Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իրավունք չունենք մեր վարքագծով կրկնելու Նիկոլի թափթփուկներին»․ Վահե Սարգսյան

«Իրավունք չունենք մեր վարքագծով կրկնելու Նիկոլի թափթփուկներին»․ Վահե Սարգսյան
201
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 10:24

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միքայել Սրբազանը բազմիցս քննադատել է ՀՅ Դաշնակցությանը։ Ու բավականին խիստ։ Նվաստիս կարծիքով՝ նաև չափազանցված (հայտնի հարցազրույցում ևս կա խոսք ՀՅԴ-ի մասին)։
Իբրև դաշնակցական՝ մտքիս ծայրով անգամ չի անցել սուր քննադատել Սրբազանին, անգամ չեմ հակադարձել նրան, ուր մնաց՝ վիրավորել, անվանել տերտեր կամ Քոչարյանի գրասենյակի աշխատող։ Ես չեմ տեսել նաև որևէ դաշնակցականի՝ շարքային իմ ընկերներից մինչ կուսակցության ղեկավար մարմնի մաս կազմող, որը վիրավորի Սրբազան հորը լոկ այն պատճառով, որ նա, ուշադրություն, համարձակվել է քննադատել իր քաղաքական ուժին կամ քննարկել նրա անցած քաղաքական ուղին։ Եթե անգամ եղել է վիրավորանք մի դաշնակցականի կողմից, և ես դա չեմ նկատել, ես պատրաստ եմ նրա փոխարեն ներողություն խնդրել Սրբազանից։
Հանրապետական կուսակցության անդամ և համակիր ընկերներ, գործընկերներ, բա՛վ է այլևս, հերիք է, կրկնում եմ, իսկապես հերիք է, մենք միասին 2020-ից էս կողմ բոլոր շարժումների ժամանակ ճանապարհ ենք անցել, դժվարին օրեր տեսել, ու, հավատալով, որ մենք իսկապես անկեղծորեն ենք պայքարել, անկեղծորեն հավատալով, որ պայքարել ենք հենց Նիկոլի երկրակործան ռեժիմի դեմ, հուսով եմ՝ դեռ անցնելու ճանապարհ ունենք։ Քանզի Նիկոլը կա, իսկ նիկոլիզմի քայքայիչ ախտը խժռում է մեր երկիրը, հայ ժողովրդի գիտակցությունը։
Հիշե՛ք՝ 10 տարի երկիր եք կառավարել, ավելին, քաղաքական ուժին բնորոշ օրինաչափությամբ՝ հայտ եք ներկայացրել վերստին ղեկավարելու այն: Դուք ուղղակի պարտավոր եք վեր կանգնել նեղ կուսակցականությունից, խմբային շահերից: Դուք ձեզ քննադատող բարձրաստիճան հոգևորականին ևս պիտի ընդունեք բարձրից, քանզի այս ամենի այլընտրանքը սև-սպիտակն է, թայֆաբազությունն է, արժեքներ տրորող նիկոլիզմն է:
Մեր պայքարը նաև բարոյականության, արժեքների համար է եղել, և իրավունք չունենք մեր բառամթերքով, մեր որակումներով ու ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականի հանդեպ մեր վարքագծով ուղիղ կրկնելու Նիկոլի թափթփուկներին։
Ես ամաչում եմ այս ամենի համար։ Ամաչում եմ, քանզի ձեզ համարում եմ իմ, մե՛ր պայքարի, հայ ժողովրդի պայքարող հատվածի մի մասը։ Եվ անկեղծ եմ ասում, քանզի անկեղծ եմ եղել այդ պայքարում։ Քանզի Դաշնակցությունը անկեղծորեն միավորել է այդ պայքարն ու դրա բոլոր մասնակիցներին։
Բայց այս վակխանալիան այլևս անտանելի է, այն միմիայն ջուր է լցնում Նիկոլի ու նիկոլիզմի ջրաղացին, մարդկանց մոտ լեգիտիմացնում «Նիկոլ, հականիկոլ՝ դուք բոլորդ նույնն եք և իրար արժեք» չարաբաստիկ կարծիքը, ընդդիմությանը չհավատալու, ընդդմության անհաջողության պատճառներից մեկը։
Ես այն տեսակին չեմ պատկանում, որ լռեի ու բամբասչի հարևանի հոգեբանությամբ կողքից հրճվեի, քանզի մենք մի ճանապարհ ենք անցնում, և այս ամենը նաև ինձ է ազդում, իմ գործին, մե՛ր գործին է ազդում։
Ես արդեն ամաչում եմ նայել մարդկանց աչքերին, սկսում մտածել՝ մենք իսկապե՞ս արժեքների կռիվ ենք տալիս։
Եվ վերջում. ես ներողություն եմ խնդրում Սրբազան հորից՝ այս ամենի համար։ Առայժմ այսքանը՝ այս անընդունելի վիճակը մերժելու ճամփին»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան