«Մեկ տարի առաջ ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց ԼՂ-ից». ՄԻՊ
2703
Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ., 21:12
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայատարարություն է տարածել․ «Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ը, ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից: Այդ իրադարձությունը շարունակվող մարդկային տառապանքի վկայություն էր և իրավունքների կոպտագույն խախտումների հետևանք։ Մարդու իրավունքների պաշտպանության առումով այն արտակարգ իրավիճակ էր, որը պահանջում էր արագ արձագանք և նոր մեթոդաբանությամբ աշխատանք՝ նպատակ ունենալով երաշխավորել բռնի տեղահանված անձանց իրավունքները անվտանգ ու արժանապատիվ պայմաններում։ 2023 թվականի սեպտեմբերին աշխատակազմի հետ անձամբ եմ եղել Գորիսում, Կոռնիձորում և Վայքում՝ տեղում ծանոթանալու բռնի տեղահանված անձանց խնդիրներին և գտնելու դրանց համար շուտափույթ լուծումներ. աշխատանքներն իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Այնուհետև շարունակել ենք այցերը բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ, այդ թվում՝ իրականացրել ենք միջազգային դերակատարների հետ համատեղ այցեր։ Հարյուրավոր մարդկանց հետ զրույցների արդյունքում ստացվել են տեղահանմանը նախորդող ժամանակահատվածում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ: Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը, իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով, իմ կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Ավելին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը (պաշտոնավարել է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը) 2024 թվականի հունվարի 12-ին խնդրի վերաբերյալ հրապարակել է իր դիտարկումները՝ հղում անելով նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների դեպքերին: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը, ինչն ապացուցվում է փոքր թիմի ամենօրյա մեծածավալ աշխատանքով: Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր բոլոր գործողություններն ուղղված են մարդկանց արժանապատիվ պայմաններում ապրելու իրավունքի երաշխավորմանը, սոցիալական ու կրթական իրավունքների լիարժեք պաշտպանությանը, առողջապահական և հոգեբանական ծառայություններից օգտվելու հարցերում աջակցության տրամադրմանը և մեր մանդատին վերաբերելի մի շարք այլ հարցերի։ Այս տարվա ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ փորձելով ընդգրկել նրանց աջակցության համապատասխան ծրագրերում։ Չնայած տեղահանված անձանց կյանքի որակը բարելավելու և նրանց իրավունքները լիարժեքորեն վերականգնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ ոլորտում անելիքները դեռ շատ են։ Չափազանց կարևոր է մեր հայրենակիցներին ցույց տալ, որ իրենք մենակ չեն, գտնվում են պետության և յուրաքանչյուրիս ուշադրության ներքո և իրենց իրավունքների պաշտպանության համար գործում են հստակ կառուցակարգեր։ Այս համատեքստում անհրաժետ է շարունակել աշխատանքները նաև գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ու նրանց ընտանիքների իրավունքներն ապահովելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող՝ ազատությունից զրկված էթնիկ հայերին, բազմիցս եմ արձանագրել, որ նրանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով։ Էթնիկ հայերի նկատմամբ ատելության մթնոլորտի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում նրանց հիմնարար իրավունքներն Ադրբեջանում չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործերի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։ Կարևոր է, որպեսզի բոլոր դերակատարներն, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային դերակատարները, ակտիվ ջանքեր գործադրեն Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Սիրելի´ հայրենակիցներ, Վստահ եմ՝ պետք է համախմբվենք և աջակցենք միմյանց՝ իրար հանդեպ կարեկցանքի, համերաշխության և միասնության