Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան

«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
73
Երեկ, 22:48

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել։ Հեռակա կարգով սահմանափակում են մեքենաների աշխատանքը ու փրկագին պահանջում, բայց այս անգամ ոչ թե արտադրողից, այլ հենց մեքենաների սեփականատերերից։
Չինական Li Auto (Lixiang) մեքենաների սեփականատերերը Ռուսաստանում զանգվածաբար բախվում են քիբերհարձակումների։ Դեպքերը հաստատել է ընկերության պաշտոնական ռուսաստանյան դիստրիբյուտորը՝ Sinomach Auto-ն։
Հաքերները կարողանում են տիրանալ մեքենաների այսպես կոչված Master Account-ներին, որոնք փաստացի մեքենայի թվային բանալիներն են։ Դրանց միջոցով հնարավոր է հեռակա կառավարել մեքենայի մի շարք ֆունկցիաներ՝ դռների կողպեքներից մինչև կլիմատ-կոնտրոլ ու շարժիչի գործարկում։
Արդյունքում որոշ մեքենաների էկրաններն անջատվում են, կլիմատ-կոնտրոլը դադարում է աշխատել, իսկ որոշ սեփականատերեր անգամ մեքենան գործարկելու խնդիր են ունենում։
Հաքերներն այնուհետև կապվում են սեփականատերերի հետ ու հաշվի հասանելիությունը վերադարձնելու դիմաց պահանջում 35-45 հազար ռուբլի։
Այս պահին հայտնի է առնվազն 20 տուժածի մասին, բայց իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։ Հետաքրքիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ։ Դեռևս 2025 թվականի ամռանը նման հարձակումներ եղել են, պարզապես այն ժամանակ փրկագինը հասնում էր մինչև 250 հազար ռուբլու։
Հիմա ամենակարևոր տեխնիկական մասը։
Այս պահին հաստատված չէ, որ հաքերները կարողացել են կոտրել հենց մեքենաների ներքին համակարգերը։ Խոսքը հիմնականում սեփականատերերի թվային հաշիվների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու մասին է։ Թե կոնկրետ ինչ մեթոդով են դա անում, դեռ պարզված չէ։ Քննարկվում են գաղտնաբառերի կոտրման, արտահոսած տվյալների օգտագործման և երրորդ անձանց փոխանցված մուտքային տվյալների տարբերակները։
Ու սա իրականում ավելի հետաքրքիր ու վտանգավոր խնդիր է։
Պատկերացրեք՝ մի քանի տասնյակ հազար դոլարով մեքենա եք գնում, բայց դրա որոշ կարևոր ֆունկցիաների հասանելիությունը կախված է ոչ միայն ձեզնից, այլև սերվերներից, օգտահաշիվներից ու նույնականացման համակարգերից։
Այսինքն՝ մեքենայի տեխնիկական սարքին լինելն այլևս բավարար չէ։ Կարող է շարժիչը, մարտկոցը, ամբողջ էլեկտրոնիկան սարքին լինեն, բայց թվային հաշվի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով չկարողանաք լիարժեք օգտվել մեքենայից։
Li Auto-ն ու իր ռուսաստանյան դիստրիբյուտորն արդեն աշխատում են սեփականատերերի նույնականացման և հաշիվների հասանելիության վերականգնման նոր մեխանիզմների վրա։
Իմ կարծիքով՝ սա բավական լուրջ նախազգուշացում է ամբողջ ավտոարդյունաբերության համար։
Ժամանակակից մեքենաները վաղուց արդեն պարզապես փոխադրամիջոցներ չեն։ Դրանք անիվների վրա աշխատող համակարգիչներ են՝ օպերացիոն համակարգերով, ինտերնետ կապով, ամպային ծառայություններով ու հեռակառավարման հնարավորություններով։
Եվ որքան շատ ֆունկցիաներ են տեղափոխվում ծրագրային միջավայր, այնքան ավելի կարևոր է դառնում կիբերանվտանգությունը։
Ու ամենավատն այն է, որ հաքերին պարտադիր չէ մեքենայի մեջ նստել կամ ֆիզիկապես մոտենալ դրան։ Երբեմն բավական է ընդամենը տիրանալ ճիշտ օգտահաշվին։
Մի ժամանակ մեքենան գողանալու համար պետք էր կոտրել դռան կողպեքը, իսկ հիմա որոշ դեպքերում բավական է կոտրել գաղտնաբառը։
Ու սա դեռ չի նշանակում, որ վաղը բոլոր էլեկտրոմոբիլները հնարավոր կլինի հեռակա անջատել, բայց շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ նոր ռիսկեր է ստեղծում ավտոմեքենաների թվայնացումը»։