«Հայաստանում իշխանությունը թռցնելու ամենափորձված մեթոդոլոգիան սա է»․ Վարդ Սիմոնյան
![]() 351 Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 18:40 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում իշխանությունը թռցնելու ամենափորձված մեթոդոլոգիան սա է՝ մեկ ոստյունով նետվում ես հրապարակ և բղավում կախարդական մեկ նախադասություն՝ «Ղարաբաղը ծախում են»։ Ուստի բնավ էլ զարմանալի չէ, երբ ջուխտակ նախագահներին հարցնում ես՝ ինչու գողացար սերմացուն կամ տապալեցիր երկրի սահմանադրական կարգը, պատասխանում են՝ «Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղը ծախեն»։ Արցախի ճակատագրի շուրջ ծավալվող բանակցությունները տասնամյակներ շարունակ զմռսված են փակ դռների հետևում: Դա, իհարկե, չի խանգարում երկու կողմերի վերլուծաբաններին մի աննշան ծպուտը կամ ոչինչ չասող պաշտոնական ֆոտոսեսիան վերածել կիլոմետրանոց անալիզների և ըստ քաղաքական սըհաթի պատեհության հանձնել հասարակություններին: Սակայն մի բան պարզ է. դիվանագիտական վերմակի տակի այդ «գաղտնիքները» բացառապես ֆոլկլոր են, անգամ գործող անձանց հետբանակցային սպրդումները դուրս չեն ֆոլկլորիկ ժանրի կանոններից և մեկը մեկին տեղավորվում են արցախյան հայտնի խոսույթում. «Քոռն հինչ կոզի՝ էրկու աչք, էն էլ պլոզ-պլոզ»։ Բայց ժողովուրդների անսխալականության դրույթը՝ երամի անխափան բնազդը չունի անգամ ամենաինտելեկտուալ և ամենաընտրյալ իշխանությունը. մեկ անձի կամ մարդկային որևէ խմբի դեպքում անսխալականությունն ընդամենը բարդույթ է: Եզակի հասարակությունների համբերությունն ու նյարդերը կբավարարեր տասնամյակներ շարունակ դիմադրել կուլիսային այս փակ քաղաքականությանը. համանախագահողներից առնվազն երկուսը հաստատ չեն հանդգնի իր երկրի քաղաքացիներին համոզել, որ իր պետության համար կենսական որևէ խնդիր պիտի դուրս ընկնի թափանցիկ և հրապարակային ընթացքից: Ոչ մի կառուցված հասարակություն թույլ չի տա, որ իր ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրը քաշքշվի փակ սենյակներում և ամեն անգամ իրեն վերադառնա միայն մարտական գործողությունների տեսքով: Իհարկե, Ադրբեջանի յուրօրինակ փիլիսոփայության դեպքում բանակցային այս փակ շղթան, ուղղակի, մուրազ է, բայց Հայաստանը (Արցախը՝ ներառյալ) Ադրբեջան չէ: Անսխալականներից ոչ մեկն, իհարկե, մի մեղա էլ չի գալու, որ Արցախը դուրս է մղել բանակցություններից. այդ մութ սենյակում դե արի կատու գտի, մանավանդ, որ ասվում է, թե կատու, որպես այդպիսին, չի էլ եղել այնտեղ, ասել է թե՝ եղածը կատու չէր: Ապացույց՝ նրա վագրի թռիչքները, որը մի կարճ ժամանակ անգամ առյուծ էր կտրել: Եթե սա բանակցություն է հանուն խաղաղության, ապա, ներեցեք, պատերազմը խաղաղություն չէ և պետք էր սկսել ոչ թե պատերազմից, այլ հենց՝ խաղաղությունից. սկսել ոչ թե կոնֆլիկտի հետևանքից, այլ՝ պատճառներից, սկսել նախադրությունից և տեսնել ողբերգության ամբողջական դրամատուրգիան: Եթե չես նայում վառոդի տակառի վերածվող համակովկասյան տանն ընդհանուր պլանով, իր ողջ կոորդինատներով, ապա քո տարփողած խաղաղությունը հենց պատերազմն է, որն ամեն պահի կարող է վերածվել «խաղաղություն հայրենիքի դիմաց» անբարո հռչակագրի: Խաղաղությունն առաքելություն է, որ ենթադրում է տեսանելի քայլեր, տնտեսական համատեղ ծրագրեր, հասարակությունների երկխոսություն, Կովկասը որպես մեկ միասնական տուն ընկալելու տարածաշրջանային ուղղորդված ջանքեր, սպառազինության ծավալների և կիրառման միջպետական հստակ հանձնառություններ: Բայց այս ամենի նշույլն անգամ չկա, արցախերեն ասած՝ «Դալլաքեն հետե քաչալը յա մեռած, յա սաղ»։ Ուրեմն ժամանակն է, որ մինչև կոկորդը խարդավանքներով լցված այս մթին բանակցությունների վրայից հանվի երկաթյա վարագույրը և խոսեն, վերջապես խոսեն նաև նրանք, ովքեր իրենց երեխաների կյանքերով են վճարում այդ «խաղաղության» դիմաց: Բոլոր ժամանակներում էլ աշխարհն իր համար ստեղծում է մարդկային ագրեսիան, ավելորդ նյարդային բալաստը հողանցելու կարմիր խոռոչներ և հենց այդ խոռոչներին է վերապահված իրենց քաղաքացիների կյանքի գնով պահպանել աշխարհի խաղաղությունն ու կայունությունը: Ահա՝ ինչու և ոչ մի կողմից չկա արցախյան հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտ կամք, չի երևում որևէ շահագրգռություն մեզ այս անիծյալ կարմիր զոնայից դուրս բերելու ուղղությամբ, ընդ որում՝ մեզ վերջնականապես հյուծելուց հետո էլ: Ահա՝ ինչու էր պետք վերջապես իր անկախությունը վերագտած ժողովրդի մեջքից կապել պատերազմի ծանր քարը. պատերազմի իշաբեռով ո՞ւր պիտի հասնես: Հրացանը ձեռքիդ պահած հաստատ չես քաղաքակրթվի, կրթության ու գիտության հասանելիքը կտաս ճակատին ու թիկունքը անգրագետ կթողնես, ամենալավ հարևանի ու բարեկամի զահլեն կգնա քո կռվազանությունից ու մի օր բոլորի դռները կփակվեն երեսիդ, ուզվոր կդառնաս և տանդ վերջին կահկարասին կտաս պարտքերիդ դիմաց, իսկ որդիներդ կփախնեն քեզնից, ինչպես բորոտից. պատերազմը միայն մահ չէ, սով, թշվառություն և տգիտություն է, հազար ու մի սինդրոմ է՝ ուժի, զոռբայության խրախճանք, բարոյական աղետ ու անկում է. այս ամենը ճշգրտորեն չափված ու կտրված էր: Իհարկե, մաստակը հիշողության վատ խթանիչ չէ և կարելի է անդադար ծամել հարևանի հետ գենետիկ անհամատեղելիության առասպելը: Մեր դեպքում էլ ծնելիությունը դեռևս մնում է մարդկային անխափան գործունեություն, ուստի մեծ է գայթակղությունն ամեն հաջորդ սերնդի մկրտել պատերազմի կրակների մեջ: Եթե միանգամայն առողջ տեսք և երդվյալ ինտելիգենտի համբավ ունեցող մարդիկ միջազգային ամբիոններ են բարձրանում այս ծամոնը բերաններում և առասպելական փուչիկներով լցնում դահլիճները, ապա չի բացառվում, որ մատաղ սերունդը նշի պատերազմի 100-ամյա հոբելյանը: |
««Հայաստա՛ն» խմբակցություն, սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն». Հրանտ Մելիք-Շահնազարյան
13101:12«Արա՛, նախ դու ամուսնացի, հետո նոր քահանաներին ասա՝ իմ եղբայրներն են»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
12701:00«Համեմատելով «ինքնիշխան» Նիկոլին ու Նիկոլայ 2-րդ ցարին՝ կգանք շատ տխուր եզրահանգումների»․ Միհրան Հակոբյան
15000:42«Թիվ մեկ օրակարգը պետք է լինի ինքնիշխանության վերականգնումը, ոչ թե Վեհափառին անարգելը»․ Վարդան Ոսկանյան
174Երեկ, 23:54«Ես ուտող ուրացող քրդի շուն չեմ»․ Արմեն Մուրադյան
183Երեկ, 23:36«Իհարկե, Փաշինյանը բերելու է 300 հազար ադրբեջանցիներին․ իր ընտրազանգվածի կեսն է»․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
229Երեկ, 23:30«ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններն արագ կկարգավորվեն»․ Նաիրի Հոխիկյան
171Երեկ, 22:42«Վաղն ուզում են միջպետական ճանապարհները փակել, մեքենաների բեռնախցերն ստուգել»․ Սյուզի Բադոյան
222Երեկ, 22:24