Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հանդիպումը կայունության երաշխիք չէ». Հակոբ Բադալյան

«Հանդիպումը կայունության երաշխիք չէ». Հակոբ Բադալյան
249
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 03:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանդիպումը՝ լինի երկկողմ, եռակողմ, թե քառակողմ, լինի պարզապես հանդիպում, թե բանակցություն, ինքնին որևէ կայունության երաշխիք չէ:
Որևէ կերպ չեմ ցանկանում սառը ջուր լցնել այն տրամադրությունների վրա, որ կան Մյունխենում Բլինքենի հովանու ներքո եռակողմ հանդիպման առնչությամբ, բայց ինքնին հանդիպումը կայունության երաշխիք չէ:
Օրինակ, 2021 թվականի նոյեմբերի 26-ի մեկօրյա մասշտաբային բախումը հաջորդեց դրանից մոտ երկու շաբաթ առաջ Փարիզում համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը: Կամ, 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը հաջորդեց դրանից երկու շաբաթ առաջ Բրյուսելի հանդիպմանը:
Սա բոլորովին չի նշանակում, որ Մյունխենի հանդիպումից հետո «օրինաչափորեն» պետք է սպասել որեւէ անկայունություն: Պարզապես, կայունության հարցը գնահատելու համար որեւէ հանդիպում չի կարող լինել ստույգ մեկնակետ:
Ավելին, քաղաքականության տեխնոլոգիաները կարող են այդօրինակ հանդիպումներն օգտագործել հենց ապակայունացման միտումներ խթանելու համար՝ բնականաբար խաղաղության համար աշխատելու խոսքերի ներքո:
Առանցքայինն այդ հանդիպումների իրական բովանդակություններն են, այլ ոչ փաստն ինքնին: Բովանդակությունը, խոսակցության ընթացքը, բնույթը, շեշտադրումները կտան կայունության հարցում դրանց օգտակարությունը գնահատելու հնարավորություն:
Դա քաղաքականությունն է, այստեղ չկա որեւէ արտառոց բան:
Հետեւաբար, մենք որպես պետություն ու հանրություն պետք է պատրաստ լինենք դրան, չգտնվենք լավատեսական կամ հոռետեսական սցենարների ազդեցության ներքո, այլ արձանագրենք, որ այսօր մի աշխարհում ենք, որտեղ չկա անվտանգության «միատարր» մեխանիզմ, եւ չկա երկարատեւ անվտանգության ու կայունության մեխանիզմ: Ըստ այդմ, մեր առանցքային խնդիրը դառնում է Հայաստանի ներսում դիմադրունակության մեխանիզմների ուղղությամբ աշխատանքի գերարդյունավետ ռեժիմի հասնելը:
Շատերն այստեղ անմիջապես հասկանում են, ու նաեւ փորձում են հավաստիացնել, որ խոսքը «ինքնաձիգի» մասին է: Ամենեւին: Այո, սպառազինությունը կարեւորագույն բաղադրիչ է, բայց մենք տեսանելի ապագայում չենք կարող ունենալ այնպիսի սպառազինություն եւ պաշտպանական համակարգ, որը մեզ թույլ կտա ունենալ անվտանգության բարձր ինքնաբավությամբ երաշխիքներ:
Հետեւաբար, մեր խնդիրն է առավելագույնն անել իբրեւ պետություն եւ հասարակություն որակական ինստիտուցիոնալացման ճանապարհ անցնելու համար՝ կենսագործունեության բոլոր ուղղություններում: Դա պետք է դառնա այն ոտնատեղը, որի վրա հենվելով Հայաստանի պետք է կարողանա ամրացնել անվտանգության հարցում համալիր աշխատանքը արտաքին ուժային կենտրոնների հետ՝ Հայաստանի անվտանգության մեխանիզմի խճանկարը ձեւավորելու համար:
Այո, այսօր անվտանգություն հնարավոր է «խճանկարի» տրամաբանությամբ: Դա կարճաժամկետ ազդեցությամբ «մեխանիզմ» է, բայց ցավոք այսօր գոյություն չունի երկարաժամկետը: Իսկ այդ «խճանկարը» ստանալու համար էլ պահանջվում է բազմավեկտոր ու բազմպրոֆիլ աշխատանք, որը հնարավոր է միայն որակյալ, արդիական ինստիտուցիոնալությամբ պետական-հասարակական օրգանիզմի միջոցով: Կրկնեմ, որակյալ, այլ ոչ թե «ֆան-ակումբների» տրամաբանությամբ:
Մնացյալն, ըստ իսկ, կամա, թե ակամա՝ անկեղծ երեւակայություն է, կամ միտումնավոր աճպարարություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան