«Աշխարհում հայտնի ամենահին գորգը հայկական ծագում ունի»․ Վահե Լոռենց
393 Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 19:54 Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գորգագործությունը Հայաստանում հազարամյակների ավանդույթներ ունի։ Հնագիտական պեղումների ժամանակ Կարմիր բլուրում, Էրեբունիում հայտնաբերվել են բազմաթիվ գորգերի կտորտանքներ, պատառիկներ։ Գորգը, հին աշխարհում լինելով հատակի և պատերի ծածկոց, համարվել է շքեղության, իշխանության խորհրդանիշ։ Իրենց որակով և հռչակով հայտնի են եղել հայկական և պարսկական գորգերը։ Հայկական գորգերն աչքի են ընկնում գործվածքի որակով, վառ գույների գեղեցիկ համադրությամբ, զարդանախշերի բազմազանությամբ։ Հայկական գորգերի զարդանախշերը կրել են ծիսական և գաղափարական նշանակություն։ Աշխարհում հայտնի ամենահին գորգը 1949 թվականին գտնվել է Ռուսաստանի Ալթայի երկրամասում՝ Պազիրիկ քաղաքի մոտակայքում գտնվող սկյութական մի առաջնորդի դամբարանի՝ կուրգանի պեղման ժամանակ։ Գորգը թվագրվում է մոտ 2600 տարեկան, և ուսումնասիրողների միահամուռ կարծիքով՝ այն ուրարտական՝ հայկական ծագում ունի։ Պազիրիկ գորգն այժմ պահվում է Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում։ Իրանական գորգերը դասակարգվում են ըստ տեղի արտադրության (Սպահան, Խորասան և այլն), հայկական գորգերը՝ թեմատիկայով․ Վիշապագորգեր, Ծաղկագորգեր, երկրաչափական պատկերներով գորգեր՝ Գոհարի։ Ամենահռչակվածն, ինչ խոսք, հայկական Վիշապագորգն է։ Վիշապի պաշտամունքը հայերի մոտ գալիս է հազարամյակների խորքից, և վիշապը հայոց դիցաբանության մեջ, էպիկական պատումներում, ունի չարխափան խորհրդանիշ, ինչպես նաև խորհրդանշում է տարերքը։ Վիշապագորգերի վրա պատկերված են վիշապներ, ինչպես նաև վիշապին խորհրդանշող զարդանախշեր։ Հաճախ հանդիպում են կենաց ծառի պատկերներ, ատամնավոր շեղանկյունով զարդանախշեր։ Վիշապագորգի վրա հաճախ հանդիպող խորհրդանշաններից է նաև Վահագն ռազմաստծո խորհրդանշանը՝ Խաչ պատերազմին՝ սվաստիկան։ Հայոց դիցաբանության մեջ Վահագնը հաղթում է վիշապին և կոչվում է նաև Վիշապաքաղ։ Կարպետ բառը հայ գրականության մեջ առաջին անգամ կիրառված է հինգերորդ դարից։ Հայերը գորգին անվանում են նաև խալի, գալի։ Բառը ծագում է Կալիկալա անունից։ Արաբներն այդպես էին կոչում հայոց Կարինը՝ ամենանշանավոր գորգագործության կենտրոնը։ Միջին հայերենում գորգին նաև բազմական են կոչել։ Հայաստանում գորգեր գործել են մետաքսե, բամբակե, բրդե թելերից։ Տարածված էր հատկապես բալբաս տեսակի ոչխարի և անգորյան այծի բուրդը։ Հայկական գորգերն աչքի են ընկնում գույների բազմազանությամբ և ներդաշնակությամբ։ Կարմիր գույնը միջնադարում ստացել են որդան կարմիր միջատից և տորունի արմատներից, դեղինը՝ դեղնածաղկից, կանաչը՝ ընկույզի կեղևից, սև գույնը՝ նռան կեղևից, կապույտը՝ տարբեր գույների համադրումից։ Գունային երանգներ ստանալու համար օգտագործում էին նաև աղ, կալաքար, շիբ, խոշոր եղջերավոր անասունների մեզը, լաջվարդ, մետաղական փոշի… Պլինիոս Ավագը, Ստրաբոնը, Պրոկոպիոս Կեսարացին և շատ այլ օտարազգի պատմաբաններ վկայում են, որ վաղնջական ժամանակներից հայերը ներկանյութ են արտահանել հարևան երկրներ: Հայկական գորգերը մեծ հռչակ են վայելել դեռ Հին աշխարհում։ Դեռևս մթա 8-րդ դարում, երբ Ասորեստանի թագավոր Սարգոն Բ մթա 714 թվականին արշավեց Հայաստան, որպես ավար՝ շատ գորգեր տարավ, ինչի մասին նշել է իր արձանագրություններում: Նախաուրարտական ժամանակաշրջանին թվագրվող կարպետների պատառիկներ հայտնաբերվել են Արթիկի շրջանում, Կարմիր Բլուրում և Անիում, և թվագրվում են մինչև մթա 13-րդ դարով։ 2007 թվականին, պեղումների ժամանակ Արենիի Թռչունների քարանձավում հայտնաբերվել են էնեոլիթյան և միջնադարյան մի շարք գործվածքներ։ Հայաստանի այլ վայրերում նույնպես (Թեղուտ, Շրեշ բլուր, Շենգավիթ, Արթիկ) հնագիտական պեղումների ժամանակ մինչև 5000 տարվա հնության կարպետների կտորներ են հայտնաբերվել: Գորգերը նաև վճարման միջոց են հանդիսացել։ Միջնադարում, որպես տուրք, Հայաստանը արաբական խալիֆայությանը ամեն տարի 20 գորգ էր վճարում: Մինչ այդ՝ Ասորեստանին, Պարսկաստանին նույնպես, որպես պետական տուրք, այլ ապրանքների թվում նաև գորգեր էին վճարում: Արաբական աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի քաղաքներում՝ Դվինում, Վանում, Կարինում տարածված էր գորգագործությունը։ Ատրպատականի ամիրա Աբուսաջը Մուքտադիր խալիֆային է ուղարկել Հայաստանից գանձված հարկը, ի թիվս այլ ապրանքների՝ 400 ձի, 30 հազար դինար և 7 հայկական գորգ, որոնցից մեկը 60 կանգուն երկարություն ուներ, նույնքան էլ՝ լայնություն։ Այսինքն՝ այդ գորգի մակերեսը 960 քառակուսի մետր էր։ Հայկական գորգերը միջնադարում հասել են նաև հեռավոր Արևելք։ Ֆաթիմյան խալիֆների Կահիրեի գանձարանում, իբրև շատ թանկարժեք իր, պահվում էր Մութավաքիլ խալիֆայի (847-861) վրանը, որը պատրաստված է եղել որդան կարմիրով ներկված հայկական գործվածքից։ 10-րդ դարի արաբ մատենագիր Իբն Ֆադլունը, որը եղել է արաբական խալիֆայության դեսպանության կազմում, Կամա-Վոլգյան բուլղարների թագավոր Ալմասի մոտ, վկայում է, որ վերջինիս վրանը, ուր կարող էր միաժամանակ ընդունել 1000 և ավելի մարդկանց, ամբողջովին ծածկված էր հայկական գորգերով։ Վ․Բարտոլդը արաբական և պարսկական աղբյուրներին հղում անելով՝ նշել է, որ հայկական գորգերը հռչակ էին վայելում ոչ միայն արաբական աշխարհում, այլև Իրանում, ուր նրանք զարդարում էին Ղազնևյան սուլթանների, Կաշգարի և Խորասանի տիրակալների պալատները։ Սիմեոն Մագիստրոսի ժամանակագրությունում հիշատակվում է, որ 819 թվականին բուլղարները արշավանքներից մեկի ժամանակ բյուզանդացիներից առան հարուստ ավարներ, որոնց մեջ կային հայկական բարձրորակ գորգեր։ Սա նշանակում է, որ դեռ 10-րդ դարում հայկական գորգերի համբավը տարածված էր Եվրոպայում: 10-րդ դարի արաբ աշխարհագրագետ և ճանապարհորդ Իբն Խաուկալը հիացած նշում է հետևյալը. «Ինչ վերաբերվում է հայկական թելերի արտադրանքին, դրանք են՝ բուտը, նստոցները, գորգերը, ծածկոցներն ու բարձերը, ապա դրանց նմանը չկա աշխարհի ոչ մի ծայրում»։ 13-րդ դարի ճանապարհորդ Մարկո Պոլոն, անցնելով Կիլիկիայով և Հայաստանով, վկայում է, որ Փոքր Հայքում՝ Սեբաստիայում, Կեսարիայում, նաև՝ Կոնիայում, հայերը գործում են աշխարհի ամենալավ գորգերը։ Կիլիկյան Այաս և Կոռիկոս նավահանգիստներով տարեկան հազարավոր հայկական գորգեր են արտահանվել դեպի Եվրոպա։ Նույն ժամանակաշրջանից հայերեն կարպետ բառը մտել է եվրոպական ժողովուրդների բառապաշարի մեջ։ Վերածննդի ժամանակաշրջանի եվրոպական նկարիչների կտավներում հանդիպում են հայկական գորգերի պատկերներ»։ Աղբյուրը` Վահե Լոռենց |
«Ամենահին սիրային բանաստեղծությունը». Խաժակ Սիրեկանյան
208Երեկ, 03:12«Անիի պատմությանը և մշակույթին նվիրված 40 տարվա իմ ուսումնասիրությունները՝ անգլերեն». Կարեն Մաթևոսյան
216Երեկ, 02:12Ինչպես է ապակեգործը գողացել «Մոնա Լիզա»-ին (լուսանկար)
383Երեկ, 00:12«Աշխարհում հայտնի ամենահին գորգը հայկական ծագում ունի»․ Վահե Լոռենց (լուսանկար)
39202.01.2025, 19:54«Թեգարմա երկիր կամ Թորգոմա տուն». Խաժակ Սիրեկանյան
36502.01.2025, 03:3625 պատգամ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի քսանհինգ տարիների ամանորյա ուղերձներից
36901.01.2025, 22:42Վեհափառ Հայրապետն արցախցիներին հավաստիացրեց՝ Հայոց Եկեղեցին իրենց կողքին է
55231.12.2024, 19:12Միջնադարյան փայտարվեստի բացառիկ օրինակներից մեկը՝ Սևանավանքի Սբ Առաքելոց եկեղեցու դուռը (լուսանկար)
37431.12.2024, 18:48