«Առաջին նախագահի գրասենյակը չարաչար սխալվում է». Հրանտ Տեր- Աբրահամյան
300
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 10:18
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը․ «Առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր անդրադարձել է «Քաղաքական տեսություն» իմ հաղորդաշարի վերջին հաղորդմանը, պնդելով, թե ես իբր «բացարձակ կեղծիք» եմ թույլ տվել, երբ հաղորդման ընթացքում ասել եմ, որ 1997-ին Տեր-Պետրոսյանը կողմ է արտահայտվել ռուսական ուժերի տեղակայմանն Արցախում: Ցավ ի սիրտ, պետք է հայտնեմ, սակայն, որ Առաջին նախագահի գրասենյակը չարաչար սխալվում է, և մեղմ ասած՝ անհարմար դրության մեջ է գցում իրեն: Այսքան տարի ինձ ճանաչելով, կարելի էր հասկանալ, որ ես իմ հրապարակային խոսքում շրջահայաց եմ, և գիտեմ ե՛րբ և ի՛նչ եմ ասում ու ինչի՛ համար: Խնդիրն այն է, որ այս հարցում պարոն Մուսինյանը պետք է հերքի ոչ թե ինձ, այլ ԱՄՆ Պետդեպին և այն ժամանկվա ԱՄՆ Պետդեպի քարտուղար՝ Մադլեն Օլբրայթին: Եվ սա այն պարզ պատճառով, որ իմ խոսքն ընդամենը հղում էր Պետդեպի գաղտազերծված փաստաթղթերից մեկին: Դրա հղումը ես կդնեմ մեկնաբանության մեջ, իսկ այստեղ պատճենեմ խնդրո առարկա հատվածը բնագրով: THE SECRETARY AND CHIRAC BRIEFLY REVIEWED NGORNO-KARABACH, AGREEING THE DECISION TO ESTABLISH A MINSK GROUP TRI-CHAIR WAS A GOOD ARRANGEMENT. CHIRAC SAID HE HAD SEEN AZERI PRESIDENT ALIYEV RECENTLY, AND HAD URGED HIM TO WORK FOR AN AGREEMENT ON NGORNO-KARABACH, SUGGESTING FULL AUTONOMY WITH INTERNATIONAL MILITARY TROOPS TO OFFER SECURITY. HE CONFIRMED TO THE SECRETARY THIS MEANT UN TROOPS. THE SECRETARY SAID SHE UNDERSTOOD ARMENIAN PRESIDENT TER-PETROZIAN WANTED A RUSSIAN TROOP PRESENCE, BUT THIS COULD BE POSSIBLE WITHIN AN INTERNATIONAL MILITARY GROUP. FM DE CHARETTE NOTED IT WOULD BE IMPORTANT TO HAVE TRANSPARENCY WITHIN THE MINSK TRI-CHAIR Ինչպես տեսնում եք, այստեղ պարզ գրված է, որ Ֆրանսիայի նախագահ Շիրակի և ԱՄՆ Պետդեպի քարտուղար Օլբրայթի հանդիպման ժամանակ, նախագահ Շիրակն ասում է, որ ինքը հանդիպել է Հեյդար Ալիևին, և նրանք քննարկել են Ղարաբաղյան խնդիրը, այդ թվում այդտեղ ՄԱԿ-ի զորքերի տեղադրումը: Ընդ որում՝ հատուկ շեշտվում է, որ Շիրակը հավաստիացնում է Օլբրայթին, որ խոսքը հենց ՄԱԿ-ի զորքերի մասին է: Սրան ի պատասխան՝ Օլբրայթն ասում է, որ ինքը հասկացել է, թե Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանն ուզում է ռուսական զորքերի ներկայություն: (Հնարավորինս տառացի եմ թարգմանում, բայց թող անգլերենի գիտակներն ուղղեն, եթե հարկ կա): Դա հնարավոր է, շարունակում է Օլբրայթը միջազգային ուժերի ներքո: Ի դեպ, ուշագրավ է, որ վերջում Օլբրայթը նշում է, որ կարևոր է, որ Մինսկի խմբում թափանցիկություն լինի: Այսինքն՝ թափանցիկության խնդիր է տեսնում հենց այս կոնտեքստում: Ինչևէ, նշված հատվածից աներկբայորեն բխում է, որ ըստ Մադլեն Օլբրայթի՝ Հայաստանի նախագահն «ուզեցել է ռուսական զորք»: Ուղիղ այսքանն էլ անհրաժեշտ է Մուսինյանի հերքումը հերքելու համար: Եթե այստեղ կա սխալ, ապա առաջին նախագահի մամլո խոսնակի հերքման հասցեատերը պետք է լինի ԱՄՆ Պետդեպի քարտուղարը, բայց ոչ երբեք Հրանտ Տեր-Աբրահամյանը, որն ընդամենը հղում է արել հրապարակված փաստաթղթին: Չգիտեմ ինչու, նման հանրաճանաչ անձնավորությանը հերքելու փոխարեն ընտրել են իմ համեստ անձը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես այսքանից հետո կարելի է փորձել տակից դուրս գալ, և ինչ որ «փաստարկներ» հորինել, բայց իմ հորդորն է՝ հետայսու լինել ավելի ուշադիր, և ծայրահեղ անհարմար դրության մեջ չընկնել, ու չգցել այդ դրության մեջ այն մի բուռ կողմնակիցներին, որոնք դեռ մնացել են: Խնդրում եմ նաև հաջորդ անգամ մոտենալ նման խնդիրներին ավելի սթափ, սառնասիրտ, այլ ոչ թե պահի զգացմունքի ազդեցության տակ տալ հերքումներ, որոնք իրենց հերթին այդքան խայտառակ կերպով հերքվում են»: