«Վաղը ՀՀ իշխանությունների համար խնդիր չի լինելու նաև Սյունիքի բռնազավթումը». Արմեն Այվազյան
151
Այսօր, 00:24
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի։ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման։ Նախ, պետք է լավ հասկանալ, թե որն է այն «խնդիրը», որը ՀՀ ԱԳՆ-ն դուրս է թողնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Խոսքը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովմանը», որը ոչ միայն ՀՀ կառավարությունը լիովին տապալել է, այլև Արցախում Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում և ցեղասպանություն։ Այսինքն՝ առաջացել է ավելի ծանր խնդիր։ Ընդ որում՝ Արցախում կատարված էթնիկ զտումն ու ցեղասպանությունը ճանաչում են այնպիսի հեղինակավոր միջազգային փորձագետներ ու մասնագիտացված կառույցներ, ինչպիսիք են Լեմկինի անվան ինստիտուտը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Եթե հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը իրենց իսկ բնիկ տարածքից՝ իրենց հայրենիքից՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ (քանի որ Արցախը և՛ պատմական, և՛ իրական Հայաստան է), ՀՀ կառավարության համար երկրորդական կամ ոչ կարեւոր խնդիր է, ապա ո՞ւմ համար այն կարող է առաջնային լինել։ Չէ՞ որ հայատյացությունը, էթնիկ զտումն ու ցեղասպանությունն Ադրբեջանի և Թուրքիայի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն են։ Այդ ֆաշիստական գոյացությունները նպատակաուղղված գործում են՝ տարածելու իրենց հակահայկական գործողությունները ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Նրանք բացեիբաց հայտարարում են, որ պատրաստվում են Հայաստան ներմուծել հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ բնականաբար, նրանց անվտանգությունն ապահովող զորքով հանդերձ։ Բացի այդ, Ադրբեջանը պնդում է, որ դուրս չի գալու ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից՝ 2021-2022 թթ. իր օկուպացրած մոտ 250 քառ. կմ-ից։ Միաժամանակ, Բաքուն պահանջում է վերահսկողություն հաստատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վրա՝ անկախ ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության պայմանագրի» ստորագրումից կամ վավերացումից, որի ժամկետներն էլ անհայտ են։ Այսինքն՝ Ադրբեջանը նպատակ ունի ՀՀ տարածքից ռազմավարական նշանակության ևս մեկ՝ ահռելի հատված բռնազավթել՝ ոտնահարելով և ստորացնելով ՀՀ ինքնիշխանությունը և նպաստելով Սյունիքի հայաթափմանը։ Եթե Արցախում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը ՀՀ փաշինյանական իշխանության համար խնդիր չէ, ապա Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների հարցն առհասարակ խնդիր լինել չի կարող։ Եվ եթե այս ընթացքը շարունակվի, ապա վաղը ՀՀ իշխանությունների համար խնդիր չի լինելու նաև Սյունիքի բռնազավթումը։ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ քայլ իսկ նահանջելու ցանկություն չեն ցուցաբերում Հայաստանի նկատմամբ տարվող իրենց ցեղասպանական քաղաքականության ուղեգծից, մինչդեռ ՀՀ իշխանությունները համակերպվում են բոլոր տեսակի անընդունելի պահանջներին։ Այսպիսի հանձնվողական, կապիտալյանտական քաղաքականությամբ ՀՀ կառավարությունն ընդամենը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի Ադրբեջանը շարունակի անպատիժ իրականացնել նոր ոտնձգություններ, նոր հարձակումներ ու նոր էթնիկ զտումներ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պետք է հիշել նաև, որ Արցախի հարցը հանելով ՀՀ միջազգային քաղաքականության օրակարգից, ՀՀ կառավարությունը բացահայտորեն խախտում է երկրի օրենսդրությունը՝ մասնավորապես Անկախության հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը, որով «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ ՀՀ օրենսդիր մարմինը նման որոշում էր կայացրել՝ «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա»։ Գերագույն խորհրդի այս որոշումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Պաշտոնապես այն ունի գործող կարգավիճակ։ Անհիմն է նաև այն կարծիքը, թե ՀՀ-ն իբր կարող է հայաթափված Արցախի խնդիրը հանել երկկողմանի բանակցությունների օրակարգից, բայց այն ինչ-որ կերպ պահպանել միջազգային միջպետական կազմակերպություններում և դատական ատյաններում։ ՀՀ-Ադրբեջան այն ոչուփուչ Խաղաղության պայմանագրի տեքստում կա նաև մի կետ, որով կողմերը պարտավորվում են միմյանց նկատմամբ չկատարել թշնամական գործողություններ։ Այդ կետն Ադրբեջանը երբեք չի կատարելու, բայց Հայաստանի կողմից Արցախի հարցի որևէ անդրադարձ դիտարկելու է որպես թշնամական քայլ՝ անկախ նրա քաղաքական, իրավական կամ մշակութային բնույթից։ Այլ պետություններն ու միջազգային կառույցներն էլ հազիվ թե լրջորեն վերաբերվեն Արցախի խնդրին, եթե այն պաշտոնապես փակված է հռչակել հենց ՀՀ-ն։ Իրականում հայաթափված Արցախի խնդրի բարձրաձայնումը թե՛ Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններում, թե՛ միջազգային բոլոր հնարավոր հարթակներում և ատյաններում Հայաստանի Հանրապետության համար ունի կարևոր կանխարգելիչ նշանակություն՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիան զսպելու առումով։ Այս իրողությունը ճիշտ գնահատող և այն որպես արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային մաս կիրառող ղեկավարություն է պետք Հայաստանին։ Եվ որքան շուտ՝ այնքան լավ»։