«Դասերը կլինեն ամեն օր». նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Համավարակի կանոններն ուշադրության կենտրոնում են
«Նոր ուսումնական տարին սկսում ենք համավարակի պայմաններում, ինչը նշանակում է, որ առողջապահական կանոններին հետևելը, մասնավորապես դիմակներ կրելը, ախտահանիչ նյութեր օգտագործելը և այլն, պետք է լինեն բոլորիս առաջնային ուշադրության կենտրոնում»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերն առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով անցկացնելը:
Ժ. Անդրեասյանը փաստել է, որ այս պահին գործող՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանի իրավակարգավորումներով ևս դասերը կարող են իրականացվել ամեն օր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ: Փոխնախարարը խորհրդակցության մասնակից տնօրեններին կոչ է արել սահմանված կարգով գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան, որտեղից գրությունները խմբավորված կներկայացվեն նախարարություն և կտրվի ամեն օր դասեր կազմակերպելու թույլտվություն՝ անկախ դասարաններում աշակերտների քանակից: Փոխնախարարի խոսքով՝ թույլտվությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ դպրոցում վարակվածների թիվը մեծ է, և ըստ առողջապահական նորմատիվների՝ կարող է վարակի տարածման օջախի առաջացման վտանգ ի հայտ գալ:
Առաջին դասարանցիների հանդիսությունները՝ բացօթյա և մեկ օր շուտ
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կուտակումներից զերծ մնալու նպատակով՝ փոխնախարարը տնօրեններին առաջարկել է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ՝ տոնական միջոցառումն անցկացնելով բացօթյա: Նա նաև հորդորել է սահմանափակել առաջին դասարանցիներին դպրոց ուղեկցողների թիվը:
Դպրոցներում կգործեն երկարօրյաները և բուֆետները
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ դպրոցներում կգործեն նաև արտաուսումնական խմբակները, ճաշարանները և երկարօրյա ծառայությունները: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ համաձայն անցյալ տարի ընդունված երկարօրյա ծառայությունների մասին կարգի՝ այլ դպրոցի սովորողը ևս կարող է օգտվել հարևան կամ նախընտրելի որևէ դպրոցի երկարօրյա պարապմունքներից՝ կնքելով պայմանագիր, որի ձևաչափը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից: Դպրոցական ճաշարանների և բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը և վաճառքի կազմակերպումը:
«Այժմ քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը, որը մարզային դպրոցների համար շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ տարրական դասարանների աշակերտները մարզերում նաև տաք սնունդ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ զուգահեռաբար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ այժմ քննարկումներ են ընթանում դպրոցական սննդի ծրագիրը Երևանի կրտսեր դասարաններում ներդնելու ուղղությամբ:
Նոր լաբորատորիաների հարցն առաջնային է
Ներկայացնելով մայրաքաղաքի դիմորդների բուհական ընդունելության ցուցանիշները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդյունքները հանրապետական միջին ցուցանիշների միջակայքում են: Երևանի 4403 դիմորդներից 3151-ը կամ 71,6 տոկոսն ընդունվել է բուհ: Նրանց 13,7 տոկոսն ընդունվել է անվճար հայտով: Մայրաքաղաքի դիմորդները նախապատվությունը տվել են ԵՊՀ-ին, որն ընդհանուր միտում է ողջ հանրապետությունում, ապա հաջորդում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը և այլ բուհեր: Հատկանշական է, որ մայրաքաղաքի դիմորդների շրջանում եղել են նաև մարզային բուհեր դիմողներ: Նախընտրելի մասնագիտությունների սանդղակը ևս մոտ է մարզային արդյունքներին՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, բուժական գործ, իրավագիտություն, տնտեսագիտություն, դիզայն և ճարտարագիտություն:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ինչպես մարզերում, Երևանում ևս մտահոգիչ է հատկապես մաթեմատիկայի միջին միավորը, որը կազմել է 10,6 միավոր: ԲՏՃՄ ուղղության մյուս առարկաների միջին միավորները ևս ցածր են:
«Հանրակրթական նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, իսկ հետագայում՝ լրամշակվելուց հետո, ներդրվելու է ողջ հանրապետությունում, մենք բնագիտամաթեմատիկական ուղղության առարկաների ուսուցման որակը բարելավելու առաջնային խնդիր ենք դրել: Տավուշում այս տարի նոր չափորոշչի փորձարկմանը զուգահեռ՝ բոլոր դպրոցներին ապահովել ենք բնագիտական առարկաների լաբորատորիաներով և համակարգչային նոր սարքավորումներով: Աշխատում ենք անել ամեն ինչ, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ՝ հանրապետության բոլոր դպրոցներն ապահովվեն նոր բնագիտական լաբորատորիաներով, որոնք ուղղակիորեն կնպաստեն այդ առարկաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Մասնագիտական աջակցություն դպրոցներին
ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է պարզաբանումներ պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացների, ուսումնական և թեմատիկ պլանների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԶՆԱԿ-ը հրապարակել է օրինակելի թեմատիկ պլանները, որոնք ուսուցիչները կարող են ներբեռնել էլեկտրոնային մատյանների համապատասխան բաժիններում: Հրապարակվել է նաև «Ինչպես սկսել ուսումնական տարին» էլեկտրոնային ուղեցույցը: Նշվել է, որ դպրոցի ուսուցիչներին և տնօրեններին ցուցաբերվող մեթոդական աջակցության աշխատանքները կլինեն շարունակական: Այդ նպատակով նախատեսվում են մի շարք վերապատրաստումներ:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է պարզաբանումներ նոր իրավական ակտերի, մասնավորապես դպրոցի տնօրենի ընտրության կարգի վերաբերյալ:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
3303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
275716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196715.07.2026, 21:35