Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ թե հերթական սահմանադրությունը, այլ սահմանադրությանը ենթարկվող իշխանություն»․ Արմեն Այվազյան

«ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ թե հերթական սահմանադրությունը, այլ սահմանադրությանը ենթարկվող իշխանություն»․ Արմեն Այվազյան
29
Այսօր, 22:42

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում բուռն քննարկումների առարկա է դարձել Փաշինյանի առաջարկած, իսկ իրականում՝ Ալիևի պարտադրած ՀՀ նոր սահմանադրությունը։ Իհարկե, առաջարկվող փոփոխությունները մեծ նահանջ են գործող սահմանադրությունից ազգային և պետական նշանակության մի շարք հիմնարար հարցերում։ Միայն ՀՀ Անկախության հռչակագրի հիշատակումից հրաժարվելն արդեն անընդունելի և պախարակելի է։
Բայց և այնպես խոսել գործող ու առաջարկվող սահմանադրությունների առավելությունների և թերությունների մասին մի երկրում, որտեղ ամեն օր ոտնահարվում են սահմանադրության հիմնարար դրույթներն ու բազմաթիվ օրենքների պահանջները, նշանակում է որոշ չափով շեղվել բուն խնդրից։ Ի վերջո, եթե ներկա սահմանադրությունը մնա ուժի մեջ, բայց շարունակի արհամարհվել, դրանից ի՞նչ օգուտ։ Կամ եթե նոր սահմանադրություն ընդունվի, բայց այն ևս չհարգվի ու չկատարվի, ի՞նչ է փոխվելու երկրի կառավարման բնույթում։
Չէ՞ որ սահմանադրություն ունենալը դեռևս չի նշանակում սահմանադրական կարգ ունենալ։ Նույնիսկ ամենակատարյալ սահմանադրությունն անարժեք է, եթե իշխանությունն իրեն վեր է դասում սահմանադրությունից ու օրենքներից։
Հետևաբար, Հայաստանում առաջնային ու հիմնարար խնդիրը ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ Է։ Դրանից հետո միայն կարելի է առհասարակ քննարկում սկսել նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության և նպատակահարմարության մասին։
Եվ ոչ թե օտար թելադրանքի ներքո գտնվող, շարունակական ցնցումների ու ազգային ուժերի նկատմամբ բռնաճնշումների ենթարկվող երկրում ձեռնամուխ լինել նոր հիմնարար օրենքի ընդունմանը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով նոր ցնցումների ու ազգային նոր կորուստների համար։
Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե հերթական սահմանադրությունը, այլ սահմանադրությանն ու օրենքներին ենթարկվող իշխանություն, անկախ դատական համակարգ, իշխանության ճյուղերի իրական տարանջատում և փոխադարձ հակակշռում, քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների երաշխավորված պաշտպանություն։ Կարճ ասած՝ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն։
Իսկ ամենից կարևոր և ամենից հրատապ խնդիրներն են՝ Հայաստանի ազատագրումն օտար թելադրանքից և անվտանգության նոր համակարգի կառուցումը՝ ԱԶԳ-ԲԱՆԱԿ մոդելի հիման վրա»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան