Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին

Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
48
Այսօր, 22:31

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսին պաշտոնից ազատելու մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է հրապարակումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 24-ին։
Նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Չիբիսի նախկին տեղակալ Նադեժդա Աքսյոնովան։
Ավելի վաղ Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել էր Չիբիսին՝ բյուջետային միջոցների վատնման երկու դրվագով և ընդհանուր առմամբ ավելի քան մեկ միլիարդ ռուբլի կաշառք ստանալու մեղադրանքով։ Չիբիսի ձերբակալման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 23-ին։
Դրվագներից մեկը կապված է Մուրմանսկում շնորհալի երեխաների համար կենտրոնի կառուցման հետ։ Ինչպես գրում է РБК-ն՝ հղում անելով գործի նյութերին ծանոթ իր աղբյուրներին, 2022 թվականին «Սևերստրոյ» ընկերությունը ստացել է 132,7 միլիոն ռուբլու պայմանագիր և գրեթե 40 միլիոն ռուբլու կանխավճար։ Քննությունը պնդում է, որ կենտրոնի շինարարությունն այդպես էլ չի սկսվել, իսկ գումարները փոխանցվել են այլ կազմակերպությունների՝ փոխառությունների անվան տակ։ 2026 թվականի հունվարին պատվիրատուն լուծել է պայմանագիրը։
Մյուս դրվագը, որը կապված է 1 միլիարդ ռուբլու վատնման հետ, վերաբերում է Մուրմանսկի մարզի Տերիբերկա գյուղ տանող ավտոճանապարհի վերանորոգմանը։ «Սևերստրոյ» ընկերությանը փոխանցվել է երկու կանխավճար՝ շուրջ 481 միլիոն և 567 միլիոն ռուբլի։ Քննությունը կարծում է, որ կապալառուն չի կատարել վճարված աշխատանքների ծավալը, իսկ մեղադրյալները գումարները տնօրինել են իրենց հայեցողությամբ։
РБК-ի աղբյուրները հայտնում են, որ ենթադրյալ հանցավոր խումբը ստեղծվել է ոչ ուշ, քան 2022 թվականին՝ Չիբիսի և մարզային կառավարության ներկայացուցչության այն ժամանակվա ղեկավար Աշոտ Բաբլումյանի կողմից։ Գործով ընդհանուր առմամբ անցնում է առնվազն տասը մեղադրյալ։
Չիբիսի կինը մեղադրանքներն անվանել է «անհեթեթ»։