ իր կյանքի վերաբերյալ կայացրած որոշումները և համոզված եք, որ «ճիշտ» ապրելու ձեր պատկերացումը միակ ընդունելին է, առաջարկում եմ մտածել՝ արդյոք պատրա՞ստ եք զբաղվել անօթևան մարդկանց խնդիրներով»։

Աղբյուրը`   Մուշեղ Հովսեփյան