Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Մեր մեջքի հետևում թաքուն գործընթացներ են, որոնք վատ բանի են հանգեցնելու»․ Սևակ Հակոբյան

«Մեր մեջքի հետևում թաքուն գործընթացներ են, որոնք վատ բանի են հանգեցնելու»․ Սևակ Հակոբյան
318
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 20:18

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ասեմ՝ ինչ է լինելու հաջորդիվ, եթե Նիկոլը մնա․ «Կարճ ասած»»։

Տեսանյութում Սևակ Հակոբյանը նշում է․ «Պռոշյանի, Քասախի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ տրանսպորտի թանկացման․ արցախցիները սոցիալական խնդիրներով բողոքի ձայն են բարձրացնում, կառավարության նիստերի ժամանակ շենքի դիմաց սոցիալական բնույթի բողոքներ են։ Բոլորն էլ կարևոր են, անձնականից մինչև հավաքական խնդիրեր են բարձրացնում։ Դրանք լուծելի հարցեր են և՝ պետության համար հեշտությամբ լուծելի․ պահանջվում է ընդամենը փող ու ցանկություն։ Բայց այս պահին ամենակարևորը, կարծում եմ, այն է, որ մեր մեջքի հետևում, ժողովուրդ ջան, թաքուն գործընթացներ են, բանակցություններ են, որոնք, ցավոք, վատ բանի են հանգեցնելու։ Մամուլը գրեց, որ արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանը չհայտրարված այց է ունեցել Դուբայ և ոչ պաշոնական հանդիպում ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Արտաքին գործերի նախարարությունը սկզբում հերքում է, հետո, երբ ասում են, որ տեսնողներ են եղել, հստատում, որ Դուբայում եղել է, բայց հերքում է հանդիպման լուրը։ Հավատա՞նք, թե ադրբեջանցիներին չի հանդիպել։ Ուզում եմ հավատամ, չի ստացվում։ Սկզբում, ըստ հրապարակման, ասել են՝ չի գնացել, հետո ասել են՝ գնացել է, բայց չի հանդիպել։ Վաղը եթե ադրբեջանցիք հաղորդեն, ստիպված կասեն՝ լավ, հանդիպել է, բայց ոչինչ չեն խոսել ու վափշե պայմանավորվել էին արտահոսք չանել։ Պռոշ կանեն, կնեղանան, հետո նույնը կշարունակվի։ Էլի հիշեցի սրանց ելույթները, թե՝ մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում։

Անկախ նրանից՝ կհերքեն, թե կհաստատեն, մենք, ցավոք, ունենք նախադեպեր, որ մեզանից թաքուն հանդիպում են, բանակցում են, ինչպես ասել է՝ ինչ ուզում են, էն էլ բանակցում են՝ առանց երկար մտածելու, լարվելու, որ կարող է հերթական անգամ սխալվեն, սխալ նստեն, սխալ խոսեն, կարևոր բաներ չիմանան, չհասկանան, մի հատ էլ կարողա փռշտան ու էդ սխալ փռշտոցները դարձյալ ուր կհասցնեն՝ գիտեք։ Թե Արարատ Միրզոյանն ու ադրբեջանցիները բանակցել են, թե չէ՝ չգիտենք, չգիտենք նաև Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ոչ-պաշտոնական, միջնորդավորվածը, ոչ էլ պաշտոնական կամ ոչ պաշտոնականների բովանդակությունը։ Ի դեպ, ենթադրյալ կամ իրական հանդիպման վայրն էլ է ուշագրավ՝ Դուբայ։ Հիշո՞ւմ եք, 2021-ին օդում կախված լուրեր ի հայտ եկան և չհերքվեցին, որ 2018-ին նույն Դուբայում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը Իլհամ Ալիևի կողմից Փաշինյանին փոխանցելու նպատակով գաղտնի նամակ էր ստացել Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորությունից։

Մենք էս հանդիպումների բովանդակության մասին ոչինչ չենք իմանում, եթե չեն լինում ականատեսներ, որ ինֆորմացիաներ են փոխանցում, ոչինչ չենք իմանում նաև հենց հանդիպման մասին, միայն իմանում ենք, որ սրանց բանակցությունների վերջը լավ չի լի նում։ Մանավանդ՝ թաքուն բանակցությւոնների, պայմանավորվածությունների վերջը։ Պայմանական «Դուշանբեի վերելակների» մասին դեռ շատ կհիշենք։

Արդեն երեք շաբաթ է, որ անընդհատ սահմանին թշնամու զորքերի կուտակումներ են Սյունիքի, Գեղարքունիքի սահմանին, ու կրակոցներ Սյունիքում, այսօր նաև Գեղարքունիքում ու Տավուշում։ Երևանի կենտրոնում կանգնած են եվրադիտորդների՝ փոշու մեջ կորած ջփերը։ Ադրբեջանը սադրում է՝ անընդհատ կրակելով ու հայտարարելով, թե Հայաստանը կրակել է։ Բայց ոչ մի արձագանք չկա ո՛չ դիտորդներից, ոչ էլ նրանց գործուղած Եվրոպայից։ Հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանի կեղծ հայտարարությունները և նրա՝ հրադադարի խախտումները ինչ-որ բանի համար են, չէ՞։ Ես չգիտեմ ինչի համար են, ես վերլուծում եմ, բայց բանակցողները, պայմանավորվողները, ընդունողները պետք է բացատրեն՝ ինչ է տեղի ունենում և ինչու, խաղաղություն գոռալը քիչ է։ Գուցե նրա համար է, որ արագորեն կատարեք Ադրբեջանի պահանջները, իբր խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Գուցե նրա համար են, որ վախեցնեք ժողովրդին պատերազմով ու էլի հանձնեք․ շուտով սկսելու եք սահմանազատումները, ու կրակոցների ֆոնին հեշտ կզիջեք։ Սյունիքի Արավուս, Տեղ, Խոզնավար, Խնածախ գյուղերի բնակիչներն ասում են մութն ընկնելուն պես կրակոցները սկսում են, մինչև առավոտ։ Այսօր ահազանգում են Գեղարքունիքի Կութ և Տավուշի Մովսես գյուղերից։

Ժողովուրդ ջան, սահմանամերձ բնակավայրերի հարևանությամբ թշնամին 30 տարի շարունակ կրակել է, բայց տեսե՞լ եք էս կարգի անհանգստություն։ Ոչ, որովհետև էն ժամանակ կրակոցները իշխանության, կառավարության խնդիրն էր, իսկ հիմա կառավարությունը դա դարձրել է ժողովրդի խնդիրը ու ինքը զբաղված է անհասկանալի բաներով։ Սահմանին կրակում են, ի՞նչ է անում Նիկոլը․ ճիշտ է՝ գնում է կրթության վերաբերյալ դասախոսության, առավոտ հեծանիվ է քշում, իր հետ ստախոսության առաջին տեղի համար մրցող Արծրունի հետ․ դե բա դեմը ընտրություններ են, մի բան պետք ա ցույց տա։ Նրանք կրակում են, սա ասում է՝ հրամայել եմ, որ մենք չկրակենք, նրանք ինչ անում են, թող անեն, մենք խաղաղության ենք գնում։ Միակողմանի։ Ու գնում է Նաիրի ԲԿ բուժզննման, երևի ինքն էլ է իր անադեկվադ պահվածքից խելռում։

Ու բնական է, որ ժողովուրդը իրեն զգում է անտեր, անօգնական վիճակում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը գնում է զինվորների հետ հանդիպման ու ասում՝ հրադադարը որ խախտեն, չպատասխանեք, մենք չենք կրակելու, մենք մեր տարածքները զենքով հետ չենք բերելու․ իսկ Ադրբեջանի ՊՆ-ն գնում է զինվորներին ասում ցանկացած պահի պատրաստ եղեք։ Սրանք 2021 թվականից հա ասում են, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, ու ամեն տարի ապացուցում է, որ կանխատեսումները ճիշտ են, բայց նաև ականապատ դաշտերի քարտեզներ են տալիս Ադրբեջանին, մեզ համար անհասկանալի տրամաբանությամբ․ որ շուտ ականազերծեն ու ի՞նչ անեն, հարձակվե՞ն։ 2021 թվականի մայիսին թշնամին մտել է ՀՀ տարածք, հունիսին, հուլիսին, նոյեբերին նրան են հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։

Կամ բանակցողներիս պահվածքը տեսեք, խոնարհ, հեզ, անարժանապխատիվ։ Նվաստավցած վիճակ է։ Հայաստանի ԱԺ նախագահի աթոռը մաշեցնողն ասում է՝ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ԱԺ նախագահին, էդ կինը մերժում է։ Էստեղից ԱԺ քպ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի վարձատրություն ստացողն է ասում պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցիս, նա էնտեղից սրան անվանում է պոպուլիստ։ Սա մեկնաբանում է, թե ուրախ է, որ իրեն անվանել են պոպուլիստ, դե բայց եկեք հանդիպենք։ Էնտեղ Միլի Մեջլիսի պատգամավորները խոսում են Հայաստանը գրավելու մասին, քարտեզ են հրապարակում, որն առանց Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի է, մեր ԱԺ փոխնախագահը գնում է Տաշքենդ ու ելույթ ունենում երկու ժողովուրդների ինչ-որ խաղաղ և բարգավաճ ապագայի մասին։ Իսկականից ամոթ ա, մի քիչ ինքնասիրություն ունեցեք։

Դու պետք է կարողանաս ապացուցել, ասել, պնդել, որ էդ խաղաղությունը որքան քեզ է պետք, էնքան էլ իրենց։ Իրենք ևս դրա կարիքը ունեն, բայց մուրու՞մ են խաղաղությունը։ Ձեր կարծիքով Ադրբեջանը չի՞ վախենում պատերազմից։ Իրենք հազարավոր զոհեր չունե՞ն, սևազգեստ մայրեր չունե՞ն, Ալիևին ինչի չե՞ն ասում՝ ինչու տարար մեր էրեխեքին զոհեցիր, եթե Նիկոլը Արցախը համարում էր Ադրբեջան ու տալիս էր, զինվորներն էին խանգարու՞մ ձեր գործարքին։ Ալիևը, նրանք, իհարկե՝ ունեն վախեր, բայց դիրքավորվել են իրավիճակի տիրոջ պես։ Դուք փամփերսները հագած բեմերից ելույթներ եք ունենում, խնդրանք-աղաչանքի մեջ եք ընկնում։ Ալիևն ասում է Հայաստանը պետք է այս ու այս պահանջները կատարի, սրանք սկսում են՝ մենք պատրաստ ենք խաղաղության, մենք ուզում ենք օր առաջ ստորագրել։

Ու էս ամենի ֆոնին Փաշինյանը հայտարարում է, թե՝ իր օրոք Հայաստանն ավելի անկախ է դարձել։ Ինչի՞ց է անկախ, ո՞ւմից է անկախ։ Որ դու հենց հիմա կախված ես Ադրբեջանի մեկ ստորագրությունից, կախված ես եվրոդիտորդներից, տարածքիդ մի մասը չես կարողանում տնօրինել, ո՞ւմից ես անկախ։ Սրանք ոչ միայն իրենց պարտությամբ հպարտանում են, այլ ներկայացնում են որպես գլուխգործոց։ Նիկոլն ասում է՝ էն ժամանակ, երբ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, հիմա զիջել եք և ունենք խաղաղության ու պետության հեռակար։ Ըստ Նիկոլի՝ ինչքան շատ զիջենք, էնքան շատ խաղաղություն կլինի, ինչքան Հայաստանի տարածքները տանք, էնքան անկախ ու ինքնիշխան կլինենք։ Էն որ ուզում ես հարցնել՝ Ալիև, դու՞ ես։

Կարճ ասած՝ 2022 թվականին իմ հեռուստադիտողը հարցնում է՝ լավ ի՞նչ է լինելու, ասում եմ՝ վատ բան․ քանի իրենք են, ես սարսափում էմ։ Դե, ասում է՝ չափազանցնում ես, չի կարող պատահել, էլ սրանից ավել էլ ի՞նչ պիտի լինի։ Էն ժամանակ, դեռ Արցախի մի մասը կար, ժողովորդն էլ իր տներում էր հիմնականում, բլոկադա էլ չէին տեսել 30 տարի։ Դրանից հետո տեղի են ունենում Ջերմուկի դեպքերը։ 2023-ին էլի հարցնում է՝ ի՞նչ է լինելու, պատասխանում եմ՝ վատ բան է լինելու, քանի սրանք են։ Ասում է՝ չի կարող պատահել, ինչ ուզել են՝ ստացել են, է՞լ ինչի պետք է վատ բան լինի։ Տեղի են ունենում Արցախի դեպքերը, բռնագաղթը։ Ինձ նորից տալիս են այդ հարցը՝ լավ, ի՞նչ է լինելու։ Ժողովուրդ ջան, ամեն օր նկարագրում եմ իրավիճակը, անընդհատ խորանում է, անընդհատ վատանում է, ու իշխանության ղեկին էլի նույն մարդիկ են, ո՞նց պետք է լինի, ի՞նչ պետք է լինի, դե դուք ասեք»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան