«Այս պահին պարիտետային իրավիճակ է ստեղծվել». Դավիթ Կարապետյան
260
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 02:06
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլասերժամերժացումն ու սրբազանավարչապետությունը… Մինչ վարչապետն «իրանական շոու» է կազմակերպում (եղանակային վատ պայմաններից ելնելով ուղղաթիռի վայրէջք կատարմամբ), այդ մասին դրամատիկ տեսագրությունով ու սրտաճմլիկ խոսքերով հանգստացնելով ժողովրդին, բայց և ժամեր անց «կինո բռնելով» ու թուքումուր ուտելով ոսկեպարցիներից, Բագրատ Սրբազանն իր հերթին ևս «նիկոլամերժ շոու» է իրականացնում, երգ-երաժշտություն, բարձր տրամադրություն ապահովում երևանյան փողոցներում: Իհարկե, մինչ այդ Սրբազանը հանրությանը պետք է ասի վարչապետի իր թեկնածության մասին, ինչպես նաև տեղեկացնի, որ խնդրել է Վեհափառին՝ սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը, քանի որ դա անհամատեղելի է վարչապետի թեկնածուի կարգավիճակի հետ։ Արդյո՞ք նա է խնդրել Վեհափառին, թե դա վերջինիս հորդոր-առաջարկն է՝ այդքան էլ էական չէ: Ստացվում է՝ Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայությունը «սառեցվում է»: Եվ այստեղ է, որ առաջ է գալիս հիմնավոր տարակուսանք. ի՞նչ է ասել՝ «սառեցնել հոգևոր ծառայությունը»: Նման եզրույթ ու իրավա-քաղաքա-կրոնական հասկացություն գոյություն չունի: Գոյություն ունի կարգալույծ լինելու կարգ: Հետևաբար, սա արհեստական ձևակերպում է ու գործընթաց: Ակամա մտաբերում եմ Փաշինյանի՝ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման» մասին աբսուրդային հայտարարությունը: Ուրիշ բան, երբ հրաժարվում ես հոգևոր կյանքից և զբաղվում աշխարհիկ գործով: Տվյալ դեպքում՝ քաղաքականությամբ: Այսինքն՝ սա «լյուֆտ է ու պահեստային տարբերակ», որ հետո վերջինս կարող է կրկին վերադառնալ եկեղեցի՞: Գուցե: Համենայն դեպս, Մայր աթոռը, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «հոգևոր ծառայությունը սառեցնելու» դիմումին, հայտարարել է, որ նրա եպիսկոպոսական կարգը պահպանվում է և միայն դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր. Սրբազանի երկքաղաղաքացի լինելը սահմանադրական արգելք է: Չնայած, կարծում եմ՝ նրան ասել են, որ պետք է հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից: Համենայն դեպս, այդ մասին նա չհայտնեց ժողովրդին: Եվ այստեղ առկա է գլխավոր հարցը. Արդյո՞ք ճիշտ է վարչապետի իր թեկնածությունը: Այս հարցում տարակարծություններն ու հիմնավորումները բազմապիսի են: Արդյո՞ք ճիշտ չէ շարունակել առաջնորդել շարժումը, բայց վարչապետի թեկնածուն լիներ այն մեկը, որի անունը նա կբարձրաձայներ և որին կերաշխավորեր: Բնականաբար, այնպիսի անհատի, ով իր տեսակով լիդեր է, ճանաչված ու ընկալելի կերպար է, ինքնաբավ է, իր մաքուր հետագծով ու կենսագրականով վայելում է համաժողովրդական հարգանք ու վստահություն, ով շարժվում է բացառապես ազգային ու պետական շահերով: Վստահեցնում եմ՝ նման առաջնորդներ կան: Ավելին՝ Սրբազանը նրանց անձամբ ճանաչում է և քաջատեղյակ է, որ վերջիններս պետական մտածողության, քաղաքական մտքի ու վերոնշյալ արժեհամակարգի կրողներ են ու պատրաստ են մտնել նման պատասխանատվության տակ: Միգուցե, նա մտադրված է հետո ներկայացնել այդ անձանց և հաջողելու դեպքում՝ իշխանության ղեկը հանձնել նրանց: Ժամանակը ցույց կտա: Համենայն դեպս, այս պահին նրա կողքին կանգնած չեն նման մարդիկ, իսկ դա մեղմ ասած՝ լավ չէ: Ինչևէ, նրա թեկնածության հիմնական ընկալումն ու պատճառը հետևյալն է. այս պահին նա միակ գործիչն է, ով կարող է հասարակությանը կոնսոլիդացնել ու հասնել Փաշինյանի հեռացմանը: Այս պահին նա իր առաջ դրել է մի խնդիր՝ սեղմ ժամկետներում ճնշելով ու մաշեցնելով իշխանական ռեսուրսները «բլիցկրիգով» իշխանությունից հեռացնել Փաշինյանին: Քանի որ իմպիչմենտի ու մանդատ վայր դնելու և այդկերպ խորհրդարանական ճգնաժամ առաջացնելու իրավական պրոցեսներն այդպես էլ չգեներացվեցին ու կյանքի չկոչվեցին, նա էլ չի սպասելու հերթական ընտրություններին, ապա վերջինիս մնում է արտահերթի գնալու իրավիճակին հասցնել փողոցային պայքարով: Արդո՞ք նա դա կհաջողի՝ կրկին ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս, այս պահին պարիտետային իրավիճակ է ստեղծվել: Համաժողովրդական ընդվզման ու ցասման ֆոնի վրա նա կիրառում է փողոցային պայքարի գրեթե նույն գործիքակազմն ու մեթոդները, որոնք ժամանակին Փաշինյանը կիրառեց և դրանք իրենց արդարացրեցին: Իհարկե, անհասկանալի էր Սրբազանի Փաշինյանի կեցավայր երթով շարժվելու իմաստը, մանավանդ, երբ գիտեր, որ վերջինս կառավարական տանը չէ, այլ գտնվում է Լոռու և Տավուշի աղետի գոտում։ Ինչևէ, անհնազանդության, փողոցային պայքարի, տարատեսակ ակցիաների ու նյարդապայքարի մեկնարկը տրված է: Միջհամայնքային և երևանյան փողոցները կաթվածահար են, մայրաքաղաքը՝ կոլապսի ենթարկված: Այս պահին ևս բացակայում է քաղաքական հարթակը, ծրագիրը, լուծումները, օրակարգն ու ճանապարհային քարտեզը: Հետևենք զարգացումներին…»։