Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ալիևին պետք են ռևանշիստներ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիան արդարացնելու համար». Թաթուլ Հակոբյան

«Ալիևին պետք են ռևանշիստներ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիան արդարացնելու համար». Թաթուլ Հակոբյան
326
Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 16:48

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը և նրա վարչակարգի տարբեր պաշտոնյաներ անընդհատ խոսում են իբր Հայաստանում առկա ռևանշիզմի և ռևանշիստական ուժերի մասին:
Ալիևը, կարծում եմ, դա անում է Հայաստանին պիտակավորելու և ձգձգելու հնարավոր պայմանագիրը, որը ուզում են ստանալ Արևմուտքում, բայց նաև՝ Հայաստանի իշխանությունները, ինչու չէ՝ նաև ժողովորդի մի մեծ հատված (դաշտային իմ աշխատանքները՝ մարդկանց հետ շփումները, դա են ցույց տալիս):
Բացի այդ, Ալիևին պետք են ռևանշիստական ուժեր ՀՀ-ում, որպեսզի արդարացնի իր հնարավոր նոր ագրեսիան ՀՀ-ի դեմ:
Եթե Ալիևը նկատի ունի Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը՝ լինի խորհրդարանում կամ դրանից դուրս, ապա նրանց ցանկության դեպքում անգամ չի կարելի համարել ռևանշիստական:
Քոչարյանի ընտանիքն է՞ ռևանշիստ, որ շարունակում է իր բիզնես գործունեությունը Հայաստանում, նրա հետ ասոցացված ուժերն ե՞ն ռևանշիստ, որ չեն կարողանում 10 հազար մարդ անգամ դուրս բերել փողոց հայոց պատմության 21-րդ դարի ամենաողբերգական դեպքերից հետո՝ 2020-ի նվստացուցիչ պարտությունից ու Արցախի հայազրկումից հետո:
Սերժ Սարգսյանն է՞ ռևանշիստ, նրա ՀՀԿ-ն ու կամ այլ փոքր ուժ:
Հայաստոնում ցաքուցրիվ արցախահայերն ե՞ն ռևանշիստներ, որոնք օր ու գիշեր մի մտածմունք ունեն՝ տուն գտնել, տան վարձ վճարել...
Թե՞ Արցախի լուծարումը Ալիևի մահվան սպառնալիքի տակ ստորագրած Շահրամանյանն ու նրա պաշտոնյաներն են ռևանշիստներ, որոնք վախենում են անգամ մի շարքային ՔՊ-ականի հայտարարությունից, ինչպես՝ չհամարձակվե՛ք Հայաստանում վտարանդի կառավարություն ձևավորել:
Հայաստանն ու նրա բնակչությունը այսօր այնպիսի ծանր վիճակում են, որ ուղղակի չեն կարող ռևանշիստ լինել ամենամեծ ցանկության դեպքում անգամ:
Բայց Հայաստանում ռևանշի մասին իրական խոսակցություն և իրական ուժեր ու մարդիկ կլինեն, եթե այսօրվա ստստուս-քվոյի վիճակը շարունակվի»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան