Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Մեղրու թեմա»-ն քննարկվել է, սակայն չի դրվել բանակցային սեղանին». Մհեր Հակոբյան

««Մեղրու թեմա»-ն քննարկվել է, սակայն չի դրվել բանակցային սեղանին». Մհեր Հակոբյան
240
Երեկ, 21:30

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկար տարիներ է, որ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՄ արցախյան հարցով բանակցային պատմությանը՝ լսելով մասնագետներին և ծանոթանալով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությանը: Վերջերս այս հարցում մի ուշագրավ ներդրում արեց նաև Ազատություն ռադիոկայանը, ընդ որում նյութը կազմված էր փաստերի վրա արվող հղումներով, իսկ հետևություններն էլ անչափ կոռեկտ են՝ ԲԽՈՂ հրապարակված փաստակազմից: Պրոիշխանական քարոզիչները, սակայն, տեսնելով ԿԱՐԾԵՍ ԹԵ իրենց ուզածը, սակայն ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ այնուհանդերձ ՉՍՏԱՆԱԼՈՎ այն, ինչ ուզում են, միանգամից սկսեցին թեժացնել հին թեման, թե. «Քոչարյանն ուզում էր Մեղրին տալ», իսկ ոմանք էլ գնում են ավելի առաջ և նույնիսկ ակնարկում են, թե. «Վազգենը դրա համար սպանվեց»: Կրկնեմ՝ նյութը կա, իր մեջ պարունակվող փաստակազմը՝ ևս, և, ըստ իս, պետք է այն ուղղակի ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ, ոչ թե ձգտել դրանում տեսնել այն, ինչ ուզում ես:
Ստորև արտահայտեմ կարծիքս այս ամենի վերաբերյալ, որպեսզի նախ այն ՉԿՈՐՉԻ և մնա ամենից առաջ ինձ համար, իսկ հետո էլ՝ այն մղումով, որ, գուցե սա մարդկանց հետաքրքրի: Եվ այսպես, ամենից առաջ ակնհայտ է, որ.
- «Մեղրու թեմա»-ն 1990-ականների երկրորդ կեսին ու հատկապես վերջին, ինչպես նաև 2000-ականների ամենասկզբին ՔՆՆԱՐԿՎԵԼ Է, սրան հատկապես ուշադիր եղեք՝ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է,
- «Մեղրու թեմա»-ն քննարկվել է, սակայն այն ՉԻ ԵՂԵԼ դրված բանակցային սեղանին, ինչպես դա փորձում են ցույց տալ պրոիշխանական քարոզիչները, այլ ունեցել է ԱՌԱՋԱՐԿԻ տեսք, որն ԱՄՆ-ի կողմից արվել է Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ ուշադիր՝ եղել է առաջարկ, ՍԱ ԳԻՏԵԻՆՔ, սակայն այն ՉԻ ԵՂԵԼ դրված բանակցային սեղանին՝ չի քննարկվել՝ որպես տարբերակ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը դրան ոչ ընթացիկ և ոչ էլ հատկապես վերջնական համաձայնություն չի տվել: Կրկին ուշադիր, ըստ իս, հենց ԱՅՍՏԵՂ ԵՆ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՒՄ իշխանական քարոզիչները՝ փորձելով իրենց իշխանության օրոք տեղի ունեցած Արցախի կորուստը «կոծկել» նախկիններով և ձգտելով ուժեղացնել հին ու ծիծաղելի այն երգը, թե «Արցախը դեռ նախկիններն էին տվել»: Իրոք, եթե եղել է առաջարկ, դա դեռ չի նշանակում, որ այն դրվել է բանակցային սեղանին, քանզի դրա համար պետք էր կողմերի համաձայնությունը, իսկ, դատելով առկա փաստակազմից, վերջնական, պարզ ու հստակ համաձայնություն առ այդ Ռոբերտ Քոչարյանը ՉԻ ՏՎԵԼ,
- Եթե ինչ որ մեկը կարծում է, թե 1990-ականների երկրորդ կեսին ու հատկապես վերջին, ինչպես նաև 2000-ականների ամենասկզբին Ռոբերտ Քոչարյանը պետք է ՋՐԻ ՇԻՇԸ ՎԵՐՑՆԵՐ ու ԽՓԵՐ ԱՄՆ-ի ներկայացուցչի գլխին այն բանի համար, որ վերջինս իրեն նման առաջարկ է արել, ապա այդ մարդուն ես ցավակցում եմ՝ վերջինս ոչինչ չի հասկանում ոչ միջազգային բանակցություններից, ոչ էլ այդ ժամանակվա ՀՀ ներքին ու արտաքին դրությունից: Եղել է ԱՄՆ-ի ներկայացուցչի առաջարկը և, դատելով ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանն անորոշ արտահայտություններով այն «քնեցրել է», իսկ որոշ ժամանակ անց էլ, ստանալով ռուսական կողմի հավանությունը, վերջնականապես հեռացրել է դա քննարկման թեմայից: Այսինքն, դատելով ըստ ամենայնի, ՀՀ երկրորդ նախագահը հենց իսկը ԴԵՄ Է ԵՂԵԼ այդ առաջարկին, սակայն, չուզենալով կոպտել ամերիկյան կողմին, ուղղակի ճարպկորեն հեռացրել է այդ թեման քննարկման ոլորտից,
- Կապել այս ամենը հիրավի ողբերգական «Հոկտեմբերի 27»-ի հետ, թե իբր. «ՎԱԶԳԵՆԸ ԴԵՄ ԷՐ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆՐԱ ԳԼՈՒԽԸ ԿԵՐԱՆ», կրկին համարում եմ սխալ ամենից առաջ հենց վերևում նշվածը հաշվի առնելով: Բացի այդ, կա նաև պարզ մի տրամաբանություն, քանզի, եթե դա իրոք այդպես լիներ, ապա Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո, քանի որ, ըստ այս տեսակետի՝ նա «Մեղրու տարբերակ»-ին դեմ լինող հիմնական ուժն էր, ինչպես նաև այն բանից հետո, երբ, սկսած 2000-ականների սկզբից, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը վերջնականապես ամրապնդվեց, մենք պետք է ՀԵՆՑ ԻՍԿԸ ՏԵՍՆԵԻՆՔ «Մեղրու հանձնում»: Դա սակայն, հայտնի է, որ չեղավ:
Պարզ օրինակում՝ սա նույնն է, որ մեկն ինձ առաջարկի մեքենաս էժան գնով իրեն վաճառել, սակայն ես, չուզենալով այդ անել, բայց նաև ձգտելով չնեղացնել դիմացինիս, «քնեցնեմ» թեման, իսկ հետո նույն այդ մեկը պնդի, թե, ահա, ես այնքան վատն եմ եղել իմ ընտանիքի համար, որ ուզեցել եմ մեքենաս «էժան գնով տալ իրեն»:
Այսքանը: Շարունակում եմ հետևել թեմային, եթե ինչ որ բան բաց եմ թողել, խնդրում եմ ուղղել…
«Մեղրիի տարբերակի» քարտեզը ըստ ֆրանսիական Le Monde diplomatique պարբերականի, մարտ 2001:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան