Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Արցախցի ուսանողների ուսման վարձի մասին կարևոր տեղեկություն». Նաիրի Հոխիկյան

«Արցախցի ուսանողների ուսման վարձի մասին կարևոր տեղեկություն». Նաիրի Հոխիկյան
1677
Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 23:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Արցախցի ուսանողների ուսման վարձի մասին կարևոր տեղեկություն․
2023թ․ նոյեմբերի 16-ին պաշտոնական հարցում էի ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ առաջ քաշելով Արցախից տեղահանված ուսանողների ուսման վարձի հատուցման անհրաժեշտությունը և խնդրելով ի թիվս այլ հարցերի, պատասխանել հատկապես հետևյալ հարցերին․
3․ Արդյո՞ք ՀՀ կառավարությունը ստանձնել է Արցախի Հանրապետության քաղաքացի ուսանողների ուսման վարձի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորում։
4․ Արդյո՞ք ՀՀ կառավարությունը մշակել է ծրագիր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի ուսանողների ուսման համար արտոնություններ սահմանելու համար՝ հաշվի առնելով նրանց բռնի տեղահանման հետևանքները և սոցիալական ծանր
վիճակը։
Ի պատասխան՝ 2023թ․ նոյեմբերի 22-ին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի ստորագրությամբ ստացել եմ հետևյալ պատասխանը, որը մեջբերում եմ ամբողջությամբ․
«ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 12-ի N 1762–Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի: Կարգավորումների համաձայն՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական կրթական ծրագրեր իրականացրած պետական ուսումնական հաստատություններում ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ, որը, համաձայն ուսանողի և ուսումնական հաստատության միջև կնքվող պայմանագրի, փոխանցվելու է ուսումնական հաստատությանը՝ 2023-2024 ուստարվա ուսման վճարը հոգալու նպատակով: Տրամադրվող կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրերի ՀՀ պետական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնառության համար սահմանված վճարների միջին արժեքների՝ չգերազանցելով 700 000 դրամը, մագիստրոսի կրթական ծրագրերում՝ 560 000 դրամը: Այսինքն՝ կախված բուհի ընտրությունից՝ տրամադրվող կրթաթոշակը կարող է բավարարել ուսման վարձի ամբողջական փոխհատուցմանը: Նշված որոշման արդյունքում ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է հատկացնել 2023 թվականի համար՝ մոտ 660 միլիոն, իսկ 2024 թվականի համար՝ 1 միլիարդ 325 միլիոն դրամ:
ՀՀ ԿԳՄՍՆ շրջաբերականով ՀՀ պետական բուհերին տրվել է ուղղորդում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին ներգրավելու դասապրոցեսի մեջ՝ ըստ ուսանողների ներկայացրած և տվյալ պահին հասանելի տեղեկատվության՝ անկախ անհրաժեշտ փաստաթղթավորման առկայությունից: Վերը նշված որոշմամբ նախատեսվում է տեղահանված ուսանողների դեպքում չկիրառել գործող կարգով նախատեսված՝ ուսանողների տեղափոխության որոշ դրույթներ ևս: Օրինակ, կիրառելի չեն առաջին և վերջին կուրսերից տեղափոխության արգելքները, ինչպես նաև կրեդիտների տարբերության լրացման համար նախատեսված է ավելի ճկուն ընթացակարգ՝ անհատական պլանի համաձայն»- մեջբերման ավարտը:
Եվ ահա այս գրությունից անմիջապես հետո՝ նոյեմբերի 23-ի կեսօրին ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ Արցախից բռնի տեղահանված 1836 ուսանողների 2023-24թթ․ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի կրթաթոշակ է հատկացվում 440 մլն դրամի չափով։ Եվս 402 մլն դրամ է հատկացվում քոլեջների 2524 ուսանողի ուսման վարձի վճարման համար։
Կարևոր եմ համարում ՀՀ կառավարության կողմից այս արձագանքը՝ Արցախցի ուսանողների ուսման վարձերի սուբսիդավորման համար։ Սիրելի Արցախցիներ, ուշադիր կարդացեք ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ինձ տրված պատասխանի տվյալների մանրամասները, որպեսզի կարողանաք օրենքով տեր կանգնել ձեր իրավունքներին ու պետական բյուջեից հատկացվող ուսման վարձի հատկացումներ ստանաք»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան