Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ձայնագրության մեջ առկա է ակնհայտ սադրանք. «5165 շարժում»

Ձայնագրության մեջ առկա է ակնհայտ սադրանք. «5165 շարժում»
235
Երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ., 12:48

«5165 շարժում»-ը գրում է. «Նկատի առնելով վերջին շրջանում քաղաքական հետապնդումների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, որոշ ԶԼՄ-ների, առանձին գործիչների կամ անհատների արձագանքները՝ «5165» շարժումը հարկ է համարում ներկայացնել որոշ մեկնաբանություններ՝ մանիպյուլատիվ բնույթի որևէ փորձ վիժեցնելու համար։

Այսպիսով՝

1. Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման, ինչպես նաև 44-օրյա պատերազմում սեփական մեղսակցությունն ընդունելու մասին հայտարարությանն արձագանքելով՝ «5165» շարժումը 2022թ․ ապրիլի 19-ին հայտարարել է, որ ժամանակավորապես կասեցնում է կուսակցական գործունեությունը և Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջով մտնում ապակուսակցական պայքարի մեջ։

2. «5165» շարժման առանձին անդամները հասարակական գործիչներ Ավետիք Չալաբյանի և Էդգար Ղազարյանի հետ համատեղ ձևավորեցին «Համախմբում» նախաձեռնությունը, որն ունի քաղաքական հստակ օրակարգ՝ հանրությանը հիմնավորել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտությունն ու նրա հեռացումից հետո ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակով։ Նախաձեռնությունը չմիացավ որևէ քաղաքական ուժի կամ գործչի, այն միացավ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 1-ից մեկնարկած ցույցերին ու բողոքի այլ գործողություններին, որոնց նպատակն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին երկրի կառավարման ղեկից։

3. Այս ընթացքում «Համախմբման» նախաձեռնողներից մեկի՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվեց առերևույթ քաղաքական հետապնդում։ Սա տեղի է ունենում մի մարդու նկատմամբ, ով գործով է ապացուցել իր նվիրվածությունը Հայրենիքին՝ նշանակալի ծրագրեր իրականացնելով Հայաստանի ռազմական արդյունաբերության, ռազմական կրթության, պաշտպանունակության զարգացման, հայրենադարձության և այլ ուղղություններով։

5. «5165» շարժումն անընդունելի և անթույլատրելի է համարում գումարի դիմաց մարդկանց քաղաքական գործողությունների շահագրգռելու ցանկացած դրսևորում․ դա կարմիր գիծ է, որը երբեք չենք կարող հատել։

6. Օրեր առաջ համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ առկա է Ավետիք Չալաբյանի ձայնը և որտեղ խոսք է գնում Արցախն Ադրբեջանին հանձնելը կասեցնելուն ուղղված պայքարին ուսանողներին ներգրավելու մասին։ Հարկ ենք համարում նշել, որ գաղտնալսված ձայնագրության մեջ առկա է ակնհայտ սադրանք՝ գումարի դիմաց ուսանողներին ներգրավելու առումով, որի հիման վրա հարուցվել է շինծու քրեական գործ՝ անտեսելով իրավական մի շարք էական հանգամանքներ։

7. Ակնհայտ է՝ ձայնագրությունը մոնտաժված և կցկտուր է և պարզորոշ հետապնդում է քաղաքական կեղտոտ նպատակներ։

8. Մենք ուշադիր հետևելու ենք դատաիրավական գործընթացին և ձգտելու ենք ապահովել արդար հետաքննություն և դատավարություն։

9. «5165» շարժումը կանգնած է Ավետիք Չալաբյանի և նրա ընտանիքի կողքին՝ ամեն կերպ աջակցելով նրանց։

10. Հարկ ենք համարում նշել, որ վերջին շրջանում հաճախացել են քաղաքական հալածանքներն ու հետապնդումները հասարակական, քաղաքական տարբեր գործիչների, ազատ ու քննադատական խոսք ասող անհատների հանդեպ։ «5165» շարժումը հնարավորինս աջակցել է և փորձելու է աջակցել բոլոր քաղբանտարկյալներին և իրենց քաղհայացքների համար հետապնդվող անձանց։

11. Բոլորին, այդ թվում որոշ լրատվամիջոցներին, բլոգերներին, տեղեկատվական դաշտի այլ ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ «5165» շարժման անունը շահարկելուց»։

Աղբյուրը`   «5165 շարժում»