Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Աշոտյանին կալանավորելով՝ իշխանությունն ընկել է մեծ գլխացավանքի մեջ». Տիգրան Քոչարյան

«Աշոտյանին կալանավորելով՝ իշխանությունն ընկել է մեծ գլխացավանքի մեջ». Տիգրան Քոչարյան
373
Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 23:06

Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Տիգրան Քոչարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորեցին Արցախի հետ կապված քաղաքական զարգացումների ֆոնին։

«Ե՛վ հասարակությանը շեղելու նպատակով, և՛ հասկանալով, որ Արմեն Աշոտյանն ուղղակի քաղաքագիտորեն ջախջախում է իշխանության գործունեությունը, որոշեցին Արմենին շատ արագ մեկուսացնել, որպեսզի նրա նման հայրենասեր, ինտելեկտուալ մարդիկ չխանգարեն Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Քոչարյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Արմեն Աշոտյանին կալանավորելով՝ իշխանությունը որևէ հաջողություն չգրանցեց, ավելին, ընկավ մեծ գլխացավանքի մեջ։ Այսինքն, եթե իշխանությունը մտածում էր, որ տակտիկապես ճիշտ քայլ է անում, ռազմավարապես սխալ դուրս եկավ, քանի որ որևէ նպատակի չի հասել։ «Ամեն դեպքում Արմեն Աշոտյանը, նույնիսկ կալանավորվածի կարգավիճակում, կարողանում է իր ասելիքը հասցնել տարբեր ճանապարհներով։ Իշխանությունների համար գլխացավանք է նաև այն, որ նույն եվրոպական կառույցներում Արմեն Աշոտյանը բավականին հարգված ու ընդունված քաղաքական գործիչ է, և այնտեղ էլ են արդեն սկսել որոշ չափով հասկանալ, թե ՀՀ ներկայիս իշխանությունն իրենից ինչ է ներկայացնում։ Չնայած այս կառույցները շատ բաների վրա աչք են փակում, բայց, ամեն դեպքում, այդ նստվածքը մնում է։ Աշոտյանի կալանավորումը մեկ հոգու քմահաճույք է, Նիկոլ Փաշինյանի կապրիզն է»,- հավելեց Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջ դատական իշխանությունը փորձում է ենթարկել իրեն՝ որոշ տեղերում հաջողել է, որոշ տեղերում դեռ չի հաջողել, սակայն պրոցեսը շարունակվում է։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ խայտառակ վիճակում է Բարձրագույն դատական խորհուրդը, ինչպիսի որոշումներ են անտեղ ընդունվում և ինչպես են դատավորներին զրկում աշխատանքից զուտ այն պատճառով, որ նրանք ընդունում են այնպիսի որոշումներ, որոնք իշխանության գծի մեջ չեն տեղավորվում։

Հետևաբար, ըստ Տիգրան Քոչարյանի, այս ամենը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի արդարացման դատավճռի հավանականությունը վստահաբար պայմանավորված է դատավորների մասնագիտական սկզբունքայնությամբ, քանի որ Աշոտյանը շարքային քաղաքացի չէ, մի ամբողջ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: