«Ի՞նչ խաղարկեցին 2025-ի հունվարի առաջին կեսին»․ Հայկ Դեմոյան
98
Այսօր, 14:24
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ խաղարկեցին 2025 թ. հունվարի առաջին կեսին․ ամփոփիչ մտքեր։ Մինչ 2024 թ. վերջին Նիկոլ Փաշինյանը խոտան դասագրքեր էր գովազդում, իսկ Իլհամ Ալիևը Ռուսաստանի վրայով անցնում ու Կրեմլին ստորացնում էր ուզածի պես, 2025 թ.–ի սկզբին Մոսկվայի դեմ կուտակված ալիևյան ցասումն ուղղվում է Երևանի կողմը՝ Հայաստանը «ֆաշիստական պետություն» համարելու մեղադրանքներով ու երկու նախապայմանների առաջադրումով. Սահմանադրության փոփոխություն ու հրաժարում Մինսկի խմբի ձևաչափից: Պաշտոնական Երևանի արձագանքը չուշացավ. Նիկոլ Փաշինյանն ու իր փքուն մամլո խոսնակը հայտարարեցին, որ Երևանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հնարավորությունը և այն համարեց կառուցողական առաջարկ: Իսկ ՀՀ քաղաքացիներին զբաղեցնելու համար, նույն օրը ընդունվում է ԵՄ անդամակցության ինչ որ փաստաթուղթ, որի մասին տեղյակ չէին անգամ եվրոպացիները: Նույն օրերին Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Եվրոպա՝ Ադրբեջանի դեմ ինչ որ դատավարություն շարունակելու համար: Եղիշե Կիրակոսյանը տեղյա՞կ է արդյոք, որ ինքը մտել է ցեղասպանության մեջ մեղսակից լինելու կրկնակի խաղի մեջ՝ որպես կատարածու: Ժանրի կանոնների համաձայն, Մոսկվայից հնչեցին սպառնալից հայտարարություններ, առ այն, թե ինչ պատժիչ քայլեր կկիրառվեն Հայաստանի դեմ՝ եվրոպացիների գիրկն ընկնելու համար: Երեկ էլ, երևի չնկատեցիք, Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրեց մի ՀԿ-ական փաստաթուղթ, որտեղ որևէ հղում չկար Մինսկի խմբի ձևաչափին և ԱՄՆ պարտավորություններին. ընդամենը աջակցություն Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից և հայկական իշխանությունների մասնակցությամբ իրականացված ցեղասպանության արդյունքներն օրինականացնելու և դրանց հետ հաշտվելու համար: Արարատ Միրզոյանը, ով 2015 թվականի ապրիլին ռուսական դրոշ էր այրում Երևանում ռուսական դեսպանատան առաջ, այսօր մեկնել է Մոսկվա՝ Մինսկի խմբի հոգեհանգստին մասնակցելու համար: Երկնքից երեք կարմիր խնձոր ընկավ. մեկը՝ ռուսամետների գլխին, մյուսը՝ արևմտամետների գլխին, իսկ երրորդն էլ կերավ Աննա Հակոբյանը՝ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանների հետ միասին»: