Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Լավ, դուք հո վա՞տ չեք. էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք». Նաիրա Զոհրաբյան

«Լավ, դուք հո վա՞տ չեք. էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք». Նաիրա Զոհրաբյան
126
Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 16:30

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք

Ուսումնական ծրագրերում հայ գրականության ոսկեդարի և միջնադարի հեղինակների դուրս մղման քննարկումը, ինչպես և սպասելի էր, վերածվեց նողկալի դիսկուրսի։ Ժանրի կանոններին համաձայն՝ բոլորը դարձան հայ գրականության «ֆուլ» մասնագետ՝ նարեկագետներ, մաշտոցագետներ, քուչակագետներ ու սկսվեց հակաէսթետիկ ու հակահիգիենիկ գրոհ երիտասարդ գրողների վրա, ում պատմվածքները դուր չեն գալիս որոշ «լժեբարեպաշտ» կանանց ու տղամարդկանց։ Ու քանի որ ստորին բնազդներով առաջնորդվողների համար անգամ հայհոյելու ու ատելու մեջ պիտի խմբաքանակով լինես, որպեսզի քո ատող ու հայհոյող տեսակի մեջ լինես պաշտպանված, ահա այսպես, խմբով, գլխաքանակով, դափոնով հարձակվել են գրող Արամ Պաչյանի վրա, որովհետև ինչ-որ մեկը, չգիտես՝ որտեղից եզրակացրել է, որ ուսումնական ծրագրերում, որտեղից երկար անուն ունեցող նախարարությունը որոշել էր թոթափել Նարեկացուն, դա արել է, որպեսզի Արամ Պաչյանի պատմվածքը, որի դեմ «սութի» բարեպաշտները խաչակրաց արշավանք են սկսել, հենց «իմեննո» Նարեկացու փոխարեն ներառվի կրթական ծրագրերի մեջ։

Լավ, ո՞նց կարելի է էդքան սնամեջ լինել, ո՞նց կարելի է էդքան անտեղյակ ու էդքան ցածր լինել։ Ես, այո՛, կատեգորիկ դեմ եմ, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը հանվի կրթական ծրագրերից, մանկուրտացման ու մեր գենետիկ հիշողությունը ռետինով ջնջելու էս անամոթ արշավի դեմ ես կռիվ եմ տալու մինչև վերջ, բայց ի՞նչ կապ ունի Արամ Պաչյանն ու իր «Թափանցիկ շշեր» պատմվածքը ձեր էս անափ ատելության ու չարության հետ։ Ես պատրաստ եմ քննարկել հարցը՝ արդյո՞ք իմաստ ունի Արամի հենց այս պատմվածքը ներառել 8-րդ դասարանի կրթական ծրագրում, բայց ես բողոքում եմ և կատեգորիկ հրաժարվում եմ հասկանալ էս ատելությունն ու չարությունը, որ լավայի նման թափում եք Արամի վրա։

Ու էս ի՞նչ ամեոբա տրամաբանություն է, որ էդ պատմվածքում Արամն իր հոր մասին է գրել։ Նույն տրամաբանությամբ պիտի ասենք, որ Դոստոևսկու Ռասկոլնիկովը հենց Դոստոևսկին էր ու ազգովի սկսենք փնտրել էն պառավին, ում սպանել է ֆյոդոր Միխայլովիչը։
Ու եթե որոշենք շարունակել էս հիվանդ տրամաբանությունը, պիտի Բրեմա Սթոքերի «Սատանայի ողբը» գործի մեջ ազգովի սկսենք նույնացնել Սթոքերին սատանայի հետ։

Դե եկեք ազգովի որոշենք նաև, որ Չակ Պալանիկը, երբ գրում էր իր «Օրորոցայինը», իրականում ինքն է սպանել բոլոր էդ նորածիններին։

Լավ դուք հո վա՞տ չեք։ Էս ի՞նչ եք անում։ Ու եթե անգամ ինչ որ մի գրող իր ապրած էմոցիաներն է տվել թղթին, ձե՞զ ինչ։ Ձեզ մի բան պիտի հետաքրքրի՝ տաղանդավո՞ր է արել, թե՞ ոչ։ Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Հա, հենց էդպես։ Տաղանդավոր է ու վերջ։ Ու ես դեռ տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից ասեցի, որ պետության փողերով գրական մակուլատուրա տպելու փոխարեն տպեք ու մի քանի լեզուներով թարգմանեք Արամ Պաչյանի և մյուս շնորհալի երիտասարդների գործերը, որ մեր նոր գրականությունը ևս դուրս գա մեր նեղլիկ սահմաններից։ Չեմ էլ կասկածում, որ իմ էս գրառումից հետո կեղծ բարեպաշտների մի հոծ բանակ նույն գրական-գեղարվեստական պաթոսով հարձակվելու է իմ վրա։ Ես խնդիր չունեմ։ Ի տարբերություն Արամի, ով ակնհայտորեն պատրաստ չէր նման նողկալի արշավի, ես վաղուց արդեն շատ պինդ իմունիտետ ունեմ իրական ու ֆեյք գրոհների հանդեպ ու էդ գրոհի լավաներն ինձ ամեն անգամ ավելի ուժեղ, ավելի վճռական ու ավելի համառ են դարձնում։

Մի՛ արեք։

Կա՛նք առեք։

Տաղանդավոր տղա է։ Մի՛ կոտրեք էն ամենը, ինչը դուք չեք հասկանում, կամ ինչը, ըստ ձեզ, վիրավորում է ձեր գրական ճաշակը։ Եթե անգամ չեք հասկանում ու չեք ընդունում, ունեցեք արժանապատվություն ընդունելու, որ ձեր գրական ճաշակից անդին մարդիկ իրավունք ունեն այլ գրական ընկալումներ ևս ունենալու և դա հանցագործություն չէ, ու դրա համար որևէ մեկին հայհոյել ու ատելության թիրախ դարձնել պետք չի։

Հա, ես Նաիրի Զարյանի «Հացավանը» համարում եմ գրական խոտան ու սիրում եմ Զարյանի «Արա Գեղեցիկը»։

Հիմա ի՞նչ, պիտի քարերով հարձակվե՞ք, հա՞։ Էդ ի՞նչ իրավունքով։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Բայց Արամի այդ պատմվածքը, համաձայն եմ, վաղ է ներառել 8-րդ դասարանի ուսումնական ծրագրերում։ Էս հարցը քննարկեք։ Քննարկեք, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը՝ որպես գրական մակուլատուրա, չշպրտեն մի կողմ։ Պինդ մնա, Արամ Պաչյան»: