«Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի իշխանությունների նպատակն է Արցախի կորստի մեղքը բարդել Ռուսաստանի վրա». Հայկ Խալաթյան
![]() 268 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 23:30 «Ռուսաստանն ամենակարող չէ, և Ադրբեջանի նկատմամբ ազդեցության հնարավորություններն ու լծակները բավականին սահմանափակ են»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասել է «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խմբագիր Հայկ Խալաթյանը, խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի ու հայ-ռուսական հարաբերություններում լարման հերթական փուլի մասին: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, այսպես կոչված, բնապահպանների, այսինքն՝ խաղաղ ակտիվիստների կողմից, հստակորեն մտածված, ծրագրված ակցիա է, որի նպատակն Արցախի հարցի վերջնական փակումն է հօգուտ Ադրբեջանի: Ըստ նրա, Ադրբեջանը հաշվարկել է, որ խաղաղ քաղաքացիների դեմ ՌԴ-ն ուժ չի կիրառի, իսկ, այսպես կոչված, կանաչ օրակարգով ակցիան Արևմուտքում լիովին ընդունելի երևույթ կդիտարկվի: «Ցավոք սրտի, այստեղ հարց է առաջանում՝ կա՛մ Ռուսաստանը պետք է այլ հարցերով փորձի ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կգնա ուժային մեթոդների, կա՛մ ստացվում է յուրօրինակ փակուղի: Բաքվում դա շատ լավ հաշվարկել են: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակները բավականին սահմանափակ են: Եթե դիտարկենք Ադրբեջանի տնտեսությունը, փոխադարձ առևտրի կառուցվածքը, ապա մի երկիր, որտեղ պետեկամուտների գրեթե 90 տոկոսը դեպի Արևմուտք էներգակիրների արտահանումն է կազմում, նման երկրի վրա ազդելու ՌԴ հնարավորությունները քիչ են, և մի երկիր, ում թիկունքում Թուրքիան է: Իսկ Ռուսաստանին պետք չէ ոչ երկրորդ ճակատ, և ոչ էլ լուրջ հակամարտություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ուստի Բաքվում վստահ են, որ մի կողմից՝ Ռուսաստանի ազդելու հնարավորությունները սահմանափակ են, նա չի կարող գնալ կտրուկ քայլերի, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ չնայած Լաչինի միջանցքում Ադրբեջանի նման գործողություններին, Արևմուտքը կնքում է էներգետիկ նոր համաձայնագիր Ադրբեջանի հետ, հատկացնում է 2 մլրդ եվրո Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացիայի համար, ուստի նրանք կարծում են, որ ներկայումս չափազանց հարմար պահ է այսպես փակելու համար»,- ասաց Խալաթյանը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա վերլուծաբանն ասաց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ակնհայտ է մեկ փաստ, և փաստացի Լավրովն ուղիղ այդ մասին ասաց, որ ՀՀ իշխանությունները մի կողմից՝ իմիտացիա են անում՝ պատրաստակամություն հայտնելով առաջ գնալ ռուսական առաջարկներով, որոնք կատարյալ չեն, բայց գոնե ԼՂ կարգավիճակի մասով ավելի հայամետ են, քան այն, ինչ առաջարկում է Արևմուտքը: «Հենց երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշեց, որ իրենց համար անընդունելի է ռուսական առաջարկը՝ հետաձգելու կարգավիճակի հարցը: Լավրովը դեկտեմբերի 1-ին դիվանագետի համար բավականին ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանը համաձայնել է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, և տրամաբանորեն հարց ուղղեց, որ եթե Պրահայում պայմանավորվում եք ինչ-որ բանի շուրջ, գալիս եք մեր մոտ Սոչի և նշում, որ այնտեղ ինչ-որ բան արդեն պայմանավորվել եք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ, ապա ի՞նչ եք ակնկալում, որ մենք առանց Ձեզ առա՞ջ ենք մղելու այդ օրակարգը: Նաև փաստացիորեն ասաց, որ եթե ՀՀ իշխանությունների համար բնական է դա, ապա իրենց համար առավել ևս բնական է, քանի որ դա կդյուրացնի իրենց աշխատանքը, քանի որ դա գլխավոր հարցերից մեկն է: Ի՞նչն էր խանգարում ավելի վաղ այս հակամարտության հանգուցալուծմանը՝ կողմերն ունեին արմատապես հակադրվող դիրքորոշումներ Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Ցավոք սրտի, մենք ներկայումս տեսնում ենք, որ ՀՀ դիրքորոշումը, ՀՀ իշխանությունների դիրքորոշումը կարդինալ փոխվել է և ոչ՝ ի շահ հայ ժողովրդի և Արցախի հայերի»,- ասաց Հայկ Խալաթյանը: Անդրադառնալով ՌԴ-ի հետ Միութենական պետության մասին հարցին և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պնդմանը, թե ՌԴ-ն ճնշումներ է բանեցնում ՀՀ-ի նկատմամբ՝ Հայկ Խալաթյանն ասաց, որ հարց է առաջանում, թե ի՞նչ կարող է Հայաստանը տալ Ռուսաստանին ավելի, քան ներկայումս տալիս է նրա համար, որպեսզի ՀՀ-ն միանա Միութենական պետությանը: «Ինչո՞ւ Ռուսաստանն իր վրա վերցնի նոր պարտավորություններ, նոր ծախսեր, նոր խնդիրներ՝ ինչի՞ փոխարեն: Ռուսաստանի Հարավային Կովկասում խնդիրների պատճառն այն է, որ չկա ռազմավարական պլանավորում, հարցերը լուծվում են ըստ իրավիճակների, ինչը ստեղծում է մեծ խնդիրներ հենց Ռուսաստանի համար: Իսկ Հայաստանի դեպքում առանձնահատկությունն այն է, որ Մոսկվայում կարծում են, որ ՀՀ գործող իշխանությունները հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցը չեն, որ այդ իշխանությունների նպատակը և Ադրբեջանի հետ բանակցություններում, այդ թվում՝ Արևմուտքի հովանու ներքո և մնացած բոլոր գործողությունների տեղեկատվական դաշտում, սեփական տապալումների ողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ Արցախի կորուստը Ռուսաստանի վրա բարդել և այդ պատճառաբանությամբ աշխարհաքաղաքական շրջադարձ անել, որի մասին խոսվում էր դեռևս 2018 թվականից: Իսկ իրականում ներկայիս խնդիրների գլխավոր պատճառը ՀՀ իշխանությունների անշնորհք քաղաքականությունն է: Այն ամենը, ինչ ներկայումս տեղի է ունենում, սպասելի էր, առավել ևս, անցյալ տարի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակից հետո: Երբ հայկական կողմը չունի որևէ կարմիր գիծ և գնում է ցանկացած զիջման, Ադրբեջանում վստահություն է առաջանում, որ որևէ քայլ չի արժանանա հակադրության»,- պնդեց վերլուծաբանը: Նա նաև նշեց, որ Ռուսաստանը, հասկանալի է, որ չափազանց զբաղված է Ուկրաինայում, և դրանից օգտվում են Ադրբեջանը, Թուրքիան, որոնք մեծացնում են իրենց ազդեցությունը նաև Հարավային Կովկասում, փորձում են այս ռեգիոնի միջոցով ուժեղացնել իրենց ազդեցությունը Ռուսաստանի համար ավելի կարևոր Կենտրոնական Ասիայում: Խալաթյանի խոսքով, ուստի Արևմուտքում համարում են, որ պետք է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, և դա կօգնի՝ ապագայում թույլ չտալով Ռուսաստանին Ուկրաինայից հետո զբաղվել այս տարածաշրջանով, որը պետք է փորձի վերախաղարկել իր կորցրած ազդեցությունը վերջին տարվա ընթացքում: «Թուրքիայի ուժեղացում ռեգիոնում՝ նշանակում է ՌԴ թուլացում, Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի խնդրահարույց դաշնակից, ամեն դեպքում ՆԱՏՕ-ի անդամ է, ռեգիոնում ԱՄՆ դաշնակիցը, որքան Թուրքիան ուժեղ լինի, այնքան թույլ կլինի Ռուսաստանը, Իրանը և ԱՄՆ-ի մյուս հակառակորդները: Ամեն ինչ հաշվարկված է, այլ հարց է, թե որքանո՞վ է մեզ հարկավոր այդ խաղում դառնալ մանրադրամ: Եթե կողմնորոշումը դեպի Արևմուտք թույլ կտար պահպանել Արցախը, ապա ես տրամաբանությունը կհասկանայի, բայց այնտեղ ավելի հակահայկական մոտեցումներ են, քան նույնիսկ Ռուսաստանի դեպքում: Ռուսաստանն էլ դիրքավորված չէ հստակորեն հայամետ կամ ադրբեջանամետ, ՌԴ-ն իր շահերն ունի՝ Ադրբեջանի նկատմամբ և ռեգիոնում իր ազդեցության վերջին լծակներից մեկը ԼՂ հարցն է և կարգավիճակի հարցի հետաձգումը»,- ասաց նա: Հայկ Խալաթյանը նաև նշեց, որ, ցավոք սրտի, ռուսական քաղաքականությունը չափազանց անձնավորված է, հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրներից մեկը նաև այն է, որ չկա առաջին դեմքերի մակարդակով նորմալ շփում, և պետք է նաև ամեն դեպքում խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չկա հարգանք ոչ միայն ՌԴ ղեկավարության կողմից, այլև այլ գործընկերների կողմից: «Մի մարդու, ում վրա Ալիևը հրապարակային ծիծաղել է, ծաղրել է, իսկ նա լռել է, ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել, համարել բանակցային հավասարազոր կողմ: Առավել ևս Նիկոլ Փաշինյանն այնքան է փորձել գցել, խաբել, որ նրան որևէ մեկը լուրջ չի ընկալում, և դա ստեղծում է խնդիր, քանի որ Ռուսաստանում շատ հարցեր ամեն դեպքում լուծվում են փակ դռների ետևում առաջին դեմքերի մակարդակով բանակցությունների ընթացքում: Այս առումով նշեմ, որ թեև Ադրբեջանի քաղաքականությունն ավելի հակառուսական է, սակայն այն գոնե հասկանալի է ռուսական ղեկավարության համար և նույնիսկ Արևմուտքում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
8301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
13800:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
341Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
796Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
420Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1077Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
988Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
869Երեկ, 14:24
