Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Անընդունելի է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի վայրագությունների արդարացումը. Եվրոպայի հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչներ

Անընդունելի է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի վայրագությունների արդարացումը. Եվրոպայի հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչներ
182
Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 11:00

Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկա գործողությունները։ Այս առումով վերարժևորվել է Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման շրջանակներում Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված գրությանը եվրոպական ավելի քան 470 կազմակերպությունների միացման փաստը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:

Հանդիպմանը մասնակից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային իրավիճակը՝ իր բնույթով օրհասական։ Ընդգծվել է՝ վերահաս աղետի կանխման համար անհրաժեշտ են միջազգային անհապաղ և գործուն քայլեր։

Հատուկ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային գործընթացում Եվրոպական միության ներկա դատապարտելի քաղաքական վարքին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խնդրահարույց հայտարարություններին։ Անընդունելի է համարվել Եվրոպական միության կողմից իր իսկ դավանած արժեքներին հակառակ՝ Ադրբեջանի որդեգրած էթնիկ զտման քաղաքականության և շարունակվող վայրագությունների, ըստ էության, արդարացումը։ Եվրոպական միությունը, ի դեմս Եվրոպական խորհրդի, պետք է քաղաքական կամք դրսևորի և արժեքների ու առևտրային հարաբերությունների միջև ընտրության գործում կողմնորոշվի դեպի արժեքները և կանխի մարդկության դեմ իրագործվող ադրբեջանական հերթական հանցագործությունները։

Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպայում Արցախի շուրջ հավելյալ զորակցության ապահովման, Արցախի շրջափակման վերացման, հումանիտար օժանդակության ապահովման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության և այլ ուղղություններով առաջիկա քայլերի վերաբերյալ։ Կարևորելով Եվրոպական միության ղեկավարության վրա շարունակական ճնշման ապահովումը և Ադրբեջանի հանցագործ քայլերի ու Արցախի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության հանրահռչակումը ՝ հայ համայնքների ներկայացուցիչները համաձայնության են եկել սույն հարթակի պահպանման և ընդլայնման, ինչպես նաև նմանաբնույթ հանդիպումների պարբերաբար անցկացման շուրջ ՝ աշխատանքների համադրման և գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Հանդիպման մասնակիցներն մեկ անգամ ևս իրենց անվերապահ զորակցությունն են հայտնել Արցախի հերոսական ժողովրդին՝ գնահատելով վերջինիս անխորտակելի պայքարը հանուն հայրենիքի ու հանուն արժանապատվության։