«Վաղը վերջին հրաժեշտն ենք տալու բանաստեղծ, թարգմանիչ Համլետ Կարճիկյանին». Լևոն Բլբուլյան
766
Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 22:24
Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր գրական ընտանիքը ևս մի ցավալի կորուստ կրեց. վաղը վերջին հրաժեշտն ենք տալու բանաստեղծ, թարգմանիչ Համլետ Կարճիկյանին, անձամբ ինձ համար թանկ ու սիրելի մարդու, ավելին, քան պարզապես գրչեղբայրը: Ես առանձնահատուկ ծանր եմ տանում նրա մահը… Այս հատվածը նրան վերաբերվող հուշապատումից, որ տեղ է գտել ,,Խոսք ու զրույց,, գրքիս ,,Գրական մտերմություն,, բաժնում, կարծում եմ շատ ավելին է ասում Համլետ Կարճիկյան մարդու, գրողի ու հրատարակչի մասին, քան այլ բառերով կարող եմ ասել հիմա, երբ ցավը խեղդում է… Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Համլետ: Քեզ շատ ենք հիշելու և կարոտելու, քո ստեղծագործությունները նորովի գնահատելու… ,,…Դա այն շրջանն էր, երբ գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ երիտասարդ ինժեներս ի վերջո հիմնովին լրագ- րությամբ ու գրականությամբ էի տարվել: Քանի որ հասցրել էի մեկ-երկու անգամ բանաստեղծական շարքեր տպագրել «Ավանգարդ» թերթում ու «Գարուն ամսագրում (երկուսն էլ այն ժամանակ շատ սիրված, հեղինակավոր պարբերականներ), ժամանակ առ ժամանակ խնամքով մեքենագրում, մի թղթապանակի մեջ ըստ բաժինների դասավորում, վերադասավո րում էի հին ու նոր իմ բանաստեղծությունները, իհարկե, արդեն երազելով գիրք ունենալու մասին: Իսկ գիրք հրատարակելն այն ժամանակ այնպես հեշտ չէր, ինչպես այսօր, երբ, անհրաժեշտ գումար կամ հովանավոր ունենալու դեպքում, ամեն ոք կարող է առանձին գրքով տպագրել իր գրչափորձերը՝ անկախ դրանց գեղարվեստական մակարդակից, ասելիքից ու թեմայից: Մի հրատարակչություն կար միայն, պետակա՛ն, որն իր պահանջներն ու չափանիշներն ուներ, ու ասպարեզում պարզա պես չէին կարող կասկածելի որակի գրքեր հայտնվել: Եվ այսպես, եկավ մի օր, երբ, ըստ իս, ժողովածուս վերջապես պատրաստ էր, բայց, արի ու տես, որ մի տեսակ վախենում, վարանում էի հրատարակչություն գնալ: Հերթական ամեն խմբագրումից, վերադասավորումից հետո, ոգևորվում, որոշում էի հաջորդ օրն իսկ գիրքս «Սովետական գրող» տանել, բայց հանկարծ կասկածն ու անվստահությունն ինձ պաշարում էին էլի: Մի օր, սակայն, «Գարուն» ամսագրում կարդացի հրատարակչության ավագ խմբագիր ,անշուշտ, մամուլից, գրքերով ինձ ծանոթ բանաստեղծ Համլետ Կարճիկյանի հարցազրույցը, որտեղ հրատարակչական որոշ խնդիրների, խմբագրի իր սկզբունքների մասին խոսելով, նա նշում էր նաև, որ իր համար հատկապես հաճելի է երիտասարդ հեղինակների հետ աշխատելը, անգամ ինչ-որ բան է սովորում նրանցից: Ու սա եղավ այն կարևոր ազդակը, որն ի վերջո ինձ վճռականոթյուն, համարձակություն պիտի ներշնչեր. հաջորդ օրն իսկ, թղթապանակը թևիս տակ, հրատարակչությունում հայտնվեցի, գեղարվեստական գրականության բաժնում: Կարճիկյանը սիրալիր ու բարյացակամ ընդունեց ինձ: Ասացի, որ եկել եմ հատկապես «Գարունի» իր հարցազրույցը կարդալուց հետո, ուզում եմ գիրքս ներկայացնել տպագրության: «Եթե, իհարկե, արժանիքներ ունի»,- ավելացրի վերջում, կարմրելով: Բարեհոգի ժպտաց, անշտապ բացեց թղթապանակը, մեկ-երկու բանաստեղծություն կարդաց ու փակելով, ասաց, որ մեկ շաբաթից կարող եմ գալ պատասխան ստանալու: Թե ինչ հուզումների, ապրումների, անհամբեր սպասման մեջ անցկացրի այդ մեկ շաբաթը, լավ կպատկերացնեն միայն նրանք, ովքեր երբևէ նման «քննություն» հանձնել են: Բայց, ահա, երբ օրը եկավ, ու ես հրատարակչություն պիտի գնայի, կասկածներն ինձ համակեցին նորից, անգամ անորոշ մի վախ պաշարեց, ասես խիստ մի դատավճռից առաջ, ու թեև նույնիսկ գնացել, շենքի մոտ էի հասել, ճամփաս շեղեցի ակամա ու գնացի բոլորովին այլ ուղությամբ: Առաջիկա շաբաթվա ընթացքում ևս երկու անգամ գրեթե նույնը կրկնվեց, ու երկրորդ շաբաթվա սկզբում միայն ի վերջո անվստահությունն հաղթահարելով, մտա հրատարակչութ յուն: Համլետ Կարճիկյանն առաջին օրվանից ավելի սիրալիր ընդունեց սկսնակ բանաստեղծիս, ժպտադեմ հրավիրեց նստել, ու դա արդեն ինձ որոշակի վստահություն ներշնչեց: Մտերմաբար հարցրեց. -Էս ու՞ր ես, երիտասարդ, ինչու՞ չես հետաքրքրվում գրքիդ ճա- կատագրով: Ես շփոթվեցի ու մինչ ուզում էի ինչ-որ պատճառ հորինել, նա շարունակեց. - Բանաստեղծություններիդ ծանոթացա, տպավորությունս միանգամայն դրական է: Այդ ո՞նց է, որ մամուլում անվանդ չեմ հանդիպել…Մի խոսքով, գիրքդ կներկայացնեմ պլանավորման, բայց գիտես չէ՞, որ նախ պիտի ներքին գրախոսության հանձնվի: Ես հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի… Հաճելի հուզմունքից շիկնել էի, միայն կցկտուր կարողացա շնորհակալություն հայտնել ու պատրաստվում էի հրաժեշտ տալ, բայց, ա՜յ քեզ ուրախություն, ևս մի լավ լուր էր ինձ սպասվում, ինչ-որ տեղ, գուցե, առաջինից կարևոր. - Գիտե՞ս, Լևոն, պարզապես բախտդ բերեց, որ գիրքդ մի շաբաթ շուտ հրատարակչու թյուն բերեցիր. մենք մի ալմանախ էինք պատրաստել տպագրության՝ միայն երիտասարդ բանաստեղծների մասնակցությամբ, կոչվում է «Նոր ձայներ»: Կարելի է ասել, վերջին պահին, հենց տպարան իջեցնելուց առաջ, հասցրի քո բանաստեղծու թյուններից մի քանիսը գրքում ավելացնել: Երևի մի ամսից լույս կտեսնի, այնպես որ, հիմա էլ կարելի է քեզ շնորհավորել: Այստեղ արդեն իմ ուրախությունն հասավ գագաթնակետին: Փո- ղոց դուրս եկա ասես թևավորված, շտապում էի ուրախությունս հարազատներիս, մտերիմներիս հետ կիսելու… Իսկապես, մոտ մեկ ամսից «Նոր ձայներ» ալմանախը տպագր- վեց և, որքան հիշում եմ, լավ արձագանք գտավ գրական շրջանակներում: Ժողովածուի վերաբերյալ «Գրքերի աշխարհ» և «Ավանգարդ» թերթերում տպագրված գրախոսականներում մի շարք հեղինակների հետ դրական առումով հիշատակվեցին և իմ բանաստեղծությունները, ու ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ«Նոր ձայները» կարևոր դեր խաղաց իմ գրական ճակատագրում, ինքնահաստատման, ստեղծագործական կողմնորոշման ճանապարհին: Տարիներ անց, երբ Համլետ Կարճիկյանի հետ արդեն ավագ ու կրտսեր գրչընկերներ, լավ բարեկամներ էինք, մի օր հարմար առիթով այս ամենը պատմեցի նրան, հիշեցրի իր լավության մասին, անշուշտ, ավելի լիարժեք շնորհակալություն հայտնելով: Գոհունակ ժպտաց, ջերմորեն թփթփացրեց ուսիս. «Կարևորն այն է, որ չեմ սխալվել, Լևոն ջան», ու իսկույն փոխեց խոսակցության թեման: Բայց քանի որ, ահա, հաճելի առիթ է ներկայացել, միանգամայն տեղին է նաև այսպես գրավոր իմ ողջույնն հղել նրան ու նորից երախտագիտությունս հայտնել: Ցավոք, վերջին շրջանում Համլետը վատառողջ է, առաջվա պես գրական միջոցառումներում չի երևում, ուստի ամբողջ սրտով նախ առողջություն եմ ցանկանում իմ ավագ գրչեղբորը ու հետո, իհարկե, ստեղծագործական առաջվա ավյունը մաղթում: Ի՜նչ լավ է, որ ոչ այնքան բարի այս աշխարհում, այսպես թե այնպես, մեր ճանապարին բարի, սրտացավ, միշտ լավության պատրաստ մարդիկ են հանդիպում: 2018 թ.»: