Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև․ԱՄՆ կոնգրեսական
![]() 420 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 17:00 Արցախի ժողովրդավար ու խաղաղասեր ազգաբնակչությունն այսօր ենթարկվում է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների և կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել և ահաբեկչություն իրականացնել՝ նպատակ ունենալով արտաքսել կամ բնաջնջել Արցախի քաղաքացիներին և առանց հետևանքների վերահսկողություն հաստատել հայկական տարածքների վրա։ Շուրջ յոթ ամիս Արցախի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային իրավունքի և հրադադարի մասին 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,- ասել է կոնգրեսական Շիֆը։ Նրա դիտարկմամբ՝ Արցախն օգտագործվել է որպես սակարկության առարկա բանակցային գործընթացում՝ առանց որևէ ներկայացվածության, ինչը հակասում է ԱՄՆ-ի դավանած արժեքներին և միջազգային իրավունքին։ Կոնգրեսականը վկայակոչել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»։ Շիֆը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով միակամ հռչակեց իր անկախությունը և այդ քայլը համահունչ էր միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից 1970 թվականին վավերացված պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության դաշնագրի դրույթներին։ Ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի կառավարությունը շարունակում է բարձրաձայնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցային գործընթացում ներգրավվելու իր ցանկության մասին՝ որպես իրավահավասար կողմ, ինչն, ըստ կոնգրեսական Շիֆի, պետք է լինի անվտանգության, ինքնորոշման իրավունքի հարցում միջազգային երաշխիքների առկայության և բանակցող կողմերի պարտավորությունների կատարման պայմաններում։ «Արցախում ապրող 120.000 հայերի անվտանգությունն ու իրավունքները չեն կարող երաշխավորվել Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության կողմից, որը տարիներ շարունակ կազմակերպել է բազմաթիվ վայրագություններ արցախահայերի նկատմամբ, ներառյալ Շուշիի և Հադրութի հազարավոր հայերի էթնիկ զտումները 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ադրբեջանցիներն իրականացրել են նաև հայ ռազմագերիների խոշտանգումներ ու սպանություններ, ոչնչացրել են Արցախում հայկական կրոնական և մշակութային արժեքները»,- նշել է Շիֆը։ Կոնգրեսականի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Արցախի ժողովրդին ու կանգնել նրա կողքին՝ հասնելու այն ճանաչմանը, որին արցախահայությունն արժանի է՝ ի թիվս այլ ժողովուրդների։ ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, «ԱՄՆ-ն պետք է կոչ անի Ադրբեջանին՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատժամիջոցների և օգնության դադարեցման միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, պետք է ապահովի Արցախի ժողովրդի պաշտպանությունն ու ինքնորոշման իրավունքը, առավել ևս, որ արցախահայությունը հայտարարել է, որ չի հրաժարվի անկախության իր իրավունքից և արժանապատիվ, խաղաղ կյանքով ապրելու նպատակադրությունից»,- եզրակացրել է կոնգրեսական Շիֆը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
