Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ
Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) այսօր նշում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդի փուլի 35-ամյակը. պայքար, որն իր մեջ մարմնավորել է ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը: Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը հավաքեց իր ողջ կամքն ու միավորվեց՝ հանուն Արցախի վերածննդի և Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի:
35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, տեղի ունեցավ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը, որում որոշում կայացվեց միջնորդություն ներկայացնել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ ինքնավար մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու վերաբերյալ։ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու հարցը բարձրացվել է ժողովրդավարական, խորհրդարանական եղանակով, ժողովրդի կամարտահայտման հիման վրա, ԽՍՀՄ այն ժամանակ գործող օրենսդրության և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի հետ խիստ համապատասխանությամբ:
Նստաշրջանի որոշումը, որը վերահաստատեց Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը, նշանավորեց ղարաբաղյան շարժման արդի փուլը և կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական զարգացման հեռանկարները։ Այն, ըստ էության, դարձավ ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված պատմաքաղաքական նոր իրողություններում 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի նախակարապետը և սկզբնավորեց Արցախի պետական անկախության ուղին:
Արցախցիների համաժողովրդական կամարտահայտության այդ ակտն արդարացիորեն դիտարկվեց որպես հուսալի երաշխիք՝ փրկվելու Ադրբեջանի կողմից էթնիկ հայ բնակչության նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական քաղաքականությունից, որն, ի վերջո, պետք է հանգեցներ նրա լիակատար ոչնչացմանը։ Հետագա իրադարձությունները հաստատեցին արցախցիների պատմական ընտրության օրինաչափությունն ու ճշմարտացիությունը։ Մարզային խորհրդի նստաշրջանից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին հայերի դաժան ջարդեր և սպանություններ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ: Նույնիսկ տասնամյակներ անց Արցախի ժողովրդի ոչնչացմանն ուղղված պաշտոնական Բաքվի հանցավոր քաղաքականությունը չի փոխվել։ Դրա մասին են վկայում 2016 և 2020 թվականների ռազմական ագրեսիաները, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող պետական ահաբեկչությունը, հանրապետության՝ արդեն գրեթե երեք ամիս շարունակվող տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը:
Չնայած անհավանական դժվարություններին և փորձություններին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է իր պայքարը հանուն պատմական հայրենիքում իր ազատ և անկախ գոյության՝ այդպիսով իրացնելով միջազգային իրավունքով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների ինքնորշման իրավունքը։ Անցած 35 տարիները հստակ ցույց տվեցին, որ համազգային խնդիրների լուծման կարևորագույն պայմանը համաժողովրդական միասնությունն է, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարոյական ու հոգևոր ուժերի համախմբումը, ինչը հնարավորություն է տալիս դիմակայել ժամանակի լրջագույն մարտահրավերներին:
Ազգային արժանապատվության և պատմական հայրենիքում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու իրավունքի համար մղվող բազմամյա պայքարով, ինչպես նաև ժողովրդավարական և կենսունակ պետության ստեղծմամբ Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը:
Այս հիշարժան օրը մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի ազատության և անկախության, հանուն համամարդկային իդեալների և արժեքների:

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
190Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
196Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
211Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
28024.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
43624.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
26224.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
25624.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23524.11.2026, 10:30