Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պատերազմի ժամանակ է հանրությունը կատարում իր համար կարևորագույն վերաարժևորումները». Արման Գասպարյան

«Պատերազմի ժամանակ է հանրությունը կատարում իր համար կարևորագույն վերաարժևորումները». Արման Գասպարյան
89
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 05:10

Լրագրող Արման Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու էլի հանրային ընկալման մասին։
Ակնհայտ է, որ կոմֆորտի գոտուց դուրս ընկնելը ցանկացած բանական (ու ոչ այնքան) արարածի համար լրջագույն սթրես է։ Երբ մարդու աչքի առաջ իր համար սովորական, по умолчанию գոյություն ունեցող իրողությունները՝ առօրյան, հետաքրքրությունները, պլանները, երազանքները, շրջակա միջավայրը և այլն կտրուկ փոխվում են, նրա մոտ առաջացող առաջին բնական պաշտպանական ռեակցիան մերժումն է։ Նա մերժում է օբյեկտիվ իրականությունը, որը գնալով ավելի ու ավելի է փոխում իրերի սովորական դասավորությունը։ Նա փորձում է այդ փոխված իրողության մեջ գտնել հին կոմֆորտի գոտու նշույլներ՝ դրանցում պատսպարվելու համար։ Նա կառչում է միայն նրանից, ինչը գոնե թեթև հույս է տալիս, որ «սովորական» կյանքը շուտով վերադառնալու է, իսկ այս ամենը կմոռացվի, որպես մղձավանջ։ Նա կատաղի ձևով մերժում է այն ամենն, ինչ կարող է հուշել «սովորական» կյանքին վերադառնալը ավելի հետաձգելու մասին։
Պարզ մարդկային հոգեբանություն, որը հասկանալու համար պետք չէ մասնագետ լինել, ընդամենը նայեք ինքներդ ձեր մեջ ու առանց խուսափելու գնահատեք ձեր իսկ ապրումները։
Պատերազմը կոմֆորտի գոտուց կտրուկ դուրս նետող աղետալի ու հուժկու ուժ է։ Պատերազմը կարող է կոտրել, ջնջել ամեն «սովորական» բան, փոխել բացարձակապես ամեն ինչ, անհասանելի անցյալ դարձնել այն ամենն, ինչ երեկ թվում էր այնքան առօրէական։ Դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դրա մասին է վկայում թե կորոնավիրուսի վտանգի չգիտակցելը (ոչինչ այլևս կարևոր չէ), թե մեղավորներ փնտրելը, թե հանրային միֆերի տարածումը, ու էլի շատ բաներ։ Մեկը երեք տարի չծխելուց հետո սկսում է ծխել (ես), մյուսը այլ պաշտպանական մեխանիզմ է իր համար ձևավորում։
Պետք է հիշել, որ այս ամենը ժամանակավոր է։ Սա սթրեսին առաջին արձագանքն է։ Հետո գալիս է երանելի հոգեբանական ադապտացիան, որը թույլ է տալիս վերադասավորել ներքին աշխարհն ու թևաթափ վիճակից անցնել գործի։ Ու հենց այստեղ է բացվում այն դաշտը, որը սովորական պայմաններում մարդու համար անհասանելի է։ Հասկանալով, որ կոմֆորտի գոտին վերականգնելը նաև կախված է իրենից, մարդը бей и беги ռեակցիայից անցնում է ուժերի գերլարման սահմանին իրեն ոչ բնորոշ ստեղծագործական աշխատանքի։ Հենց պատերազմների ժամանակ են թրծվում ու ձևավորվում ուժեղ, դիմացկուն հանրությունները։ Պատերազմի ժամանակ են կյանքի կոչվում ամենակարևոր ռեֆորմները, ստեղծվում լավագույն մշակութային կոթողները, ապահովվում գիտատեխնիկական առաջընթացը։
Պատերազմի ժամանակ է հանրությունը կատարում իր համար կարևորագույն վերարժևորումները (սեփական փորձից եմ ասում)։
Կոնկրետ այս պատերազմի արագությունը ու սրընթաց բնույթը հաշվի առնելով՝ հանրությունը պետք է շատ ավելի արագ անցնի հոգեբանական մերժման փուլից ադապտացիայի փուլի։
ԺԽՏՈՒՄ
ԶԱՅՐՈՒՅԹ
ԱՌԵՎՏՈՒՐ
ԴԵՊՐԵՍԻԱ
ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ո՞ր փուլում ես դու հիմա։