Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Անհրաժեշտ է նոր փաստաթուղթ և նոր տեքստ»․ Թաթուլ Հակոբյան

«Անհրաժեշտ է նոր փաստաթուղթ և նոր տեքստ»․ Թաթուլ Հակոբյան
340
Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 16:30

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը կրկին կանգնած է մղձավանջային ընտրության առաջ՝ կապված հաղորդակցությունների բացման հետ:
Ադրբեջանը ուղիղ և նրա դաշնակից Ռուսաստանը անուղղակի շարունակում են հղում կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որով Հայաստանը պարտավորվել է անարգել կապ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
Այդ հայտարարության մյուս բոլոր 8 կետերը ոտնահարվել են Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, հետևաբար՝ Հայաստանը պետք է քննարկի այդ հայտարարությունից հրաժարվելու նպատակահարմարությունը: Այդ հայտարարությունը դանդաղ գործողության ռուս-ադրբեջանական ռումբ է՝ դրված ՀՀ պետականության տակ:
Անշուշտ, նոյեմբերի 9-ից հրաժարումը կամ Հայաստանի մասով չեղարկումը չի փրկում Հայաստանին, քանի որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան պահանջելու են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը:
Հայաստանը, լայն հաշվով, մի քանի տարբերակ ունի.
ա/ կատարել ռուս-ադրբեջանական պահանջը, այն է՝ Ադրբեջանի բեռները և մարդիկ Արաքս գետի երկայնքով անարգել անցնում են Նախիջևան և հակառակ ուղղությամբ, առանց հայ մաքսավորի և սահմանապահի ստուգման, միայն ռուս սահմանապահներն են վերահսկում և ուղեկցում: Սա նշանակում է, որ Հայաստանը փաստացի կորցնում է իր մի հողաշերտի նկատմամբ վերահսկողությունը:
բ/ Երևանը չորով հրաժարվում է հաղորդակցությունների բացումից, Ադրբեջանի հետ ոչ մի պայմանագիր չի ստորագրում, շարունակում է մնալ շրջափակման և մեկուսացման մեջ, ինչպես 1991 թվականից ի վեր է, բայց այն տարբերությամբ, որ մինչև 2020-ը մենք մեկուսացված ու շրջափակված էինք հաղթած վիճակում, հիմա նույն վիճակում ենք պարտված վիճակում:
գ/ Հայաստանը համաձայնվում է Ադրբեջանին տրամադրենլ անարգել կապ, պայմանով որ նույնպիսի կապ Հայաստանը ստանում է Նախիջևանով Մեղրիի հետ կապվելու համար: Այսինքն, մտցվում եմ լիմիտներ: Եթե Ադրբեջանը տարեկան 10 կիլոգրամ ապրանք է տեղափոխում Նախիջևան և 10 մարդ՝ առանց մաքսային և սահմանապահ ստուգման, ապա Հայաստանը ևս 10 կիլոգրամ ապրանք և 10 հոգի իրավունք է ունենում տեղափոխել Երևանից Մեղրի Նախիջևանով: Սա իհարկե, ռիսկային է, բայց Հայաստանը կարող է այս հարցով ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի:
դ/ կարելի է նաև բազմաթիվ այլ ենթատարբերակներ նշել, բայց լայն հաշվով, վերին 3 կետերի շրջանակներում են:
Ամեն դեպքում, Հայաստանի համար անընդունելի պետք է լինի որևէ հղում նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետի, քանի որ այդ հայտարարության գլխավոր սուբյեկտը՝ Արցախը, հայաթափված է և ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության տակ:
Եթե անգամ պիտի բացվեն հաղորդակցությունները, ապա դրանք չեն կարող բացվել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին հղում անելով, քանի որ ժամանակին դա արվել է Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցք ստանալու տրամաբանությամբ, որով պիտի իրականացվեր ՀՀ-Արցախ կապը:
Անհրաժեշտ է նոր փաստաթուղթ և նոր տեքստ:
Նախաձեռնությունը պետք է լինի Հայաստանից: Այն, իհարկե, կարող ենք ասել, որ արդեն եղել է Խաղաղության խաչմերուկ անունով: Բայց պետք է հստակ դիրքորոշում ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարության հարցում, քանի որ Ադրբեջանն ու նրա դաշնակից Ռուսաստանը հղում են կատարում հենց նոյեմբերի 9-ի տեքստին»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան