«Հոմերոսի «Իլիական»-ի թարգմանության ավարտը». Արամ Թոփչյան

Բանասեր, մշակութաբան, թարգմանիչ Արամ Թոփչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՈՄԵՐՈՍԻ «ԻԼԻԱԿԱՆ»-Ի ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ
Այս աղետալի օրերին և առհասարակ վերջին երկու տարում Մուսաները, ցավոք, լռել կամ գրեթե լռել են։ Բայց աշխատանքն ունի իր տրամաբանությունը։ Մենք ջանացել ենք ամեն օր շարունակել մեր աշխատանքը, մինչև որ երեկ հաղթահարեցինք հերթական բարձունքը — այն բարձունքը, որից վեր, իմ խորին համոզմամբ, գրականություն գոյություն չունի։ Ավարտեցինք Հոմերոսի «Իլիական»-ի բնագրային նոր թարգմանությունը, որն սկսել էինք 2021 թվականի հունվարին։ Այսինքն՝ թարգմանությունը տևեց մեկ տարի և երկու ամիս։ Վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ «Իլիական»-ը հունահռոմեական էպիկական պոեմներից ամենածավալունն է (15.693 տող), և մենք էլ աշխատում ենք միաժամանակ մի քանի գրքի վրա։
Հոմերոսը՝ մեր սիրելի վարպետը, հանճարեղ ծերունին, անկեղծ ասած, մեզ շատ չարչարեց իր բարդ լեզվամտածողությամբ, բայց և այդ չարչարանքը հարյուրապատիկ հատուցեց՝ մեզ ներքաշելով իր մոգական աշխարհը և գեղագիտական անսահման վայելք պատճառելով։ Ներկայիս դաժան իրականության մեջ նա մեծ մխիթարություն դարձավ մեզ համար՝ պարբերաբար մեր ուշադրությունը շեղելով տխուր իրողություններից։
Առաջին հերթին, բնականաբար, փորձել ենք Հոմերոսին հնարավորինս լավ հնչեցնել հայերեն (իսկ հայերենը հրաշալի լեզու է նման լայնակտավ էպիկական երկերի թարգմանության համար): Բայց նաև նույնպիսի գերնպատակ ենք ունեցել՝ առավելագույնս հարազատ մնալ բնագրին։ Իսկ դա, ըստ մեր սկզբունքի, նշանակում է ոչ միայն փոխանցել Հոմերոսի խոսքերի ընդհանուր իմաստը, այլև թարգմանել հնարավորինս բառացիորեն — օրինակ, բանաստեղծական չափը հեշտությամբ ապահովելու նպատակով, տողերը չլցնել բնագրից բացակայող ավելորդ բառերով և, ընդհակառակը, դարձյալ չափի թելադրանքով, բաց չթողնել բնագրում առկա որևէ քիչ թե շատ կարևոր բառ։
Այժմ պիտի զբաղվենք գրքի առաջաբանով ու մեկնություններով՝ ջանալով հնարավորինս շուտ գրական այս անկրկնելի կոթողը հանձնել հրատարակության։
Որոշել ենք գիրքը նվիրել հորս՝ Ստեփան Թոփչյանի (1937–2021) հիշատակին, որը շատ էր սիրում Հոմերոսի պոեմները, և որի դրդմամբ ուսանողական վաղ տարիներին ես սկսել եմ հին հունարեն ուսումնասիրել։
Ստորև դնում եմ «Իլիական»-ի վերջին տողերը․
Իսկ երբ կանուխ վարդամատն Արշալույսն էր երևացել,
Հռչակավոր Հեկտոր այրի խարույկի մոտ եկան մարդիկ։
Ապա, իրար գլխի գալով, նրանք շուրջը հավաքվեցին,
Նախ հրաշեկ գինի լցրին ու մարեցին խարույկը ողջ՝
Ամեն կողմում, ուր հասել էր ուժը հրի, հետո սպիտակ
Ոսկորները եղբայրները ու ընկերներն արտասվելով
Ժողովեցին, և այտերով նրանց հոսեց արցունքն առատ։
Այնուհետև դրանք ոսկե տապանակում զետեղեցին՝
Փաթաթելով ծիրանեգույն ու նրբահյուս շորերի մեջ,
Անմիջապես գերեզմանը դրին խորունկ, իսկ վերևից
Խիտ շարելով, այն ծածկեցին մեծ քարերով, իսկույնևեթ
Թումբ կիտեցին, ու նստեցին պահակները շուրջանակի,
Որ վաղաժամ չհարձակվեն գեղասրունք աքայացիք։
Իսկ երբ թումբը կիտել էին, վերադարձան և այնուհետ
Հավաքվեցին ու փառավոր հոգեհացին մասնակցեցին
Պրիամոսի՝ աստվածասուն թագավորի ապարանքում —
Այսպես, ահա՛, թաղումն արին նրանք Հեկտոր ձիավարի։
Հոմերոս, «Իլիական», XXIV.788–804
© Հին հունարենից թարգմանությունը Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի
Ἦμος δ' ἠριγένεια φάνη ῥοδοδάκτυλος Ἠώς,
τῆμος ἄρ' ἀμφὶ πυρὴν κλυτοῦ Ἕκτορος ἔγρετο λαός.
αὐτὰρ ἐπεί ῥ' ἤγερθεν ὁμηγερέες τ' ἐγένοντο
πρῶτον μὲν κατὰ πυρκαϊὴν σβέσαν αἴθοπι οἴνῳ
πᾶσαν, ὁπόσσον ἐπέσχε πυρὸς μένος· αὐτὰρ ἔπειτα
ὀστέα λευκὰ λέγοντο κασίγνητοί θ' ἕταροί τε
μυρόμενοι, θαλερὸν δὲ κατείβετο δάκρυ παρειῶν.
καὶ τά γε χρυσείην ἐς λάρνακα θῆκαν ἑλόντες
πορφυρέοις πέπλοισι καλύψαντες μαλακοῖσιν.
αἶψα δ' ἄρ' ἐς κοίλην κάπετον θέσαν, αὐτὰρ ὕπερθε
πυκνοῖσιν λάεσσι κατεστόρεσαν μεγάλοισι·
ῥίμφα δὲ σῆμ' ἔχεαν, περὶ δὲ σκοποὶ ἥατο πάντῃ,
μὴ πρὶν ἐφορμηθεῖεν ἐϋκνήμιδες Ἀχαιοί.
χεύαντες δὲ τὸ σῆμα πάλιν κίον· αὐτὰρ ἔπειτα
εὖ συναγειρόμενοι δαίνυντ' ἐρικυδέα δαῖτα
δώμασιν ἐν Πριάμοιο διοτρεφέος βασιλῆος.
Ὣς οἵ γ' ἀμφίεπον τάφον Ἕκτορος ἱπποδάμοιο.»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
102Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
214Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
21817.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
33916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
121415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59212.09.2026, 23:54